Ալոէ. օգտակար հատկություններ, հանուն որոնց արժե տանը ալոէ աճեցնել

Ալոէն կամ հալվեն ունի մոտ 500 տարատեսակ: Այն մշակել են դեռևս հնագույն ժամանակներից՝ բժշկության մեջ օգտագործելու նպատակով, քանի որ համարվում էր հզոր դեղաբույս:

Բույսը խնամելը շատ հեշտ է. ամռանը պետք է ջրել մինչ հողի չորանալը, իսկ ձմռանը՝ 25-30 օրը մեկ: Գարնանը ալոէն պետք է տեղափոխել թարմ հողի մեջ: Ալոէն շատ դժվար է չորանում. այն կարող է դիմանալ երկարաժամկետ երաշտին, սակայն շատ խոնավությունից կարող է վնասվել:

Ալոէն մտնում է շատ դեղամիջոցների բաղադրության մեջ և ակտիվորեն օգտագործվում ժողովրդական բժշկությունում: Տեսնենք, թե ինչով է օգտակար այս բույսը:

Բարձրացնում է դիմադրողականությունը
Ալոէի հյութը դիմադրողականությունն ամրացնող ամենալավ միջոցներից մեկն է: Բույսի մեջ պարունակվող ակտիվ նյութը, որը պաշտպանում է հիվանդություններից, կոչվում է ացեմանան: Դա հատուկ շաքարանյութ է, որը, բացի դիմադրողականությունն ամրացնելուց, օգնում է պայքարել սթրեսի դեմ:

Օգտակար ըմպելիք պատրաստելու համար՝ 1 բաժակ ջրի մեջ լուծեք 1թ.գ. մեղր և ալոէի մեկ տերևի հյութ:

Ամրացնում է մազերը
Ալոէն սնուցում է մազերը և լավացնում դրանց աճն ու կառուցվածքը: Այդ նպատակով օգտագործում են դիմակներ: Ներկայացնում ենք ամենաարդյունավետներից մեկը:

Վերցնել 1թ.գ. ալոէի հյութ, 1թ.գ. գերչակի (касторовое масло) կամ կռատուկի (репейное масло) յուղ, վիտամին А-ի և Е-ի յուղային խառնուրդ, 1 դեղնուց և 1ճ.գ. մածուն: Բաղադրիչները խառնել, քսել մազերի արմատներին և ծածկել պոլիէթիլենային գլխարկով: Կես ժամ հետո դիմակը լվանալ տաք ջրով:

Բուժում է մաշկը
Ալոէն շատ արդյունավետ է մաշկի տարբեր հիվանդությունների դեպքում: Այն մտնում է բազմաթիվ հակասեպտիկ քսուկների բաղադրության մեջ:

Ալոէի տերևների խյուսը դրեք մաշկի վնասված կամ միջատների կծած տեղերի, ինչպես նաև արևային այրվածքների վրա:

Դանդաղեցնում է ծերացումը
Ալոէն խոնավացնում և բարձրացնում է մաշկի էլաստիկությունը, ինչպես նաև դանդաղեցնում է ծերացման գործընթացները: Բացի այդ, բույսի բաղադրության մեջ կան նյութեր, որոնք կանխարգելում են պիգմենտային բծերի առաջացումը:

Պետք է խառնել մեկական թեյի գդալ սնուցող քսուկ, ալոէի թարմ քամված հյութ և ձիթայուղ: Քսուկը քսեք դեմքին և վզին, շրջանաձև շարժումներով թեթև մերսեք և թողեք 20 րոպե: Այնուհետև մաքրեք բամբակով: Այդպիսի դիմակը հիանալի վերականգնում է վնասված մաշկը, նեղացնում է մազանոթները և օգնում է պահպանել երիտասարդությունը:

Մաքրում է օդը
Ալոէն օդը մաքրում է ֆորմալդեհիդից, որն արտազատվում է կահույքից: Բույսը նաև օդում նվազեցնում է պարզագույն միկրոօրգանիզմների քանակը: Ալոէն շատ հարմար է ննջասենյակի համար, քանի որ գիշերն այն ակտիվորեն ածխաթթու գազ է կլանում և թթվածին արտազատում:

ԲԱՐՈՄԵՏՐ

20:40 Հունիս 05, 2017

Ամենաընթերցված նյութեր