Ձայնածավալ, աղեթափ, շրիշակ

Հարգելի հայրենակիցներ, սիրելի հայեր, շարունակում ենք ծանոթանալ հայերեն լեզվին, մենք ուրախ կլինենք, որ այս էջի շնորհիվ մենք ոչ միայն ծանոթանանք նոր հայերեն բառերի, այլ նաև օգտագործենք այդ բառերը մեր առօրյայում: Եվ այսպես.

Բառ 1` "ձայնածավալ", "Ի՞նչ է  ձայնածավալը" հարցին մեր հայրենակիցներն ավելի շատ փորձում էին կռահել բառի իմաստը, քան գիտեին: Կային հարցվողներ, ովքեր տրամաբանական վերլուծության հաշվին մոտեցան ճիշտ իրականությանը, կար նաև զավեշտալի պատասխան, հարցվողը կարծում էր, թե ձայնածավալն ընտրությունների ժամանակ թեկնածուի հավաքած ձայների քանակն է: Իրականում, եթե ձայնը և ծավալը յուրաքանչյուրը կապ ունեն քաղաքականության հետ, ապա միասին՝ դա օտարահունչ "դիապազոն" բառի հայերեն տարբերակն է: Եվ այսպես` ձայնածավալը դիապազոնն է:

Բառ 2` "աղեթափ", իսկ այ թե ինչ է նշանակում աղեթափ, հարցվողներից գիտեին միայն նրանք, ովքեր իրենք, կամ իրենց հարազատներից ինչ-որ մեկը տառապել են այդ հիվանդությամբ: Իսկ մյուս հարցվողները կրկին փորձում էին կռահել բառի նշանակությունը: Հարցվողներից մեկը կարծում էր, թե աղեթափը գյուղի անուն է: Մեկ ուրիշն էլ այնքան երկար և ջանասիրաբար էր մտածում պատասխանի մասին, որ քիչ մնաց ուղեղի աղեթափ ստանար: Իրականում շատ տրամաբանել պետք չէ, ուղղակի հշեք, որ աղեթափը "գրիժան" է:

Բառ 3` շրիշակ, ովքեր չգիտեն, թե ինչ է նշանակում շրիշակ, փորձենք շատ տարածված և կենցաղային մի համեմատության միջոցով հուշել ձեզ. "Նրա մակարդակը շրիշակից էլ ցածր է", "Հաա, սա պլենդուզն ա" հիմա մտածեցին ընթերցողներից ոմանք, սա կրկնակի ցավալի է, քանզի մենք չգիտենք և չենք օգտագործում շրիշակ բառը և օգտագործելու դեպքում ռուսերեն "плинтус"-ին ասում ենք "պլենդուզ" կամ "պլինդուզ": Հարցվողները նույնպես չգիտեին, որ շրշակը  "պլինտուս"-ն է, հաճելիորեն զարմացան և խոստացան մեզ (նրանցից ոմանք երդվեցին), որ այսուհետև կօգտագործեն հայերեն տարբերակը:

Փորձենք կազմել նախադասություն.

Փոքր ձայնածավալ ունեցող երգիչը բարձր նոտաներ կատարելիս այնքան ջանք գործադրեց, որ աղեթափ ստանալով հենվեց շրիշակին:

Խոսենք հայերեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:00 Մարտ 13, 2015

Ամենաընթերցված նյութեր