Սուրեն Սարգսյանը Թրամփի ընտրվելու և դրա հետ կապված իրողությունների վերաբերյալ

Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելն իրականում լուրջ հարված հասցրեց բազմաթիվ սոցիոլոգիական և վերլուծական կենտրոնների հեղինակությանը, որոնք կանխատեսում էին Քլինթոնի վստահ հաղթանակը: Այս ֆենոմենի, ինչպես նաև Թրամփի հաղթանակի հետ կապված այլ իրողությունների հետ է ԲԱՐՈՄԵՏՐԻ երկխոսությունը քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ԱՄՆ 45-րդ նախագահական ընտրությունները, որում հաղթեց Դոնալդ Թրամփը: Հատկանշական է, որ լուրջ սոցիոլոգիական կենտրոնների ճնշող մեծամասնությունը նախապատվություն էին տալիս Հիլարի Քլինթոնին: Անգամ հեղինակավոր պարբերակններից մեկը նախապես տպված իր ամսագրի գլխագրում արդեն իսկ Քլինթոնին հռչակել էր նախագահ: Բայց ի հեճուկս այս ամենին ընտրվեց Թրամփը: Ինչո՞վ էր պայմանավորված նրա այս անակնկալ հաջողությունը:

-Իրականում պետք է նկատել, որ սոցիոլոգիական կենտրոններն այնքան էլ չեն սխալվել, որովհետև ձայների մեծամասնությունը հավաքել է հենց Հիլարի Քլինթոնը: Այսինքն` մոտավորապես 1% տարբերությամբ Քլինթոնն առաջ է անցել Դոնալդ Թրամփից: Ստացվում է, որ այս առումով քաղաքագետները, սոցիոլոգները և վերլուծաբանները չեն սխալվել: Սակայն այդ կանխատեսումները և Միացյալ Նահանգների ընտրական համակարգի առանձնահատկությունները որոշ դեպքերում կտրված են իրարից: Սա մի հետաքրքիր մեխանիզմ է, որը բնորոշ է միայն ԱՄՆ-ին. պետք է շատ խորանալ, որպեսզի հասկանանք, թե ինչու է այդպես, որոնք են դրա պատճառներն ու հետևանքները: Իսկ այն եզրահանգումները, որոնք կարելի է անել թարմ հետքերով, հանգում են հետևյալին: Նախ պետք է նշեմ, որ Թրամփի հաղթանակը կապված է իր թիմի պրոֆեսիոնալիզմի հետ: Նա հավաքել էր այնպիսի խումբ, որը հստակ գիտեր, որ նահանգներին է հարկավոր առաջնային տեղ տալ և ավելի ակտիվ աշխատանք տանել: Երկրորդ գործոնն առնչվում էր անարդարության հետ, որը ստեղծվել էր բնակչության շրջանում. դրա ձևավորմանը մեծապես նպաստեց մեդիան: Այսինքը` մեդիայի շնորհիվ հանրությունն անընդհատ տեղեկանում էր տարբեր երկրների որոշումներ կայացնող ազդեցիկ շրջանակների այն հայտարարություններին, որ նրանք ցանկանում են աշխատել հենց Քլինթոնի հետ: Այս առումով ժողովրդի մոտ առաջանում էր պաշտպանողական ռեակցիա. "ընտրողը մենք ենք և մենք ենք որոշում, թե ով պետք է լինի մեր երկրի նախագահը": Այս փաստը Թրամփի թիմը շատ լավ օգտագործեծ և վերածեց ծանրակշիռ հաղթաթղթի: Այսպիսով, գնահատելով այս ընտրությունները` պետք է ասել, որ, ըստ էության բավականին լարված և ագրեսիվ մրցապայքար էր:

Շատ վերլուծաբաններ և քաղաքական իմիջի խորհրդատուներ նշում են, որ Թրամփը շատ էքսցենտրիկ է և դրանով նաև անկանխատեսելի: Սա արդյո՞ք նշանակում է, որ այսուհետ Սպիտակ տնից պետք է սպասել ոչ ստանդարտ որոշումներ:

-Եթե խոսենք Թրամփի ներքաղաքական մեսիջների մասին, ապա նա բազմիցս հիշատակել է, թե ինչով է առաջնորդվելու. նախ "Obama Care"-ն է պատրաստվում կասեցնել, որն առողջապահական, ապահովագրական համակարգ է, պատրաստվում է չեղարկել բազմաթիվ առևտրային պայմանագրեր, զենքի կիրառման վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ, Մեքսիկայի պատի կառուցման մասին, մահմեդականների մուտքի կանխման և մի շարք այլ որդեգրած որոշումներ: Իհարկե, որոշները չի կարող իրականացնել. օրինակ` այն հայտարարությունը, որ ազատազրկման է դատապարտելու Հիլարի Քլինթոնին: Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքական հարցերին, ապա այդ մասին նա ավելի քիչ է խոսել: Թրամփը հիմնականում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կողմնակից է, որը, կարծում եմ, մեր տարածաշրջանի վրա էլ կարող է դրական ազդեցություն ունենալ:

Ընդունված է ասել, որ ԱՄՆ դեմոկրատներն ավելի փափուկ արտաքին և ներքին քաղաքականության կողմնակից են, իսկ հանրապետականներն աչքի են ընկնում ավելի կոշտ և երբեմն ռադիկալ որոշումներով: Որքանով են հիմնավոր նման մոտեցումները և ինչ է սպասվում աշխարհին Թրամփի նախագահության շրջանում:

-Թրամփն իր հայտարարություններում նշում է, որ նախևառաջ առաջ է մղելու Ամերիկայի շահերը և հաշվի է առնելու այն պետությունների շահերը, ովքեր կցանկանան համագործակցել ԱՄՆ-ի հետ: Իր հայտարարություններում բավականին կոպիտ է անդրադաձել Թուրքիային և մասնավորապես նշել է. "Մեր դաշնակիցները, ովքեր իրենց դաշնակցին հարիր չեն պահում, կարժանանան նմանատիպ վերաբերմունքի". խոսքը տվյալ դեպքում հենց Սաուդիան Արաբիայի և Թուրքիայի մասին է: Հստակ չեմ կարող ասել` ինչ քաղաքական սկզբունքներ կորդեգրի, բայց այս մեսիջներով մոտավոր պատկերացում կարող ենք կազմել: Նա նաև բազմիցս նշել է, որ ԱՄՆ-ն հնարավորինս քիչ պետք է ներքաշվի այլ պետությունների ներքին խնդիրներին: Մի բան կարելի է հստակ ասել, որ նա կարող է ԱՄՆ-ի տնտեսությունը հասցնել բավական բարձր մակարդակի: Մնացած հարցերում հստակ խոսելը դեռ վաղ է:

Դոնալդ Թրամփի ընտրությունն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա:

-Չեմ կարծում, որ թեկնածուներից որևէ մեկը Հայաստանի վերաբերյալ իր դիրքորոշումներով առանձնանում է: Սակայն, ի տարբերություն Դոնալդ Թրամփի` Քլինթոնը ոչ միայն եղել է Հայաստանում, այլ լավ պատկերացում ունի մեր երկրի և հայ-թուրքական բանակցային գործընթացի վերաբերյալ: Կարծում եմ` Քլինթոնի նախագահության պարագայում, հայ-թուրքական հարցը կրկին կբերվեր օրակարգ, քանի որ արձանագրությունների տապալումը նաև իրենն է եղել: Այսպիսով նա կցանկանար այդ խնդիրն ամբողջապես լուծել: Ինչ վերաբերվում է Թրամփին, նա մեր խնդիրների մասին պատկերացում չունի և այս առումով հատկապես կարևորվում է հայ համայնքի դերը, որը պետք է շատ նպատակային աշխատանք տանի այդ բացը լրացնելու համար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատում կա կոնգրեսականների Հայկական բարեկամության խումբ, որն անվանվում է "Armenia Caucus". այն պետք է ուժեղացնել, որի ուղղությամբ մեր համայնքը պետք է աշխատի: Մի փոքր շուտ է հստակ կանխատեսումներ անել, պետք է սպասել. հատկապես չգիտենք` ով է լինելու Պենտագոնի ղեկավարը, չգիտենք` ով է լինելու պետական դեպարտամենտի ղեկավարը և այլն:

ԱՄՆ-ում նախագահ է ընտրվում միլիարդատեր, արդյո՞ք սա դառնում է նոր քաղաքական թրենդ:

-Այնքան էլ համաձայն չեմ այդ կարծիքի հետ, պարզապես ԱՄՆ-ի պարագայում պետք է ասել, որ նախագահ է ընտրվել համակարգից դուրս մարդ, ով մինչ այդ երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել, քաղաքականությամբ չի զբաղվել։ Այս առումով նա "քաղաքական աութսայդեր" է:

Համաշխարհային ԶԼՄ-ները բուռն քննարկում են ոչ միայն Թրամփին, այլ նաև նրա տիկնոջը՝ Մելանիային, որի կենսագրությունը խիստ տարբերվում է առաջին տիկնոջ կերպարից. ԱՄՆ առաջին տիկինն ամերիկացի չէ, ունեցել է բուռն մոդելային անցյալ, չունի բարձրագույն կրթություն: Սակայն Մելանիան քարոզարշավի ողջ ընթացքում ակտիվորեն աջակցում էր ամուսնուն և իր ելույթներից մեկում նշել է, որ Դոնալդ Թրամփը "ֆանտաստիկ նախագահ" կլինի Միացյալ Նահանգների համար: Իսկ ինչպիսի՞ առաջին տիկին կլինի, ինչպիսի՞ն կլինի նրա դերը:

-Կարծում եմ` նախկին բոլոր առաջին տիկիններից ոչ պակաս: Շատ ակտիվ կներգրավվի բարեգործական նախաձեռնություններում, ինչպես և բոլորը: Շատ շուտով ականատես կլինենք, թե ինչպիսի սոցիալական դիրքորոշում ունի նա տարբեր հարցերի շուրջ. վստահ եմ` բավական լավ կիրականացնի իր դերը: Ինչպես ողջ քարոզարշավի ընթացքում աջակից էր ամուսնուն, այդպես էլ կշարունակի հետագայում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

21:31 Նոյեմբեր 11, 2016

Ամենաընթերցված նյութեր