Խրոցակ, ճիլոպ, ախթարք

Կան բառեր, որոնք գրեթե ամեն օր օգտագործում ենք, որովհետև դրանք այնպիսի իրերի անվանումներ են, առանց որոնց մեր կենցաղը պատկերացնել ուղղակի անհնար է: Զարմանալին այն է, որ այդ բառերի հայերեն տարբերակը ոչ միայն չենք օգտագործում, այլ նաև երբևե չենք էլ լսել: ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական թիմը յուրաքանչյուր հարցումից հետո համոզվում է դրանում: Այս անգամ դիտավորյալ որոշեցինք անդրադառնալ այնպիսի բառերի, որոնք իսկապես մեր կենցաղային կյանքի բաղկացուցիչ մասն են կազմում: Եվ այսպես.

Բառ 1` "խրոցակ", հարցվողների 70%-ը հաճելիորեն զարմացավ` իմանալով, որ խրոցակը մեզ բոլորիս քաջածանոթ "штепсель"-նէ, որը գրեթե բոլորն օգտագործում են նույնիսկռուսերեն տարբերակը սխալ արտասանելով` "штепцел": Խրոցակը գեղեցիկ բառ է, բայց քանի որ իր կառուցվածքով շատ քիչ է հուշում, թե ինչ է նշանակում, պատասխանողները նույնիսկ տրամաբանությամբ չկարողացան մոտենալ ճշմարտությանը: Զավեշտալի պատասխաններից կառանձնանցնենք միայն 1-ը` հարցվողի կարծիքով խրոցակը դա գինեկոլոգիական գործիք է:

Բառ 2` "ճիլոպ", "Լողանալուց անպայման ճիլոպ օգտագործիր", մայրերի մշտական խնդրանքն իրենց երեխաներին այս տարբերակով անհասկանալի կլիներ շատերին, քանզի ոչ երեխաները, և ոչ էլ, ինչպես մեր հարցման արդյունքները ցույց տվեցին, ծնողներից շատերը չէին պատկերացնում, որ ճիլոպը "мочалка"-ն է:Ընդ որում "мочалка"-ն այնպես հիմնավոր է "տեղավորվել մեր բառապաշարում, որ շատ բարդ կլինի այն նորից դարձնել ճիլոպ: Հարցվողներից ոչ բոլորն էին անտեղյակ, սակայն անկեղծ խոստովանեցին, որ կրկին իրենց կենցաղային խոսակցությունների ժամանակ չեն օգտագործում ճիլոպ բառը: Փաստորեն արդեն ձևավորվում է ևս մեկ խնդիր, երբ կան բառեր, որոնց մասին տեղյակ են մեր հայրենակիցները, սակայն դրանք չեն օգտագործում առօրյայում:

Բառ 3` "ախթարք", 15-20 տարի առաջ X հեռուստաընկերությամբ, երբ հաղորդավարն առաջին անգամ ասաց."Դիտեք ձեր ախթարքը, որ իմանաք, թե ինչ է սպասվում ձեզ այսօր", հեռուստադիտողների շրջանում հակասական կարծիքներ ձևավորվեցին: Բայց երբ պարզվեց, որ ախթարքը հորոսկոպն է, որն ավելի հաճելի տարբերակ ունի` բախտացույց, ամեն ինչ ընկավ իր տեղը: Հակասական կարծիքներ ձևավորվեցին նաև մեր հարցվողների մոտ, ճիշտ պատասխան չկար, սակայն կային բազամթիվ "ոչ հիգիենիկ" պատասխաններ: 

Փորձենք կազմել նախադասություն.

Օրվա ախթարքը չհամընկավ իրականության հետ, քանզի թաց ճիլոպը ձեռքից ընկնելով խրոցակի վրա առաջացրեց կարճ միացում: 

Խոսենք հայերեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:03 Մարտ 16, 2015

Ամենաընթերցված նյութեր