ՎԻԿՏՈՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ. Ինձ ընտրողը երբեք չի ամաչի իր որոշման համար

ԵԼՔ դաշինքի վարկանիշային թեկնածու Վիկտոր Ենգիբարյանի քարոզարշավը դինամիկ, նորարական և հագեցած է: Նա ավանդական քարոզարշավային մեթոդներին համադրում է հետաքրքիր նոու-հաուներ. Արդյունքում թեկնածուին հաջողվում է ընտրողների մեծ մասին հասցնել իր հիմնական ծրագրային մոտեցումները:

Պարոն Ենգիբարյան, չլինելով ԵԼՔ դաշինքը ներկայացնող որևէ կուսակցության անդամ, այդուհանդերձ, Ձեր թեկնածությունն առաջադրեցիք հենց այս քաղաքական ուժի տարածքային ցուցակում: Ինչով էր պայմանավորված Ձեր որոշումը:

Տարիներ շարունակ հանրությունը քաղաքական դաշտին ներակայացրել է ընդդիմության միավորման պահանջ. կարճ ասեմ՝ ԵԼՔ դաշինքը հենց այդ միավորումն է, ԵԼՔ-ը հենց միավորված ընդդիմությունն է:
Մյուս կողմից, ես արդեն երկար տարիներ բարձրաձայնում եմ կոռուպցիայի խնդիրների վերաբերյալ: ԵԼՔ-ն այն ուժն է, որն ունի անբասիր անցյալ և որի հետ հնարավոր է անցնել կոռուպցիայի դեմ պայքարի դժվարին ճանապարհը: Դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերը երբեք չեն եղել որևէ կոալիցիայի մաս, պատասխանատու չեն երկրում տիրող արատավոր երևույթների համար, հետևաբար կարող են պարզ ճակատով դեմ առ դեմ կանգնել խնդիրների առաջ և դրանք հաղթահարելով զարգացման ուղիներ հարթել:


Բավականին ակտիվ քարոզարշավ եք վարում. մշտապես հանդես եք գալիս տեսաուղերձներով, Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչատարածքային շրջաններն ընդգրկող ընտրատարածքի տարբեր հատվածներում քիչ չեն Ձեր նկարներով բիլբորդները, պոստերները: Ակտիվ հարցազրույցներ եք տալիս, ասուլիսների մասնակցում, շոշափում հանրությանը մտահոգող տարաբնույթ խնդիրներ: Կարծում եք ընտրողը կնկատի և կգնահատի՞ Ձեր ջանքերը:

Բացի նշված մեթոդներից, ես անձամբ եմ ընտրողներին ներկայացնում իմ ծրագրերը: Իմ ֆեյսբուքյան էջում տեղադրել եմ անձնական հեռախոսահամարս, ամեն օր շրջում եմ բակերով, հանդպում մարդկանց հետ: Մեր թիմով հետևողականորեն կոտրում ենք այն կարծրատիպը, որ "պատգամավորը մութ սենյակում" փակված անհասանելի "իշխան" է:
Ինչպես ընդունված է ասել՝ գնդակը հիմա ընտրողների դաշտում է, ես հավատում եմ մեր քաղաքացիների խոհեմությանը ու վստահ եմ, որ նրանց դրական վերաբերմունքը, ի վերջո, կվերածվի քվեի:

Ինչպես կգնահետեիք քարոզարշավի ընթացքը:

Բավականին դրական, հագեցած և կասեի՝ խիստ մրցակցային: Քարոզարշավը ստեղծագործական մտքի, լավ ծրագրերի ու մարդկային տեսակների միջև պայքար է: Բացարձակապես չեմ ընդունում այն խոցելի մոտեցումը, որ այս ընտրություններում ծրագրերը, գաղափարներն առաջնային չեն: Չգիտեմ ինչ միտում ունեն այդպես մտածող մարդիկ, բայց իմ խորին համոզման մեր քաղաքացիները լավ էլ զանազանում են թացը չորից, բնականը՝ արհեստականից և իրական ծրագիրը՝ սին խոստումներից ու բարի ցանկություններից: Կարծում եմ կձախողվեն այն թեկնածուները, ովքեր կփորձեն թերագնահատել մեր ընտրողին: Վստահ եմ՝ թե Արաբկիրում, թե Դավթաշենում, և թե Աջափնյակում ԵԼՔ-ը հաղթելու մեծ և իրական հնարավորություններ ունի:

Եթե ընտրվեք, որոնք են լինելու ԱԺ-ում Ձեր գործունեության հիմնական ուղղությունները:

Ազգային ժողովում ես հիմնականում կզբաղվեմ տնտեսության խնդիրներով և խորհրդարանական դիվանագիտության հարցերով:
Տնտեսության մասով իմ գործունեությունը հիմնականում կապված կլինի փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծման աջակցության ու արտաքին ներդրումների հայթայթման ծրագրերի հետ: Ես ունեմ բավարար գիտելիքներ և փորձ Հայաստան ներդրումներ ներգրավելու ու ՓՄՁ ծրագրեր իրականացնելու համար:
Ինչ վերաբերվում է խորհրդարանական դիվանագիտությանը, մենք ականատես ենք, որ ներկայիս ԱԺ-ում համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունեցող պատգամավորների մեծ բաց կա: Ինձ համար մեծ պատիվ կլինի ներկայացնել ՀՀ շահերը երկկողմ ու բազմակողմ տարբեր հարթակներում, և օգտագործել իմ կապերը մեր երկրի առաջխաղացման համար:

 

Վերջում՝ համարեք, որ այս պահին Ձեզ լսում են ընտրողները. Ի՞նչ կոչով կդիմեիք նրանց:

Նախ, ցանկանում եմ մեր քաղաքացիներին խնդրել, որ անպայման մասնակցեն ընտրություններին. ընտրեն ում ցանկանում են, բայց քվեարկեն սեփական խղճով ու մտքով:
Երկրորդ՝ ես երաշխավորում եմ, որ այն վստահությունը, որ մարդիկ ունեն ԵԼՔ դաշինքի ու անձամբ իմ նկատմամբ՝ կարդարացնենք, իսկ այն խոստումները, որ տվեցինք, կլինի մեր անելիք աշխատանքի ընդամենը փոքր մասը:
Երրորդ և ամենակարևորը՝ ինձ ընտրողը երբեք չի ամաչի իր որոշման համար:
Արաբկիրում, Աջափնյակում ու Դավթաշենում ես ԵԼՔ դաշինքի քվեաթերթիկի 5-րդ համարն եմ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

18:23 Մարտ 25, 2017

Ամենաընթերցված նյութեր