ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ․ Կարող էինք ավելին անել, քան որպես արդյունքներ արձանագրեցինք

ԲԱՐՈՄԵՏՐՆ իրականացնում է "Հինգերորդ գումարման ԱԺ-ից անցում՝ վեցերորդին" նախագիծը: Այն երկու հիմնական փուլերից է բաղկացած. առաջինում՝ մեր կազմած հարցաշարին պատասխանում են գործող պատգամավորները, իսկ երկրորդ փուլում ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները կատարում են քաղաքական կանխատեսումներ նրանց հաջորդ՝ 6-րդ գումարման ԱԺ-ում լինելու հնարավորությունների և, առհասարակ, նոր պառլամենտի հավանական քաղաքական քարտեզի վերաբերյալ:


N 5. Վահե Էնֆիաջյան- ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար: ԱԺ առավել երիտասարդ պատգամավորներից մեկը, ով ըստ www.parliamentmonitoring.am կայքի տվյալների 456 անգամ կողմ է քվեարկել օրինագծերին, 67 անգամ՝ դեմ և 146 անգամ ձեռնպահ: Վերջին ցուցանիշն ընդհանրապես ամենաբարձրերից մեկն է ամբողջ ԱԺ-ում: Վահե Էնֆիաջյանը 34 հարց է ուղղել կառավարությանը և ԱԺ ամբիոնից ունեցել 21 ելույթ:

Ըստ էության, այս նստաշրջանն ԱԺ-ում աշխատանքների արդյունավետ կազմակերպման առումով վերջինն է լինելու: 2017թ. փետրվարին պատգամավորներից շատերն անմիջականորեն կներգրավեն նախընտրական գործընթացների մեջ: Եթե կարճ ամփոփեք՝ ինչպես կգնահատեք 5-րդ գումարման ԱԺ գործունեությունը:

Դեռ չի ավարտվել, որպեսզի ամբողջական տեսքով ներկայացնեմ: Անգամ մեկ քառօրյայով, մեկ նիստով, մեկ նախաձեռնությամբ էլ կարելի է դրական քայլեր արձանագրել, մեծ փոփոխություններ իրականացնել։ Այդ տեսանկյունից ցանկացած գնահատական, գուցե թե բավականաչափ հիմնավորված և ընդգրկուն չլինի: Բայց կոնկերտ ԱԺ գործունեության գնահատումից դուրս, միանշանակ է, որ ապրիլյան պատերազմը որևէ կերպ չի կարող դուրս մնալ մեր ժողովրդի պատմական հիշողության շրջանակներից: Մեր հերոս հայորդիների արիության և սխրանքների գնով հնարավոր եղավ կանխել թշնամու սանձարձակ ու նենգ հարձակումը: Ցավոք, ունեցանք անդառնալի մարդկային կորուստներ:
Այս տարվա հուլիսին ՊՊԾ գնդի գրավումը մոտ երկու շաբաթ մեծ սթրեսի մեջ պահեց մեր հասարակությանը: Մի խումբ մարդիկ ընտրել էին պայքարի խիստ անընդունելի և հանրության համար վտանգավոր մի ուղի, որը չէր կարող նախադեպ դառնալ մեր երկրում: Դժբախտաբար, այստեղ էլ հնարավոր չեղավ խուսափել զոհերից:
Իսկ Խորհրդարանում ընդունված որոշումներից, թերևս կառանձնացնեի Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը և որպես ամբողջական փաստաթուղթ հանրության դատին հանձնելը, որը համարում եմ խիստ անկյունաքարային մեր երկրի զարգացման տեսանկյունից։ Խորհրդարանական կառավարման այս նոր մոդելի արդյունքներն արդեն մոտ ապագայում տեսանելի կլինեն։ Իսկ ընդհանրապես, կարծում եմ մարդ իր տեսակով պետք է մաքսիմալիստ լինի. իր տեղում նա ամեն ինչ պետք է անի իրավիճակ փոխելու համար։ ԱԺ պատգամավորների պարագայում, բնականաբար, սպասելիքները շատ ավելին են և մեր գործունեությունը, կարծում եմ պետք է գնահատվի հենց այդ ակնկալիքներն արդարացնելու տեսանկյունից: Մի բան ակնհայտ է, որ կարող էինք ավելին անել, քան որպես արդյունքներ արձանագրեցինք:

Արդյոք ինչ նախագծել էիք՝ հնարավոր եղավ իրագործել, թե այնուամենայնիվ որոշ նախաձեռնություններ կտեղափոխեք հաջորդ գումարում:

Մեր խմբակցության մասով, ասեմ, որ բազում օրենսդրական նախաձեռնություններ ներկայացվեցին, քաղաքական հայտարարություններով հանդես եկան մեր խմբակցության պատգամավորները, հարցապնդումներ արվեցին կառավարությանը, երկրի համար մի շարք կարևորագույն խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր իրականացվեցին: Սակայն միաժամանակ բազմաթիվ իրատեսական նախաձեռնություններ տարբեր քաղաքական դրդապատճառներով և իրավիճակային խնդիրներով պայմանավորված մնացին թղթի վրա։ Թեպետ, դեռ ժամանակ կա և գուցե փորձենք որոշ կարևոր նախաձեռնություններ, այնուամենայնիվ կյանքի կոչել, բայց մեծ հաշվով, հիմնական անելիքը պետք է տեղափոխել հաջորդ գումարման ԱԺ: Սակայն անկախ կոնյունկտուրային խնդիրներից մեր խմբակցությունը միշտ կառուցողական դիրքերից է հանդես եկել և շահագրգիռ մասնակցություն է ունեցել, հատկապես այն օրինագծերի և որոշումների քննարկման և ընդունման աշխատանքներում, որոնք բխել են մեր հանրության կենսական շահերից ու մտահոգող խնդիրներից: Գործել ենք բաց, թափանցիկ և ոչ միայն մեր ընտրողները, այլ նաև հանրության լայն շրջանակները քաջատեղյակ են եղել մեր գործունեությունից:

Կցանկանայի՞ք արդյոք հաջորդ ԱԺ-ում լինել, թե կնախընտրեիք այլ ոլորտում ծավալել Ձեր գործունեությունը:

Եթե մեր քաղաքական թիմի և ժողովրդի կողմից կարևորվի իմ հետագա գործունեությունը խորհրդարանում, ես, բնականաբար, կշարունակեմ աշխատանքս Ազգային ժողովում՝ արդեն ավելի մեծ փորձով, իրականությունն ավելի լավ պատկերացնելով։ Այս հարցում, բնականաբար առաջնայինը ընտրողների վստահությունն է։

1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը՝ նվազագույն շեմ, իսկ 5-ը՝ բարձրագույն, որքան եք գնահատում Ձեր վերընտրվելու հնարավորությունները:

Անհամեստ ու անզուսպ եմ համարում նման գնահատական տալ, լավագույն գնահատական տվողը մեր ժողովուրդն է:

Կարո՞ղ եք նշել ներկայում ոչ պատգամավոր երեք գործչի, ում կցանկանայիք տեսնել հաջորդ ԱԺ-ում:

Հասարակական, մշակութային, գիտական ոլորտներում գործունեություն ծավալող արժանի մարդիկ կան, որոնք երեքը չեն, շատ շատերն են, ովքեր արժանի են լինել խորհրդարանում իրենց մարդկային որակներով, մասնագիտական գիտելիքներով: Նրանց գործունեությունից մեր պետությունը, ժողովուրդը, անպայման կշահեն։ Բայց անուններ չեմ առանձնացնի որևէ մեկին չմոռանալու, չնեղացնելու համար։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

22:25 Նոյեմբեր 09, 2016

Ամենաընթերցված նյութեր