Կախազարդ, ոտնակ, պոզասայլակ

Բառ 1` "կախազարդ", եթե ուշադիր զննենք հայ տղամարդկանց, կզգանք, որ մենք брилок սիրող ժողովուրդ ենք: Брилок-ներ կախում ենք և տան բանալիներից, և աշխատասենյակի բանալիներից, և հատկապես` մեքենայի բանալիներից: Брилок-ից նույնիսկ կարելի է եզրահանգումներ անել նրա տիրոջ բնավորության, ճաշակի մասին կամ կռահել, թե նրա բարեկամներից մեկը ո՞ր երկրից է հենց նոր եկել: Աշխարհում ամենաշատ վաճառվողը  համարվում է Փարիզի Էյֆելյան աշտարակի брилок տարբերակը: Իրականում, եթե Էյֆելյան աշտարակն այդքան փոքր լիներ Վիկտոր Հյուգոն չէր դժգոհի` ասելով, որ այն այլանդակում է Փարիզի տեսքը: Լավ, մեր "դարդը" Փարիզի տեսքը չէ, այլ այն, որ հարցվողների 90%-ը չգիտեր, որ брилок-ը հայերենով կախազարդն է: Խնդրում ենք հիմա կարդացեք մեկ անգամ ևս վերը գրված տողերը և "брилок" բառը փոխարինեք կախազարդով: Կարդացի՞ք, շորհակալություն, հիմա անցնենք երկրորդ բառին:

Բառ 2` "ոտնակ", որքան էլ, որ բառն իրենով կարծես բացատրում է, թե ինչ "առաքելություն" ունի նա այս կյանքում, այնուամենայնիվ շատ քչերը կռահեցին, որ ոտնակը, հատկապես BMW ավտոմեքենաների վարորդների սիրած մասն է` այսինքն педаль-ը: Մտածում ենք, եթե սկսենք педаль-ի փոխարեն ոտնակ օգտագործել միգուցե մեր վարորդները ավելի քիչ "ոտնեն" ոտնակները և պակասեն վթարները:

Բառ 3` "պոզասայլակ", "Ի՞նչ է պոզասայլակը հարցին" առաջին իսկ պատասխանողը մեզ դրեց անհարամար իրավիճակի մեջ` պատասխանելով, որ դա երևի աշխարհի ամենահին մասնագիտություն ունեցող աղջիկների փոխադրամիջոց է… Կային նաև ճիշտ պատասխաններ: Ճիշտ է, ցավոք մեր քաղաքից տիրանոզավրների, ինտելիգենցիայի հետ միասին վերանում են նաև պոզասայլակները, բայց քանի դեռ նրանք կան, հիշենք, որ պոզասայլակը тролейбус-ն է:

Փորձենք կազմել նախադասություն:

Պոզասայլակավարը ոտնակի մոտից կախազարդը վերցնելով ստեղծեց վթարային իրավիճակ, փառք Աստծո, հոսանքը անջատեցին և պոզասայլակն ինքն իրեն կանգնեց:

Խոսենք հայերեն:

 

ԲԱՐՈՄՏԵՐ

19:54 Ապրիլ 18, 2015

Ամենաընթերցված նյութեր