Հանկարծաստեղծում, վարսափաթթուկ և ցայտագունություն

Ինչպես արդեն ներկայացրել ենք մեր նախորդ ակնարկում, մենք շարունակում ենք "տանջել" մեր հայրենակիցներին՝ նրանցից հարցնելով…որոշ հայերեն բառերի իմաստը: Այս անգամ էլ "տանջաբառերը" կրկին 3-ն են՝ հանկարծաստեղծում, վարսափաթթուկ և ցայտագունություն:

 

Բառ 1 - ՀԱՆԿԱՐԾԱՍՏԵՂԾՈՒՄ

Հանկարծաստեղծում, գեղեցիկ է հնչում, նույնիսկ մոտավորապես գլխի ես ընկնում՝ ինչ կարող է նշանակել, բայց մինչև չճշտեինք այս բառի իմաստը, անկեղծ ասած չէինք հասկանա: Դա վերաբերում է նաև մեր հարցվողներին՝ նրանց հիմնական մասը դժվարացավ պատասխանել, թե ինչ կարող է նշանակել նշված բառը: Պատասխաններ կային, որոնք մոտենում էին ճիշտ տարբերակին, 1 հոգի ասաց, որ հանկարծաստեծումը, դա Ազգային ժողովում ընդունված օրենքներն են, մեկ ուրիշի կարծիքով հանկարծաստեղծումը, դա չպլանավորված հղիությունն է, չնայած, նկատենք, որ թե քաղաքականության, և թե սեքսի մեջ առանց հանկարծաստեղծման՝ այսինքն իմպրովիզացիայի, հնարավոր չէ:

 

Բառ 2 - ՎԱՐՍԱՓԱԹԹՈՒԿ

Վերցրեք տաք կարտոֆիլը, դրեք Ձեր լեզվի վրա և ասացեք՝ վարսահարդար, կստացվի վարսափաթթուկ: Բառը կարտաբերենք, բայց իմաստը կրկին այնքան էլ "հասանելի" չէր հարցվողների համար: Անկեղծ լինելով ասենք, որ հարցվողներից 2 հոգի գիտեին ճիշտ պատասխանը, սակայն մնացածի մոտ պատասխանների դիապազոնը տատանվում էր տերևով տոլմայից մինչև ջունգլիների էկզոտիկ բույսերի անվանումներ: Իրականում այդքան էլ ցավալի չէ այդ բառի չիմացությունը, քանզի վարսափաթթուկներն իրենց "դարը ապրել են", ցավալին այն է, որ հայ կանայք չեն իմացել, որ այդքան երկար ու ձիգ տարիներ "բիգուձիի"  փոխարեն վարսափաթթուկ են օգտագործել:

 

Բառ 3 - ՑԱՅՏԱԳՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Եթե ուղիղ եթերում աշխատող հեռուստահաղորդավարները "կոնտրաստ" բառի փոխարեն անընդհատ օգտագործեին "ցայտագունություն" հայերեն տարբերակը, դա նրանց համար շատ լուրջ փորձություն կլիներ: Նախ՝ բառը ճիշտ արտաբերելն է բարդ, և երկրորդ՝ նրա իմաստը կրկին հասկանալի չէր մեր հարցվողների համար: Ոմանց կարծիքով ցայտագունությունը, դա յուրատեսակ հիվանդություն է, երբ մարդ ցայտաղբյուրի գույն է ընդունում, կար հարցվող, որը ցայտագունությունը խառնեց մեր նախորդ դասում անցած փուչիկաբորբի (ցիստիտ) իրական իմաստի հետ, բայց ճիշտ պատասխան ոչ մի հարցվող չտվեց: Եվ այսպես՝ ցայտագունությունը, դա կոնտրաստն է:

 

Եվ, ինչպես դպրոցում, այս անգամ ևս փորձենք կազմել նախադասություն.

Գեղահմա պարմանուհին վարսափաթթուկ չօգտագործելով, ցայտագունության համար սանրով դիմեց հանկարծաստեղծման և փոխեց մազերի տեսքը:

Խոսենք հայերեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:52 Փետրվար 04, 2015

Ամենաընթերցված նյութեր