ՔԻմ Քարդաշյանը Հայաստանում է. ուռա~ ընկերներ, ուռաաա...

Եվ այսպես` Քիմ Քարդաշյանն այլևս Հայաստանում է: Երեկ և այսօր, կարելի է չկասկածել` նաև առաջիկան օրերին նա լինելու ոչ միայն մեր համերկրացիների, այլ նաև` ամբողջ աշխարհում նրա` բազմամիլիոն երկրպագուների ուշադրության կենտրոնում: Հատկանշական է, որ Քիմ Քարդաշյանի մայր հայրենիք այցելությունը լայնորեն լուսաբանվում է նաև թուրքական մամուլում: Ի՞նչն է այսքան հետաքրքրել կամ, գուցե թե` մտահոգել թուրքական նյուզմեյքերներին, դժվար է ասել, բայց նրանց հրապարակումներում որոշակի "ենթատեքստային" ջղաձգվածություն, այդուհանդերձ նկատվում է: Հարցն այն է, որ Քիմի այցելությամբ աշխարհում` տասնյակ միլիոնավոր մարդկանց ուշադրություն սևեռվելու է մեր երկրի վրա, իսկ Հայոց ցեղասպանության մասին աշխարհահռչակ հեռուստաաստղի` նույնիսկ ակնարկը, Էլ չենք խոսում վավերագրական ֆիլմ նկարելու նախաձեռնության մասին, մեր հարևաններին կստիպի նորից ավելացնել մարդկության դեմ ուղղված այդ ոճիրը ժխտելու` բազմամիլիոն դոլարների հասնող բյուջեները:

Սովորաբար, ԲԱՐՈՄԵՏՐՆ աշխատում է ձեռնպահ մնալ հեռախոսային հարցումների տվյալներ հրապարակելու` գիտական չափանիշների պահպանման առումով, որոշակի խնդիրներ ունեցող մեթոդից, բայց Քիմ Քարդաշյանի այցի հետ կապված հանրային լայն հետաքրքրվածությունը հաշվի առնելով, երեկ մեր համաքաղաքացիներին ուղղեց հետևյալ հարցերը.

  • Արդյոք, ճանաչում եք Քիմ Քարդաշյանին,
  • Տեղյա՞կ եք, որ նա իր ընտանիքի հետ արդեն Հայաստանում է

ԲԱՐՈՄԵՏՐԸ սահմանափակվեց այս հարցերով, քանի որ նրա նկատմամբ կոնկրետ վերաբերմունք արտահայտող հարցերը այլևս նպատակահարմար չէր հեռախոսային հարցումով պարզելը:

Ինչպես և սպասվում էր Քիմ Քարդաշյանին գիտեն մեր համաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը` հարցվողների 87%-ը (տես.գրաֆիկ 1): Հարցվողների ընդամենը 8%-ը չէր ճանաչում նրան: Ըստ երևույթին, նման պատասխան տվողները` ճանաչելը հասկացել են մոտավորապես "սեղան նստելու և մի կտոր հաց կիսելու" մակարդակի վրա և եթե նման շփում չի եղել, հետևաբար նաև ճանաչելու մասին խոսակցությունները, անտեղի են: Սա հատուկ նշում ենք նրա համար, քանի որ շատ դժվար է, եթե չասենք` անհնարին, այսօր մեր երկրում գտնել մարդու, ով գոնե չի լսել նրա մասին: Հարցվողների 5%-ը հրաժարվեց պատասխանից: Կարելի է ենթադրել, որ այդ փոքր խմբի ներկայացուցիչների մեծ մասն, ըստ ամենայնի, մեծ վերապահումներ ունի Քարդաշյանի պրոֆեսիոնալ գործունեության նկատմամբ: Ինչ խոսք, այդպես մտածողները քիչ չեն նաև նրան ճանաչողների խմբում:

Հատկանշական է, որ Քիմ Քարդաշյանին ճանաչող հարցվողների միայն 64%-ը (տես. գրաֆիկ 2) գիտեին, որ նա իր ընտանիքի անդամների հետ Հայաստանում է, իսկ 36%-ը չգիտեր այդ մասին:

Այս հարցման վրա խորն ընդհանրացումներ անելը, պատեհ չէ: Մի բան է ակնհայտ, որ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը լավ հետևում է լրահոսին, որում տարբեր խողովակներով և բավականին ինտենսիվ պարբերականությամբ` հայտնվում են Քիմ Քարդաշյանի նկարները, և նրա մասին աուդիովիզուալ նյութեր և հրապարակումներ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

14:35 Ապրիլ 09, 2015

Ամենաընթերցված նյութեր