Կարոտաբաղձություն, հանգրեճ, անկարգել

Շարունակում ենք ճիշտ խոսել հայերեն, ներկայացնում ենք հաջորդ երեք բառերը:

Բառ1՝ կարոտաբաղձություն. "Յուպի", "Ինվայթ", "Զուկո", "Դերբի", "Եղվարդի Ադիդաս", "Ֆուջիկա", գիրք կարդալ, ձեռքով հեռուստացույցի ալիք փոխել, Երևանում մեքենան ցանկացած տեղ անվճար կանգնեցնել, երիտասարդ Լիլիթ Կարապետյան…Կան իրեր, գործողություններ և մարդիկ, որոնք մեզ մոտ կարոտաբաղձություն են առաջացնում. "Ի՞նչ են առաջացնում",- զարմացած կհարցնեն ընթերցողներից շատերը, "Կարոտաբաղձություն",-պատասխանում ենք մենք: Անցկացրած փոքրիկ "հարցման" արդյունքում պարզվեց, որ հարցվողների 99%-ը չէին պատկերացնում, որ կարոտաբաղձությունը կարող է լինել հանրահայտ "նոստալջի" երևույթը: Օտարամոլ չլինենք, բայց, այնուամենայնիվ, արդարության առջև չմեղանչելով, ասենք, որ Խուլիո Իգլեսիասի կատարմամբ "Նոստալջի" երգը "կարոտաբաղձություն" բառով երգելն ուղղակի անհնարին է: Փորձե՛ք…չստացվեց չէ՞… Այնպես որ, հին երգեր լսելիս, հին ֆիլմեր դիտելիս, եթե ինչ-որ հուզումնալից զգացում է առաջանում ձեր մեջ, իմացեք, որ դա կարոտաբաղձությունն է, այլ ոչ թե նոստալջին:

Բառ 2՝ հանգրեճ (ռակուրս). փոքրիկ "հարցում" անցկացրեցինք հեռուստատեսության աշխատակիցների, հատկապես՝ օպերատորների շրջանում և պարզ դարձավ, որ նրանց առօրյա խոսակցությունների ժամանակ բազմիցս հնչող "ռակուրս" բառի հայերեն տարբերակը բոլորովին անծանոթ էր: Օպերատորները չգիտեին, որ նկարահանման ընթացքում նրանք ռեժիսորի թելադրանքով կամ սեփական նախաձեռնությամբ փոխում են հանգրեճը և ոչ թե "ռակուրս" -ը: Պատասխաններն տարբերակներն ընդհանրապես մոտ չեղան, հանգրեճը շփոթեցին թե աճարով փլավի մեկ այլ տարբերակի, և թե հեռավոր շրջանների որևէ գյուղի անվանման հետ: Չգիտեմ այս բառի հայերեն իմացությունը որքանով դրական կանդրադառնա մեր սերիալների և հեռուստահաղորդումների վրա, բայց այնուամենայնիվ, հիշենք որ "ռակուրս"-ը դա հանգրեճն է:

Բառ 3՝ անկարգել. եթե դուք ցատկել եք ինքնաթիռից և Ձեր "պարաշյուտը" չի բացվել, ապա դուք ունեք 2-3 րոպե, որպեսզի սովորեք… թռչել: Բայց մինչև թռչել սովորելը պետք է իմանալ, որ "պարաշյուտը" հայերեն տարբերակով անկարգելն է՝ մեր այս էջում ներկայացված, թերևս, ամենգեղեցիկ բառը, որը շատ կցանկանայինք, որ ավելի հաճախ օգտագործվեր: Ցանկությունը՝ ցանկություն, բայց հարցվողները կրկին հեռու էին իրականությունից: Ոմանք կարծում էին, որ անկարգելը դա անկարգ գայլն է, ոմանք՝ որ մեքենաների կանգառն արգելող նշանն է, իրականում "անկարգել" բառը բացատրում է "պարաշյուտի" էությունը՝ անկումը արգելող: Եվ այսպես, "անկարգել"՝ "պարաշյուտ", "անկարգելորդ"՝ "պարաշյուտիստ":

Իսկ հիմա փորձենք կազմել նախադասություն.

Իր ծննդավայրի վրայով թռչող անկարգելորդի մոտ այնպիսի կարոտաբաղձություն առաջացավ, որ նա, կորցնելով անկման ճիշտ հանգրեճը, հայտնվեց գյուղի թույլ տանիք ունեցող արտաքնոցում:

Խոսենք հայերեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:29 Փետրվար 10, 2015

Ամենաընթերցված նյութեր