Վահրամ Մկրտչյան. Քաղաքականության մեջ պետք է լինեն ազնվություն, պարկեշտություն և հոգևոր արժեքներ

ԲԱՐՈՄԵՏՐՆ իրականացնում է "Հինգերորդ գումարման ԱԺ-ից անցում՝ վեցերորդին" նախագիծը: Այն երկու հիմնական փուլերից է բաղկացած. առաջինում՝ մեր կազմած հարցաշարին պատասխանում են գործող պատգամավորները, իսկ երկրորդ փուլում ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները կատարում են քաղաքական կանխատեսումներ նրանց հաջորդ՝ 6-րդ գումարման ԱԺ-ում լինելու հնարավորությունների և, առհասարակ, նոր պառլամենտի հավանական քաղաքական քարտեզի վերաբերյալ:


N 6. Վահրամ Մկրտչյան. ԱԺ պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ: ԱԺ պատգամավորի մանդատը ստացել է 2014թ. մայիսին: Ըստ www.parliamentmonitoring.am կայքի տվյալների Վահրամ Մկրտչյանը 555 անգամ կողմ է քվեարկել օրինագծերին: ԱԺ ամբիոնից ունեցել է 10 ելույթ, 53 անգամ հարցերով դիմել է կառավարության ներկայացուցիչներին և ընդամենը 13 անգամ բացակայել ԱԺ նիստերից:


Ըստ էության այս նստաշրջանն ԱԺ-ում աշխատանքների արդյունավետ կազմակերպման առումով վերջինն է լինելու: 2017թ. փետրվարին պատգամավորներից շատերն անմիջականորեն կներգրավեն նախընտրական գործընթացների մեջ: Եթե կարճ ամփոփեք՝ ինչպես կգնահատեք 5-րդ գումարման ԱԺ գործունեությունը:


Քանի որ ես ԱԺ պատգամավորի մանդատը ստացել եմ 2014թ. մայիսին, գումարման մի հատվածի մասին կարող եմ գնահատականներ տալ, այսինքն՝ վերջին երկուսուկես տարվա կտրվածքով։ Աշխատանքներն արդյունավետ եմ գնահատում, իհարկե, թերություներ էլ կային, տասնյակ կարևոր օրինագծեր են ընդունվել, որոնց նախապատրաստման և ներկայացման ընթացքում ահռելի բարդ և լուրջ աշխատանք է կատարվել, որը հանրությանը տեսանելի չէ: Մյուս կողմից ավելի արդյունավետ կլիներ Ազգային ժողովի գործունեությունը, եթե անհրաժեշտ փոփոխություններ կատարվեին ԱԺ կանոնակարգ օրենքում, որի վրա այս պահին աշխատում ենք։ Ես այդ աշխատանքային խմբի անդամ եմ: Մեր գործընկերներից ոմանք շատ են սիրում տեղին ու անտեղի խոսել, նրանք, կարծես, արհեստականորեն ձգում են ժամանակը և մեկ օրենքի մեջ անգամ փոքրիկ փոփոխությունը կարող է մեկ ամբողջ նիստի ժամանակը սպառել։ Կանոնանկարգ օրենքի մեջ փոփոխություններով, ըստ էության, կխնայենք ժամանակը, այն ավելի արդյունավետ և նպատակային կօգտագործենք։ Սահմանադրական փոփոխություններից բացի՝ կառանձնացնեի ընտրական օրենսգիրքը, որը շատ կարևոր էր, սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին օրինագիծը, որն ուղղված էր այդ տարածքներում տնտեսական գործունեությունն ակտիվացմանը: Կառանձնացնեմ 2017 թվականի հունվարից հետո պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրինագիծը, որը բուռն արձագանք ստացավ։ Ինչպես գիտեք օրինագիծով առաջարկվում էր համապատասխան գումարներն ապահովել երկու բաղադրիչով՝ պարտադիր, 1000-ական դրամ յուրաքանչյուրից, և կամավոր կատարված վճարներից: Շատ եմ կարևորում այդ օրենքի մեջ ներառված կամավորականության բաղադրիչը: Համոզված եմ, որ ապագայում ավելի զգալի չափով գումարներ կհավաքագրվեն կամավոր կերպով, քան պարտադիր բաղադրիչով։ Ես շատ եմ ուսումնասիրել Իսրայելի բանակի փորձը, Իսրայելի հաջողության ֆենոմենը, թե ինչու են իրենք փոքրաթիվ լինելով միշտ հաղթանակած դուրս գալիս: Հիմնական կոնցեպտը, գուցե, հաղթաթուղը այն է, որ բոլորը ծառայում են, և արտասահմանում բնակվող հրեաները տուրք են վճարում կամավորության հիմունքներով։ Ես առաջարկում եմ մենք էլ այդ տուրքը մատուցենք, յուրաքանչյուրս մասնակցենք հավասար չափաբաժնով, էական չէ՝ հարուստ, թե աղքատ, մեզ պատկերացնենք մեծ հզոր բանակի մեկ մասնիկ։ էստեղ շատ տեղին է հիշեցնել երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի խոսքը, որ ցանկացած բարեգործության ժամանակ ասում էր․ "Ավելի լավ է մեկ միլիոն մարդ մեկական դոլար հանգանկություն անի, քան մեկ մարդ մեկ միլիոն դոլար"։ Առաջինի տրամաբանության դեպքում մենք մեկ ամբողջի մաս ենք կազմում։ Կհաջողի՞ այս օրինագծի կամավորության բաղադրիչը, թե ոչ, էապես կախված է նաև հիմնադրամի վստահության քվեից, եթե ազնիվ, արդար, թափանցիկ աշխատի, անշուշտ, հաջողություն կունենա։

Արդյոք ինչ նախագծել էիք՝ հնարավոր եղավ իրագործել, թե, այնուամենայնիվ, որոշ նախաձեռնություններ կտեղափոխեք հաջորդ գումարում:


Այն, ինչ նախագծել ու նախաձեռնել եմ, կարող եմ ասել, որ 90 տոկսով կատարել եմ։ Սա իմ առաջին պատգամավորական ժամանակաշրջան էր, ես իմ առաջ խնդիր դրեցի, որ հնարավորինս տեղին և, ըստ էության, պիտի գործեմ, դա նշանակում է, որ մաքսիմալ արդյունավետ պետք է գործել և զերծ մնալ բացառապես անպտուղ դիվիդենտներ հավաքելու արատավոր պրակտիկայից: Օրինաստեղծ գործունեությունը ես նախևառաջ պատկերացնում եմ հանձնաժողովային աշխատանքներում, բնականաբար, գրեթե միշտ օգտագործել եմ նաև հայտարարությունների առիթը, դրանք երբեք չեմ կառուցել իրավիճակային, այլ` գաղափարա-քաղաքական և հոգևոր տիրույթի շուրջ։ Քաղաքականությունն ու հոգևոր տիրույթը տարբեր հարթությունների վրա են, ես փորձել եմ հորդորել, որ հատկապես ազնվություն է պետք քաղաքականության մեջ, հոգևոր արժեքներ և պարկեշտություն է պետք: Պետք է փորձենք շրջանցել "քաղաքականությունը անբարոյականություն է" արհեստական թեզը և յուրաքանչյուրս մեր օրինակով, մեր ամենօրյա գործունեությամբ կոտրենք այդ կարծրատիպը:


Կցանկանայի՞ք արդյոք հաջորդ ԱԺ-ում լինել, թե կնախընտրեիք այլ ոլորտում ծավալել Ձեր գործունեությունը:


Ես 1994թ. քաղաքականության մեջ եմ եղել ու մինչև 2012թ. իմ քաղաքական ուղեգծով ընդդիությանն եմ հարել: Մի քանի անգամ առաջադրվել որպես ԱԺ պատգամավորության թեկնածու և չեմ ընտրվել։ Սակայն դա չի խանգարել ինձ զբաղվել քաղաքականությամբ, խորհրդարանը թույլ է տալիս պարզապես ավելի լսելի դարձնել գաղափարներդ։ Ինչ խոսք, կցանկանայի խորհրդարանում լինել, բայց դա պետք է որոշվի իմ թիմում, ՀՀԿ Նախագահ-գործադիր մարմին տիրույթում։ Եթե չլինեմ, դա ինձ համար դժբախտություն չի լինելու, անշուշտ, շարունակելու եմ զբաղվել քաղքականությամբ։


1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը՝ նվազագույն շեմ, իսկ 5-ը՝ բարձրագույն, որքան եք գնահատում Ձեր վերընտրվելու հնարավորությունները:


Առաջադրման հարցը պետք է լուծվի կուսակցությունում իսկ վերջնական որոշում ընտրողինն է։ Հետևաբար ձեռնպահ կմնամ վերընտրվելու հնարավորությունները գնահատելուց:

Կարո՞ղ եք նշել ներկայում ոչ պատգամավոր երեք գործչի, ում կցանկանայիք տեսնել հաջորդ ԱԺ-ում, օրինակ մշակութային ոլորտից:


Անկեղծ ասած, ես դեմ եմ մշակութային գործիչների քաղաքականացմանը, որովհետև մշակույթը և քաղաքականությունը շատ անհամատեղելի ոլորտներ են։ Քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները։ Դա նույնն է, որ ինձ տանեն գյուղատնտեսության ոլորտում աշխատելու, որքանով իմ աշխատանքը արդյունավետ կլինի, չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է անուններին, ուղղակի կդժվարանամ նշել։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

16:34 Դեկտեմբեր 01, 2016

Ամենաընթերցված նյութեր