Դնդեր, հարինգ, կերակրալցուկ

Մտեք Հայաստանում գործող համարյա բոլոր ռեստորանները կամ սննդի սպասարկման որևէ վայր և պատվիրեք մի քանի կտոր դնդեր, գարեջուր և հարինգ, ինչպես նաև որևէ կոտլետ իր կերակրալցուկով, հնարավոր է, որ "մոտիկից ծանոթանաք" այդ ռեստորանի անվտանգության աշխատակցի հետ: Եվ, որպեսզի նման խնդրից խույս տանք, եկեք հասկանանք վերը նշված հայերեն բառերի իմաստը:

Բառ 1, "դնդեր"՝ "ֆիլե", զարմացա՞ք, մենք էլ` երբ առաջին անգամ իմացանք այդ մասին: Հայերը "ֆիլե" շատ են սիրում, նույնիսկ նրա "դնդեր" տարբերակով այն շատերի համար անփոխարինելի նախուտեստ է: Երկար ու ձիգ ժամեր պահանջվեց, որպեսզի հարցվողներին համոզենք, որ սա միանգամայն լուրջ հարցում է: "Ձեր կարծիքով, ի՞նչ է "դնդերը"" հարցին 2 հոգի պատասխանեցին. ""դնդերը" դու ես", 1 հոգի գտավ, որ "դնդերը" դա դիմացի ատամների լնդերն են, 1 հոգի էլ ասաց. "1000 դրամ տամ, բայց չպատասխանեմ այս հարցին": Գումարն, իհարկե, մենք չվերցրեցինք, բայց բոլորին համոզեցինք, բացատրեցինք, որ "դնդերը" դա "ֆիլեն" է:

Բառ 2, "հարինգ"՝ "սելյոդկա": Եթե Հայաստանում գտնվող որևէ անգլիացի զբոսաշրջիկի ճաշի ժամանակ ասեն. "Would you like to eat haring ?", - նա կմտածի, թե մենք մարդակերներ ենք և նրան առաջարկում ենք ուտել միսթր Հարինգին՝ հանրահայտ "Բժշկական էթիկա" ձեռնարկի հեղինակին: Բայց ո’չ, ո’չ, սիրելի զբոսաշրջիկներ, "հարինգը" դա աղ դրած, չորացրած ձուկն է, որն ավելի հասկանալի է դառնում բոլորիս, երբ ասում ենք "селедка"՝ ռուսերեն տարբերակով: Հարցվողներն ավելի դժվար իրավիճակի մեջ էին, նրանց ուղիղ կեսն ասաց. "Ես անգլերեն չգիտեմ", իսկ երկրորդ կեսն ասաց. "Ես անգլերեն գիտեմ, բայց չգիտեմ՝ ինչ է նշանակում "հարինգ"": Մինչև բոլորին բացատրում էինք, որ մենք նրանց հարցնում ենք անգլիացու ազգանուն հիշեցնող, բայց մեզ ավելի շատ ռուսերենով ծանոթ հայերեն բառի իմաստը, այնքան ժամանակ էր անցնում, որ այդ ընթացքում նորմանդական քառյակը ևս 2 անգամ կարող էր Մինսկում հանդիպում իրականացնել: Մի խոսքով, մարսենք…"հարինգ"՝ "селедка":

Բառ 3, "կերակրալցուկ"՝ "подливка", սովետական ճաշարաններից և ռեստորաններից բավականին "ժպտերես" և "մեղմահնչյուն" "подливка" բառը հայերենով հնչում  է մռայլ և ինչ-որ տեղ արհամարհական՝ "կերակրալցուկ": Չգիտեմ արժե՞ փորձել որևէ թանկագին հյուրի կոտլետն առաջարկել հարստացնել կերակրալցուկով, թե ոչ: Հարցման ընթացքում կային պատասխաններ, որ մոտ էին իրականությանը, բայց հիմնականում պատասխանները ճիշտ չէին: Կային մարդիկ, որ գտնում էին, որ "կերակրալցուկը" դա լցոնված ձուկն է կամ մեկ այլ կենդանի, կար սրամիտ պատասխան՝ հարցվողը գտնում էր, որ "կերակրալցուկը" դա լավ կուշտ մարդու կերակրափողն է:

Ինչևէ, հիմա մենք կկազմենք նախադասություն՝ ավելացնելով ևս մեկ բառ, որին կծանոթանանք հաջորդ անգամ, բայց եթե գիտեք նշանակությունը՝ կարող եք նշել մեկնաբանություններում:

Ռոմանտիկ ընթրիքին զույգերն ըմբոշխնեցին դնդեր, ռուսական հարինգ, կիևյան կոտլետներ՝ կերակրալցուկով, իսկ վերջում մատուցվեց սառը չամչարակ:

Եվ այսպես՝ ի՞նչ է չամչարակը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:40 Փետրվար 17, 2015

Ամենաընթերցված նյութեր