Հազար, կարոս, ակռատ

Բառ 1՝ "հազար", նորագույն մաթեմատիկա. 900+100=մառոլ, մենք էլ էինք այդպիսի տարակուսանքի մեջ, երբ իմացանք, որ "մառոլի" հայերեն տարբերակը հազարն է: Սկզբում մտածեցինք՝ դա "մառոլի" գինն է, բայց, բարեբախտաբար, դա այդպես չէր: Հարցվողների պատասխաններն էլ հիմնականում թվաբանական էին. "Ի՞նչ է հազարը" հարցին հարցվողը պատասխանեց. "Հազար ռուսակա՞ն, թե դրամով": Մնացածների մոտ այսպիսի պատասխաններ էին. 10x100, 200x5, 40x25 և այլն: Այնուամենայնիվ, հազարը դա "մառոլն" է հարգելի հայրենակիցներ, բայց մեկ "մառոլի" կեսը 500-ը չէ:

 

Բառ 2՝ "կարոս", "Կարոսը ի՞նչ է նշանակում" հարցին մի կին պատասխանեց. "Ամուսինս է", մի տղամարդ ասաց. "Ախպերս է", և մեկ հարցվող էլ կարոսը խառնեց տարոսի հետ: Ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ դա "петрушка"-ն է: Այդքան տարածված և շատ պիտանի կանաչեղենի տարատեսակի հայերեն անվանումը կրկին հանարաճանաչ դարձնելու կարիք է զգացվում: Եվ այսպես, այսուհետև շուկայում կամ խանութում գնում ենք մեկ կապ կարոս և ոչ թե "պետրուշկա":

 

Բառ 3՝ "ակռատ", "Օղու հետ ի՞նչ ակռատ եք նախընտրում" նախադասությունն ասող մատուցողը հնարավոր է, որ ստանա շատ կոպիտ պատասխաններ, "Ակռատը ո՞րն ա, արա, ակռատդ քաշի գնա ստեղից" պատասխանը սպասելի է հատկապես մեր երևանյան ռեստորաններում: Իրականում ակռատը նախուտեստն է (ավելի գեղեցիկ և տանելի բառ), բայց ցավոք մենք օգտագործում ենք ռուսերեն "закуска" բառի սխալ տարբերակը՝ ԶԱԿՈՒՍԿԻ: Հարցվողները կոպիտ պատասխաններ մեզ չտվեցին, բայց չտվեցին նաև ճիշտ պատասխաններ:

Փորձենք կազմել նախադասություն.

Սեղանին դրված ակռատներից հյուրերը նախընտրեցին միայն կարոսով և հազարով պատրաստված աղցանները, որովհետև նրանք բուսակեր էին, չնայած, դա չխանգարեց նրանց վեճի ժամանակ "իրար միս ուտել":

Խոսենք հայերեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:01 Մարտ 03, 2015

Ամենաընթերցված նյութեր