Շաքարավենի, աղանդեր, չամչարակ

Նախորդ հարցման ընթացքում մենք անդրադարձանք որոշ ուտեստների (հարինգ, դնդեր, կերակրալցուկ) և այս անգամ մտածեցինք, որ ճաշելուց հետո պետք է անցնել աղանդերին

Բառ 1՝ "աղանդեր", զարմանալի է, որ միջազգային ճանաչում ունեցող "դեսերտ" բավականին դոմինանտ բառի առկայության դեպքում աղանդերը ուներ որոշակի ճանաչելիություն: Ի ուրախություն ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական թիմի, տեղեկացնենք, որ հարցվողների 60%-ը գիտեին, որ աղանդերը դա "դեսերտն" է, սակայն նրանցից համարյա ոչ ոք այն չի օգտագործում կենցաղային խոսակցությունների ժամանակ: Կարծում ենք պատճառը նրանում է, որ բառը շատ քիչ է հնչում հեռուստատեսությամբ: Եթե այսքան մեծ մասսայականություն վայելող միջին որակի հեռուստատեսային սերիալների յուրաքանչյուր սերիայի ընթացքում գոնե մեկ անգամ հնչեր այս բառը, ապա նախ՝ դերասանները կիմանային, թե ինչ է դա նշանակում, այնուհետև նաև բազմահազար հեռուստադիտողները: Հարցման ընթացքում, իհարկե, հնչեցին նաև զավեշտալի պատասխաններ, հարցվողները գտնում էին, որ աղանդերը կարող է լինել աղի բլիթի տարբերակ կամ հնչում էին այնպիսի տարօրինակ պատասխաններ, որոնք քաղցրի հետ ընդհանրապես չեն առնչվում: Շարունակենք վայելել աղանդերը:

Բառ 2՝ "չամչարակ", նախորդ նյութում ձեզ առաջարկեցինք կռահել, թե ինչ է իրենից ներկայացնում չամչարակը, շնորհակալություն արձագանքների համար, բայց հարցվողների մոտ ավելի հետաքրքիր և ոչ ճիշտ պատասխաններ կային: Կային հարցվողներ, որոնք գտնում էին, որ չամչարակը դա գետի կամ գյուղի անուն է, մեկ հոգի պատասխանեց, որ դա չամիչով և խեցգետնով պատրաստված հատուկ ուդմուրտական նախուտեստ է, նրա պատասխանից հետո մեզ մոտ հետաքրքրություն առաջացավ, թե ինչ էր նա օգտագործել այդ օրը:

Այնուամենայնիվ, չենք մեղադրում բոլոր սխալ պատասխանողներին, քանզի մենք էլ էինք նրանց կազմում: Ով կպատկերացներ, որ չամչարակը, դա մրգահյութն է, ինչու չէ նաև կոմպոտը: Այնպես որ, մեր աղանդերի սեղանին մենք մատուցեցինք չամչարակ, բայց քաղցրի սիրահարներին առաջարկում ենք նաև շաքարավենի:

Բառ 3՝ "շաքարավենի", հարցվողները շաքարի հետ կապված բոլոր հնարավոր և անհնարին պատասխանները տվեցին, նույնիսկ կար տարբերակ, երբ հարցվողը գտնում էր, որ շաքարավենին դա շաքարախտ առաջացնող ծառի տեսակ է, բայց ոչ, սիրելի երեխաներ և նախկին երեխաներ, շաքարավենին կարամելն է: Այնպես որ, խնդրում ենք, շատ ենք խնդրում, ավելի շատ օգտագործեք շաքարավենի բառը, քան կերեք այն, դրանով դուք կխթանեք այդ բառի հանրաճանաչելիությանը և կխնայեք ձեր ատամները:

Այս անգամ կփորձենք նախադասություն կազմել՝ օգտվելով նաև մեր նախորդ նյութի  բառերից.

Տոնական սեղանը կքվել էր տարբեր տեսակի կերակրալցուկների, ախորժելի դնդերի և հարինգի ծանրությունից, բայց երբ մատուցեցին աղանդերը՝ մեծ ափսեով շաքարավենի և մեկ լիտր չամչարակ, սեղանը շրջվեց և այդ բարիքները գետնի վրա խառնվելով միմյանց դարձան ավելի անհասկանալի, քան այս նախադասությունը:

Խոսենք հայերեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

19:54 Փետրվար 19, 2015

Ամենաընթերցված նյութեր