Վզարկու, սնդուսափայլ, պոչազգեստ

Բառ 1՝ "վզարկու", "Ամեն մի նորը, դա լավ մոռացված հինն է" ասույթը ակտուալ է թե քաղաքականության մեջ, թե արվեստում, և թե հատկապես նորաձևության մեջ: Նայելով այսօրվա երիտասարդության հագուկապին, նկատում ենք, որ թե աղջիկների և հատկապես տղաների մոտ այն բավականին վզարկուացված է: "Ի՞նչ է նշանակում վզարկու", այս հարցին հիմնականում դժվարացան պատասխանել և այն մարդիկ, ովքեր նույնիսկ ամռանը օգտագործում են շարֆ, և այն մարդիկ ովքեր բացարձակապես տանել չեն կարողանում այդ փաթաթվող երևույթը: Ճիշտ պատասխաններ, իհարկե, կային, բայց մենք կներկայացնենք մեկ ծիծաղելի պատասխան. Հարցվողներից մեկի կարծիքով՝ վզարկուն դա հաստ վազով խուզարկուն էր: Զավեշտը թողնենք մի կողմում, մեր կարծիքով շատ գեղեցիկ և նուրբ բառ է: Այսօրվա նորաձև գեղեցիկ շարֆերն ավելի շատ վզարկու են, քան տատիկի հին, բրդոտ, բայց առողջարար ծակծկող շարֆը (դրանցից շատերը հիշեցնում էին մազոխիստների գոտիներ):

Բառ 2՝ "պոչազգեստ", "Մաեստրո, շատ գեղեցիկ պոչազգեստ եք հագել" նախադասությունը կարող է տարակուսանք առաջացնել նույնիսկ ամենագրագետ երաժիշտների մոտ: Որովհետև ամբողջ աշխարհի համար նրանց հագածը "ֆռակ" է, իսկ մեզ համար՝ պոչազգեստ: Բառն, իհարկե, բացատրում է շորի կառուցվածքը, բայց ոչ՝ էությունը: "Ֆռակ" բառն արդեն ենթագիտակցության մեջ առաջացնում է հանդիսավոր, էլէգանտ և տոնական զգացումներ, իսկ պոչազգեստը՝ մանկական հեքիաթների անորակ բեմադրության միջի աղվեսի կամ սկյուռիկի բազմաչարչար և տեղ-տեղ գունաթափված շոր: Հարցվողները նույնպես տարակուսանքի մեջ էին, ոչ մի ճիշտ պատասխան չկար, կար հետաքրքիր պատասխան, հարցվողի կարծիքով պոչազգեստը դա հարսի շորի ետևի մասն էր:

Բառ 3՝ "սնդուսափայլ", խեղճ Էլվիս Պրեսլի, Մադոննա և հատկապես՝ Լեդի Գագա, դուք չեք էլ պատկերացնում, որ մեզ՝ հայերիս համար դուք ոչ թե "գլամուր" եք, այլ սնդուսափայլ: Անխոս, հաճելի բառ է, բայց նրա հանրաճանաչությունն ապահովելու համար պետք է Հայաստանի "գլամուրները" եթերով կամ համացանցում ամեն մեկը գոնե մեկ անգամ ասի, որ "գլամուրը" դա սնդուսափայլն է: Բայց, քանի որ Հայաստանում իսկական "գլամուրներ" չկան (կամ համարյա չկան), սնդուսափայլ բառը, ցավոք, կմնա ստվերում (կամ համարյա կմնա ստվերում):

Փորձենք կազմել նախադասություն.

Վզարկուն կորցրած սնդուսափայլ քանոնահարուհու պոչազգեստով և խանդոտ ամուսինը խեղդում էր կնոջը՝ գոչելով. "Աղոթե՞լ ես այս գիշեր, Այծեմնիկ":

 

ԲԱՐՈՄԵՏՐ

19:48 Մարտ 02, 2015

Ամենաընթերցված նյութեր