Թութանհամոնի դաշույնը պատրաստված է ոչ երկրային նյութից (լուսանկարներ)

Իտալացի գիտնականները հաստատել են վաղուց շրջանառվող այն ենթադրությունը, որ եգիպտական փարավոն Թութանհամոնի սարկոֆագում հայտնաբերված դաշույնը պատրաստված է ոչ երկրային ծագում ունեցող նյութից: Ըստ նրանց, 1922թ. սարկոֆագում գտնված դաշույնը պատրաստված է երկնաքարից ստացված մետաղից:

Թութանհամոնը իշխել է մ.թ.ա. 1332-1323թ.թ. և մահացել 18 տարեկան հասակում: Նրա դամբարանը 1922թ. Արքաների հովտում հայտնաբերել են բրիտանացի գիտնական Հովարդ Քարտերը և հնությունների կոլեկցիոներ լորդ Ջորջ Կարնարվոնը:

Հասարակությանը ապշեցրել էր դամբարանում հայտնաբերված ոսկու քանակությունը, բայց գիտնականներին ավելի շատ հետաքրքրել էին առավել հազվագյուտ և արժեքավոր մետաղից՝ երկաթից պատրաստված իրերը, որոնց վրա ժանգի հետք էլ չկար (այդ ժամանակներում երկաթն ավելի թանկ էր, քան ոսկին): 

Դաշույնի կոթը և պատյանը ոսկուց են և զարդարված են նուրբ փորագրություններով: Ներկայումս այն ցուցադրվում է Կահիրեի Եգիպտական թանգարանում:
Իտալացի և եգիպտացի գիտնականները հատուկ ռենտգեն սարքի օգնությամբ կարողացել են առանց վնասելու, հենց թանգարանում ճշտել համաձուլվածքի բաղադրությունը: Այն պարունակում է համարյա 11% նիկել և 0,6% կոբալտ: Թութանհամոնի դարաշրջանում արհեստական ճանապարհով այդպիսի համաձուլվածք ստանալն ուղղակի անհնար էր:
"Նիկելի մեծ պարունակությունը ցույց է տալիս, որ մետաղը երկնաքարային ծագում ունի",- ասում է հետազոտության ղեկավար Դանիելա Կոմելլին:

Հետաքրքիր է, որ Թութանհամոնի դամբարանում հայտնաբերվել է "երկնային" ծագում ունեցող ևս մեկ առարկա, բայց այն մետաղից չէ, այլ՝ ապակուց: Թալիսման-հմայիլներից մեկի վրա պատկերված սրբազան բզեզը փորագրված է ոչ թե կանաչադեղնավուն խալցեդոնից, ինչպես համարում էր Քարտերը, այլ հազվագյուտ մետեորիտային ապակուց, որը նաև անվանում են լիբիական: Այդ ապակին առաջանում է երկնաքարի ավազին հարվածելու տեղում, իսկ լիբիական է կոչվում այն պատճառով, որ երկրագնդի վրա հնարավոր է գտնել միայն մի վայրում՝ Եգիպտոսից 800կմ հեռավորության վրա գտնվող Լիբիական անապատում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

22:19 Նոյեմբեր 04, 2016

Ամենաընթերցված նյութեր