Ինչպես հաղթահարել գարնանային հոգնածությունը

Գարնան մոտենալուն պես հոգնածությունը, քնկոտությունը, գրգռվածությունը և վատ ինքնազգացողությունը դառնում են շատերի մշտական ուղեկիցները: Դրա պատճառը այսպես կոչված գարնանային հոգնածությունն է: Հենց այս ժամանակահատվածում է տեղի ունենում աշնանը և ձմռանը ոչ իր ամբողջ հնարավորություններով աշխատող մեր օրգանիզմի բոլոր կենսական կարևոր գործընթացների փոփոխությունը:

Բոլորս էլ գոնե մեկ անգամ ինքներս մեզ հարց ենք տվել, թե ինչու ենք գարնանը մեզ այդքան վատ, թույլ և ճնշված զգում զգում: Իսկապես, ոչ աշնանը, ոչ ձմռանը կամ ամռանը մարդն այդքան հոգնած և ճնշված չի լինում: Բանն այն է, որ գարնանը օրը երկարում է, իսկ դրա հետ միասին մեծանում է Երկրի մագնիսական դաշտի լարումը: Մեր ներքին կենսաբանական ժամացույցն արձագանքում է այդ փոփոխություններին: Մեծանում է նյարդային համակարգի լարվածությունը, մարդն ավելի զգայուն է դառնում ցրտի նկատմամբ, ակտիվանում են բորբոքային պրոցեսները: Ցավոք պետք է նշել, որ երկար ձմռան պատճառով թուլացած է լինում մեր դիմադրողականությունը և սպառված է վիտամինների պաշարը:

Գարնանային հոգնածության խնդրով զբաղվող բժիշկները խորհուրդ են տալիս ընդունել պոլիվիտամինային կոմպլեքս, սակայն կան նաև պարզ, ժողովրդական միջոցներ, որոնք նույնքան օգտակար են: Եվ այսպես, ինչ է պետք անել:

• Առավոտյան մարմինը շփեք սառը ջրով թրջած սրբիչով, կամ ավելի լավ է կոնտրաստային ցնցուղ ընդունեք:
• Փորձեք ամեն օր մեկ բաժակ կաթ խմել՝ մեկ գդալ մեղրով, կամ դաղձի թեյ:
• Մտավոր հոգնածությունը հաղթահարելու համար օգտակար է ուտել մի քանի կտոր սովորական աղ դրած տառեխ (селедка):
• Եթե ուժեղ ֆիզիկական հոգնածություն եք զգում, կերեք մեղրի և կեղևով կտրատած կես կիտրոնի խառնուրդ:
• Շաբաթը մեկ անգամ այցելեք բաղնիք կամ շոգեբաղնիք:
• Ավելի շատ մրգեր և բանջարեղեն կերեք:
• Ամեն օր կերեք 1-2 պճեղ սխտոր:
• Քնեք օդափոխված, զով սենյակում:
• Ցանկացած աշխատանք հերթափոխեք հանգստի հետ:
• Ամեն օր գոնե մեկ ժամ զբոսնեք:
• Կարող եք պատրաստել վիտամիններով հարուստ թուրմ: Իրար խառնեք մեկական թեյի գդալ չոր եղինջ, մանդիկ (спорыш) և մասուրի տրորած պտուղներ: Վրան ավելացրեք 1,5 բաժակ եռման ջուր, թրմեք 2-3 ժամ և ամբողջը խմեք քնելուց առաջ: Իսկ առավոտյան պետք է սոված վիճակում ուտեք 1թ.գ. մեղրի և ձիթապտղի յուղի խառնուրդ: Բուժման կուրսը մեկ ամիս է: Այսպիսի բուժումը փափուկ և աննկատ կմաքրի օրգանիզմը կուտակված խարամներից և կօգնի հեշտ հաղթահարել գարնանային հոգնածությունը:

Առո՛ղջ եղեք:

 

 

20:45 Մարտ 16, 2017

Ամենաընթերցված նյութեր