Մրցատյան, ոսկրափուտ, անվահեծ

Բառ 1՝ մրցատյան(ժյուրի), երբեմն հեռուստացույց դիտելիս ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստացվում, որ հայերից ով այդ պահին Facebook-ում չի, ուրեմն ժյուրի է, այո, մենք քիչ ենք, բայց շատ ժյուրի ունենք: Ժյուրիի անդամները Հայաստանում տարբեր ազգանուններ են ունենում՝ Պետրոսյան, Սարգսյան, Մարտիրոսյան, բայց հարցվողներից քչերը գիտեն, որ նրանց բոլորին կարելի է կոչել մեկ "ազգանունով" ՝ "Մրցատյան" (նույնիսկ Ռիվասին): Գեղեցիկ ազգանուն հիշեցնող բառ է, բայց դե… ժյուրին էլ վատ չի հնչում: Հարցվողներից և ոչ ոք ճիշտ չպատասխանեց, նույնիսկ սրամիտ պատասխան չեղավ:

Բառ 2՝ ոսկրափուտ (կարիես), հաճա՞խ եք մաքրում ատամները, իսկ Ձե՞րը…Կներեք, ուղղակի ոսկրափուտ բառի ազդեցության տակ հումորը, հետևապես նաև ժպտալն անհնար է, քանզի ու՞մ է պետք ժպիտը, եթե տառապում ես ոսկրափուտով՝ կարիեսով: Դաժան բառ է, կարելի է այդ բառով վախեցնել երեխաներին. "Ճաշիկդ կեր, թե չէ ոսկրափուտը կգա… Ատամներդ լվա, թե չէ ոսկրափուտը կգա…" Ոսկրափուտով երեխաներին վախեցնելն ավելի ճիշտ է, քան միլիցիայով. "Խելոք քնի, թե չէ միլիցիա ձյաձյան կգա…" Ինչու՞ են ծնողները մանկուց երեխաներին տրամադրում ՆԳ աշխատակիցների դեմ: Հարցվողները ոչ թե դժվարացան պատասխանել, այլ ուղղակի տարակուսանքի մեջ էին, ամենատարածված սխալ պատասխանը գանգրենան էր:

Բառ 3՝ անվահեծ, "Հոպար, էս ինչ մորթ բանդաժներ ես առել, վե՜ե՜ե՜րջն ա…" այսպիսի հիացական բացականչություններ, հատկապես Երևանի "բանդաժամոլ" և "նիվայասեր" երիտասարդության մեջ, հաճախ է հանդիպում: Եթե թատրոնը սկսում է կախիչից, ապա նրանց համար մեքենան սկսում է բանդաժներից, ցավալին այն է, որ հարցվողների 80%-ը չգիտեին, որ բանդաժը դա անվահեծն է: Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ հոպարի և նրա բանդաժների հետ կապված նախադասությունն ավելի հաճելի կլիներ հնչեցնել այս տարբերակով.

"Հորեղբայր", այս ինչ "գեղատեսիլ" անվահեծեր եք ձեռք բերել, ուղղակի ապոկալիպսիս է":

Այսօր անցանք 3 բառ՝ ոսկրափուտ, անվահեծ և մրցատյան:

Եվ այսպես, առաջարկում ենք այս անգամ Դուք կազմեք նախադասություն և ուղարկեք մեր ֆեյսբուքյան էջին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

19:31 Փետրվար 06, 2015

Ամենաընթերցված նյութեր