Պուեռ` աշխարհի ամենաանսովոր թեյատեսակներից մեկը (լուսանկարներ)

Թեյն ամբողջ աշխարհում օգտագործվող ամենատարածված ոչ ալկոհոլային ըմպելիքներից մեկն է: Թեյի տեսակները բազմաթիվ են, բայց այսօր կպատմենք մի էկզոտիկ տեսակի՝ չինական պուեռ թեյի մասին:

Պուեռն աշխարհի ամենաանսովոր թեյերից մեկն է: Այն արդեն մոտավորապես 3000 տարեկան է: Իսկ ի՞նչ է նշանակում պուեռ: Հարցի պատասխանը կգտնեք Պուեռ ոչ մեծ քաղաքում, որտեղ գտնվում է Չինաստանի ամենամեծ թեյի շուկաներից մեկը: Հենց այստեղ է մշակվել պուեռ թեյի արտադրության տեխնոլոգիան և այստեղից էլ այն լայն տարածում է գտել:

Պուեռ ստանալու համար թեյի տերևները ենթարկում են բնական կամ արհեստական հնեցման՝ ֆերմենտացման: Ֆերմենտացման արդյունքում փոխվում է թեյում եղած նյութերի բաղադրությունը, նրա համն ու հոտը:

Չինաստանում այս թեյատեսակի արտադրությունը չափազանց տարածված է: Կան խոշոր գործարաններ, փոքր ֆաբրիկաներ, մասնավոր ընտանեկան ձեռնարկություններ, ինչպես նաև "ընտրյալների" համար քիչ քանակությամբ պուեռի էքսկլյուզիվ նմուշներ պատրաստող վարպետներ: Թեյը լինում է բլիթների, գնդիկների, հաբերի, աղյուսիկների տեսքով:

Եթե սովորական թեյի համար 10 տարին պահպանման առավելագույն ժամկետն է, ապա պուեռն "ապրում" է տաս, քսան և նույնիսկ երեսուն տարի: Այդ հարցում այն նման է կոնյակին. տարիների հետ չի փչանում, այլ ընդհակառակը՝ հասունանում է և յուրահատուկ համ ու հոտ ձեռք բերում:

Գոյություն ունի պուեռի երկու տեսակ՝ Շու պուեռ և Շեն պուեռ: Դրանց համերը չափազանց տարբեր են:

Շու պուեռը պատրաստվում է արհեստական միջավայրում, այդ պատճառով էլ գործընթացը տևում է ընդամենը 30-45 օր:

Շեն պուեռը ենթարկվում է բնական ֆերմենտացման: "Կիսապատրաստ" թեյը մամլում են և որոշակի պայմաններում պահում են 5-8 տարի և նույնիսկ ավելի: Պահպանման ընթացքում հաշվի են առնվում բազմաթիվ չափանիշներ՝ օդի ջերմաստիճանը, խոնավությունը, լուսավորությունը, նյութը, որից պատրաստված է փաթեթավորումը, և նույնիսկ հատակից մինչև թեյն ընկած բարձրությունը: Մի խոսքով Շեն պուեռ պատրաստելը մի ամբողջ գիտություն է:

Պուեռի ազդեցությունն օրգանիզմի վրա
Պուեռը չափազանց բուժիչ ըմպելիք է: Ահա նրա օգտակար հատկություններից մի քանիսը:

• Պուեռն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, արագացնում և կարգավորում է նյութափոխանակությունը, լավացնում է մարսողությունը և վերացնում է փորկապությունը:

• Պուեռը զգալի ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, մաքրում է անոթները, ազդում է թրոմբների վրա և նոսրացնում է արյունը, դրանով իսկ նվազեցնելով ինֆարկտի և կաթվածի առաջացման հավանականությունը:

• Պուեռը մաքրում է օրգանիզմը, ընդ որում դա կլինիկորեն ապացուցվել է եվրոպական գիտնականների կողմից: Թեյի կանոնավոր օգտագործումը նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն, քանի որ օրգանիզմը մաքրում է տոքսիններից, նպաստում է վնասակար և յուղոտ սննդի մարսմանը: Այդ պատճառով էլ պուեռը խորհուրդ է տրվում օգտագործել ավելորդ քաշ ունեցող մարդկանց, ինչպես նաև թունավորումների դեպքում:

• Պուեռն ունի սպազմոլիտիկ և աբսորբենտ հատկություններ, օգտակար է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի, ինչպես նաև սուր բորբոքային պրոցեսների դեպքում:

• Վերջերս գիտնականները եզրակացրել են, որ պուեռի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ ֆերմենտներ, որոնք զգալիորեն իջեցնում են քաղցկեղի և վիրուսային ինֆեկցիաների առաջացման հնարավորությունը:

• Այն թարմացնում է ալկոհոլ օգտագործելուց հետո և օգնում է հաղթահարել խումհարը:

• Պուեռի ամենազարմանալի հատկություններից մեկն այն է, որ թեյը մարդու մեջ առաջացնում է առողջ կենսակերպ վարելու, ճիշտ սնվելու, ֆիզիկական վարժություններով զբաղվելու ցանկություն: Բացի այդ գիտնականներն ուշադրություն են դարձրել այն բանին, որ պուեռ խմող մարդիկ դադարում են ծխել և ալկոհոլ օգտագործել:

• Պուեռը լավացնում է մաշկի գույնն ու կառուցվածքը, ունի երիտասարդացնող ազդեցություն:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Պուեռը չի կարելի չափից շատ օգտագործել, շատ թունդ թրմել և խմել սոված վիճակում: Նրա թարմացնող ազդեցությունն այնքան ուժեղ է, որ խորհուրդ չի տրվում այն օգտագործել երեկոյան, քանի որ հնարավոր է ընդհանրապես չկարողանաք քնել:

Կրկին շեշտենք, որ պուեռը պարտադիր պետք է օգտագործել ուտելուց հետո, այլապես կարող է բացասական ազդեցություն ունենալ ստամոքսի վրա:

Ինչպես ճիշտ թրմել պուեռը
Օգտակար հատկությունները պահպանելու համար պուեռը պետք է ճիշտ թրմել: Դրա համար թեյի վրա լցրեք հենց նոր եռացրած ջուր և մի քանի վայրկյան անց թափեք: Դա անհրաժեշտ է կողմնակի հոտերը և խառնուրդները հեռացնելու համար: Այնուհետև մաքրված թեյի վրա նորից եռման ջուր լցրեք և թրմեք մեկ րոպեից ոչ պակաս, բայց, ինչպես արդեն նշել ենք, ոչ շատ թունդ:

Պարտադիր պայման է տաք, բայց ոչ եռման վիճակում օգտագործելը:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:15 Մարտ 24, 2017

Ամենաընթերցված նյութեր