Անուշապուր, պիստակ, խճողակ

Բառ 1` "անուշապուր", գեղեցիկ բառ է և առաջին հայացքից հուշում է, թե ինչ է իրենից ներկայացնում, սակայն միայն առաջին հայացքից: Հարցվողներից ոչ ոք չկռահեց (որովհետև ճիշտ պատասխանը չգիտեին` փորձում էին կռահել), որ անուշապուրը դեռևս խորհրդային մանկապարտեզների ժամանակաշրջանից մեզ քաջ հայտնի кисель-ն է: Հարցվողներին թվում էր թե անուշապուրը շատ համեղ ստացված ապուրն է կամ այն ապուրը, որը պատրաստվել է գետնանուշից, կամ այն ապուրը, որը պատրաստել է Անուշ անունով աղջիկ: Չնայած մեր ժամանակակաից կյանքում տարբեր տիպի յոգուրտները և մրգային թեյերը դուրս մղեցին մեր կենցաղից մեր հին ու բարի кисель-ին, այնուամենայնիվ հիշենք, որ кисель-ի հայերեն տարբերակն անուշապուրն է:

Բառ 2` "պիստակ", Երևանյան բացօթյա սրճարաններից մեկում նստած էի, արդեն պատասխանել էի մատուցողների ավանդական դարձած "Սուրճը նորմալ եք խմում, թե…" հարցին (միշտ փորձել եմ պատկերացնել աննորմալ սուրճ), մեկ էլ հարևան սեղանի շուրջ նստած երկու գեղեցկադեմ, բայց adidas մարզական հագուստով օրիորդների ու մատուցողի խոսակցությունը ինձ մոտ ցնցակաթված առաջացրեց.

- Մեզ խնդրում եմ բերեք երկու հատ 50 մարտինի

- Bianco՞

- Չէ, բանկով չէ` բաժակով, մեկ էլ մի քիչ "ֆստխ"":

Հասկացա, որ Հայաստանի Եվրախորհուրդ մտնելուն դեռևս տևական ժամանակ է պետք…"Ախր, այ օրիորդներ ջան, մեռնեմ ես ձեր մանուշակագույն adidas կոստյումներին, ով ա մարտինիի հետ պիստակ պատվիրում", բղավեցի ես մտքումս: Պիստա՞կ, ախորժակիդ քացախ…Նրանք որտեղից պետք է իմանային, որ պիստակը фисташка-ն է, фисташка էլ չէ` "ֆստխ", էն էլ մարտինիի հետ: Դա նույնն է, ինչպես տարազով Քիմ Քարդաշյանը կամ հարկեր մուծող օլիգարխը: Սակայն հաճելի էին հարցման արդյունքները, հարցվողների կեսից ավելին գիտեին, թե ինչ է պիստակը, բայց անկեղծորեն ասացին, որ այդ բառը չեն օգտագործում իրենց կենցաղային խոսակցությունների ժամանակ:

Բառ 3` "խճողակ", ինչ պատասխաններ ասես, որ տվեցին մեր հարցվողները, էլ օղակաձև խճուղի, էլ խճճված օղակ, բայց ոչ մեկի մտքով չանցավ, ոչ խճողակը ռուսերեն фарш-նէ`աղացած մսից պատրաստված հում երևույթ, որը հաճախ կարելի է հանդիպել խանութներում սառնարաններում, իսկ պատրաստելուց հետո` նաև մեր ստամոքսում:

Փորձենք կազմել նախադասություն.

Նապոլեոնը սիրում էր Գեղանուշին, բայց Գեղանուշը Նապոլեոն չէր սիրում, Գեղանուշը սիրում էր հում խճողակ, անուշապուր և պիստակ:

Խոսենք հայերեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:00 Մարտ 25, 2015

Ամենաընթերցված նյութեր