Ցցակամուրջ, պնդօղակ, գնդերիթ

Բառ 1` "ցցակամուրջ", մինչ վերջերս արտասահմանյան ֆիլմերում կամ հենց տուրիստական այցելությունների ժամանակ տեսնում էինք մի քանի կամուրջներ` միմյանց վրա և հաճելիորեն զարմանում: Փառք Աստծո, վերջերս Երևանում էլ արդեն կարելի է հանդիպել այդպիսի երևույթի, ոչ մեծ մասշտաբի, բայց էստակադա կառուցվեց նաև Կասյան-Բաղրամյան խաչմերուկի վրա: Հաճելի է և’ վարորդների համար, և’ դիտողների համար, բայց էստակադան հայերեն արտաբերողների համար, միգուցե, դա այդքան էլ հաճելի չէ; Եվ այսպես, "Ի՞նչ է ցցակամուրջը" հարցին կրկին ճիշտ պատասխաններ չտրվեցին: Կար զավեշտալի պատասխան, հարցվողը գտնում էր, որ ցցակամուրջը հատուկ սադոմազոխիստների համար պատրաստված կամուրջ է, որտեղ նրանք ցցերի վրա հաճելիորեն տանջվում են: Ընդհանրապես, կամուրջները մեկ այլ լուրջ սոցիոլոգիական հետազոտության թեմա են: Ինչու՞ է ստացվել այնպես, որ եթե արտերկրում տեսնում ես կամրջի վրայով քայլող երիտասարդի կամ տարեց մարդու հաճույք ես ստանում, իսկ Երևանում նույնատիպ տեսարան հանդիպելիս մարդիկ դանդաղեցնում են մեքենայի ընթացքը, նույնիսկ ասում."Արա, արա, հլը նայի, կարողա՞ ուզում ա իրան քցի": Բայց թողնենք կամուրջները, վերադառնանք ցցակամուրջներին և աշխատենք հիշել, որ էստակադայի հայերեն տարբերակը ցցակամուրջն է:

Բառ 2 և բառ 3` "պնդօղակ", "գնդերիթ". տեսնես գրանցվե՞լ է Հայաստանում երբևիցե մի դեպք, որ հայրը երեխային պատվիրի."Տղա ջան, գնա նկուղից մուրճ բեր, սղոց, մեկ էլ մի քանի հատ գնդերիթ ու պնդօղակ: Տղան անպայման կհասկանա խնդրանքի առաջին կեսը, բայց "պնդօղակ և գնդերիթ" բառերից հետո յուրաքանչյուր դաստիարակված և սրտացավ ժառանգի մոտ ցանկություն կառաջանա անպայման հարցնել ծնողի ինքնազգացողության մասին: Ուղղակի զարմանալի է` ինչպե՞ս է ստացվել, որ մուրճը և սղոցը մենք օգտագործում ենք հայերեն (չնայած մուրճը երբեմն դառնում է "չաքուջ"), բայց այ болт-ն ու гайка-ն մեխվելեն մեր բառապաշարում ռուսերեն տարբերակով և ոչ մի դեպքում չեն դարձել գնդերիթ և պնդօղակ:Մենք այնքան վախեցանք գնդերիթ բառից, որ ուսումնասիրեցինք և հասկացանք, որ болт-ն ունի ևս մեկ ավելի հաճելի հնչող հոմանիշ` հեղյուս, որն ավելի ծանոթ բառ էր մեր հարցվողների մոտ: Սակայն, ինչ վերաբերում է պնդօղակին և հատկապես` գնդերիթին, պատասխանները միանշանակ լավատեսության հիմքեր չէին տալիս:

Փորձենք կազմել նախադասություն.

Բարկացած վարորդը ցցակամուրջի վրայից ցած թափեց պնդօղակներն ու գնդերիթները և որոշեց դառնալ գեներալ:

Խոսենք հայերեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

19:46 Մարտ 23, 2015

Ամենաընթերցված նյութեր