Հայկ Չոբանյան. ՏՏ ոլորտում անհրաժեշտ է ներդնել նորարարական և այլընտրանքային կրթական համակարգեր

ԲԱՐՈՄԵՏՐԸ շարունակում է անդրադառնալ մեծ զարգացման ներուժ ունեցող ոլորտներին: Այս անգամ մեր երկխոսությունը ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանի հետ առնչվում էր տեղեկատվական տեխնոլոգիաներին: Բնականաբար, առանցքում ոլորտի զարգացման խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված կոնկրետ քայլերն են:

Պրն. Չոբանյան, լինելով ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն, նախկինում զբաղեցնելով "Նորք" տեղեկատվական կենտրոնի ղեկավարի պաշտոնը, բավական փորձ ունենալով ՏՏ ոլորտում, կարո՞ղ եք նշել` այն որքանով է զարգացած մեր երկրում և ի՞նչ տեմպերով է առաջ շարժվում:


- Անշուշտ, ՏՏ-ն այն բացառիկ ոլորտն է, որն ամեն տարի Հայաստանում ցուցաբերում է աճի բարձր տեմպեր, սակայն ի տարբերություն այլ ոլորտների այստեղ ներուժը շատ ավելի մեծ է։ 20-25% աճի տեմպերը չեն կարող բավարար լինել մի երկրում, որտեղ ընդամենը 25 տարի առաջ ավելի քան 100 հազար ինժեներներ էին ներգրավված ոլորտում։ Դեռևս երիտասարդների և աղջիկների մեծ մասը նախընտրում է սովորել ոչ մրցունակ մասնագիտություններով, իսկ մասնագիտական կրթության մակարդակը շարունակում է ցածր մնալ։ Արդյունքում համալսարանների առանց այն էլ փոքրաթիվ շրջանավարտների կեսն է ի վիճակի մտնել բիզնես: Հայաստանում ՏՏ ոլորտի "աննախադեպ աճի" մասին հայտարարությունները խանգարում են, որպեսզի մենք ճիշտ գնահատենք մեր անելիքները:

Ըստ Ձեզ Հայաստանում ՏՏ ոլորտի խնդիրներն ինչպե՞ս պետք է լուծվեն, որպեսզի ոլորտը հասնի ցանկալի մակարդակի:

-Առաջին խնդիրն, ինչպես արդեն նշեցի, կրթությունն է. բարձրացնել քանակը, որակը և բովանդակությունը: Հարկավոր է արդար գնահատել և ընդունել, որ ներկա կրթական համակարգը ի վիճակի չէ ապահովելու առկա պահանջարկը, ուստի անհրաժեշտ է ներդնել նորարարական և այլընտրանքային կրթական համակարգեր: Այլապես չենք հաջողի ոչ միայն ՏՏ, այլ նաև այլ ոլորտներում: Իրավիճակը մեզ ստիպել է իրականացնել խոշոր կրթական ծրագրեր, հատկապես մարզերում։ Միայն Երևանով և էլիտար դպրոցներով չենք կարող բեկում մտցնել ոլորտի զարգացման մեջ և մեծ հավակնություններ ունենալ։ 2015-2016 թթ. մեր գործընկերների հետ ներդրել ենք 162 "Արմաթ" ինժեներական լաբորատորիաներ, նախատեսում ենք առաջիկա 3 տարվա ընթացքում լաբորատորիաներ ներդնել Հայաստանի բոլոր համայնքներում և դպրոցներում, որի արդյունքում Հայաստանի բոլոր երեխաներին հասանելի կլինի ժամանակակից ինժեներական կրթությունը և 5 տարիների ընթացքում ոլորտի մասնագետների թիվն առնվազն կեռապատկվի։

Ինչ եք կարծում, մոտ ապագայում Հայաստանը կկարողանա՞ հայտ ներկայացնել` աշխարհում ՏՏ ոլորտի առաջատար երկրների շարքում հայտնվելու համար:

-Հայաստանի ՏՏ ոլորտում արձանագրվող հաջողություններն ու ջանքերը հենց դրան են ուղղված։ Չպետք է մոռանանք, որ մեծ է նաև մրցակցությունը, ուստի հարկավոր է անընդհատ բազմապատկել է այդ ջանքերը։ ՏՏ համաշխարհային քարտեզի վրա դիրքավորման համար անհրաժեշտ է ագրեսիվ և հավակնոտ քաղաքականություն, արմատական փոփոխություններին միտված նախաձեռնություններ, Հայաստանի մրցակցային առավելությունների անընդհատ զարգացում։ Դա ճանապարհ է դեպի ավելի բարձրակարգ շուկաներ, դեպի նորարարական աշխարհ, որի արդյունքում մենք կունենանք ավելի մրցունակ ինժեներ, իրավաբան, բժիշկ և այլն:

ՏՏ ճյուղերից ամենազարգացածը Հայաստանում:

-Գերիշխողը ծրագրային ապահովումն է, սակայն պետք է նշել, որ վերջին տարիներին զարգացման տեմպեր ապահովում է նաև ճշգրիտ ճարտարագիտությունը, որտեղ հսկայական դեր ունեցավ ամերիկյան "National Instruments" ընկերությունը: Առանձնանում է նաև միկրոէլեկտրոնիկան, որտեղ մեծ է "Սինոփսիս" ընկերության դերը: Հաջորդն այն ուղղություներն են, որոնք կապված են մաթեմատիկայի հետ: Սա պետք է ձևակերպել որպես Հայաստանի հիմնական մրցակցային առավելություններից մեկը։ Հաջողված ընկերություններ ունենք fin-tek-ում` ֆինանսական տեխնոլոգիաներ, ֆինանսական շուկաների անալիզ, կառավարում և այլն: Վերջին տարիներին Հայաստանում սկսեց զարգանալ betting-ը, որտեղ նույնպես առկա է մաթեմատիկական մոդելավորման և վերլուծության մեծ բաղադրիչ: Հաջորդ ուղղությունը, որը, համոզված եմ, մեծ զարգացում կապրի. դա data science կամ big data-ն է, որն աշխարհի ամենամեծ մարտահրավերներից է:

ՏՏ ոլորտի զարգացումը որքանո՞վ է նպաստում ՀՀ տնտեսության զարգացմանը և հակառակը, արդյո՞ք մեր տնտեսության դանդաղ զարգացումը չի խոչընդոտում ոլորտի զարգացմանը:

-Կատարվել է փոփոխություն ՏՏ ոլորտի իմաստի և բովանդակության մեջ, այսինքն ՏՏ-ն այլևս վերաբերվում է բոլոր ոլորտներին, տնտեսության բոլոր ճյուղերին, կենցաղվարությունից մինչև աշխատանքային մշակույթ: Ուստի ՏՏ զարգացումն ուղղակիորեն ազդում է երկրի տնտեսական և հանրային կյանքի զարգացմանը։ Ցավոք, ՏՏ-ի ներմուծումը հայաստանյան իրականության մեջ կատարվում է դանդաղ տեմպերով: Մենք ունենք ոլորտներ, որտեղ ՏՏ-ն արդեն մեծ չափով մուտք է գործել, սակայն դա առայժմ երկրի տնտեսության մեջ փոքր մաս է կազմում. մեր կարևոր խնդիրներից է այս վիճակին լուծումներ տալը: Ներդաշնակություն պետք է լինի տնտեսության տարբեր ճյուղերի մեջ:

ՀՀ-ում կան պաշտոնական գրանցված 325 IT կազմակերպություններ. արդյո՞ք սա համարվում է բարձր ցուցանիշ և նրանցից քանիսն են կայացած համարվում:

-Այստեղ մի շարք կարևոր հանգամանքներ կան: Օրինակ` 2015 թ. սկզբին Հայաստանում ընդունվեց օրենք ՏՏ ոլորտում հարկային արտոնություններ տրամադրելու մասին: Մենք այդ նախագծի համար բավական երկար պայքարել ենք. 2008-2009թթ. սկսած արտոնության մասին խոսք գնալ չէր կարող, այդ միտքը միայն "սվիններով" էր ընդունվում կառավարության կողմից: Այնուամենայնիվ, մենք հասանք նրան, որ արդեն 2015թ. սկզբին նորաստեղծ ընկերություններին տրվեցին հարկային արտոնություններ: Դա բերեց նորաստեղծ ընկերությունների թվի մեծացմանը: Եթե 2014թ. Հայաստանում ստեղծվել էր 20-25 սթարթափ, ապա 2015 թ. ստեղծվեց 80-90 նման ընկերություն: Այդ ընկերություններից ավելի քան 20%-ը հավակնում են լուրջ հաջողություններ արձանագրելու, որը շատ լավ ցուցանիշ է: Անհրաժեշտ է անընդհատ ավելացնել նման խթանիչ ծրագրերը:

Ինչպես նշեցիք, Հայաստանում կան նոր և հետաքրքիր գաղափարներ, սակայն իրականացնողները քիչ են. ի՞նչ է հարկավոր այս խնդրի լուծման համար:

-Աշխարհում կան այնպիսի կենտրոններ, որոնք ստեղծված են հենց նոր և հետաքրքիր գաղափարների իրականացումը խթանելու համար, սակայն մենք հեռու ենք դրանցից: Հայաստանում ունենք մի շարք ծրագրեր՝ գաղափարների մրցույթներ, գրանտային ծրագրեր, ընդամենը մեկ վենչուրային հիմնադրամ, սակայն սա շատ թույլ է, որպեսզի կարողանանք մեր արժեքավոր գաղափարները դարձնել բիզնես, ապրանք, հարստություն, պետք է ունենանք փոխկապակցված միջավայր և մեխանիզմներ՝ ընտանիքից, դպրոցից մինչև գիտություն և արդյունաբերություն: Իհարկե, տարեցտարի մենք առաջընթաց տեսնում ենք, ինչը հուսադրող է:

Հոկտեմբերի 3-5-ը` Բրազիլիայում ընթանում էր տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technologies - WCIT), որին ՀՀ կառավարության աջակցությամբ մասնակցում էր նաև հայկական ՏՏ պատվիրակությունը` ի դեմս ԻՏՁՄ-ի, իսկ արդեն WCIT 2019-ը անցկացվելու է Հայաստանում: Ի՞նչ կտա այն մեզ:

-Մեր ռազմավարական քայլերն ուղղված են նաև ՏՏ համաշխարհային քարտեզին Հայաստանի դիրքավորմանը և հաստատուն դիրքերի ապահովմանը: ՏՏ ասպարեզում կան աշխարհին հայտնի երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Իսրայելը, Թայվանը։ Սա շատ կարևոր է այդ երկրների համար։ Պետք է աշխարհն իմանա Հայաստանի մասին, մեր առավելություններն ու նույնիսկ թերությունները։ Այս ճանապարհին շատ կարևոր է համաշխարհային հիմնական հարթակներում ներկայանալը, ինչպիսին է ՏՏ համաշխարհային համաժողովը։ Այս տարի Հայաստանը շահեց 3 մրցանակ, որը լուրջ հաջողություն է մեզ համար։ 2017թ. WCIT-ը անցկացվելու է Թայվանում, որը տեխնոլոգիայի լիդերն է. փոքր երկիր, բայց ոլորտի առաջատար երկրներից մեկը: Հաջորդը Հնդկաստանն է, որն արդեն վաղուց ամրացրել է իր դիրքերը և համարվում է ոլորտի գերտերություններից մեկը, իսկ 2019-ը անցկացվելու է Հայաստանում. սա մեծագույն հաջողություն, հնարավորություն և, միաժամանակ մարտահրավեր է մեզ համար:

Վերադառնալով ԻՏՁՄ-ի գործունեությանը. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ հանրապետության դպրոցներում սկսել են գործել ինժեներական խմբակ-լաբորատորիաներ, որոնք հնարավորություն են տալիս բարելավել Հայաստանում ինժեներական կրթության մակարդակը, նպաստելու են նոր տեխնոլոգիական սերնդի զարգացմանը: Առաջիկայում էլ ի՞նչ նոր ծրագրերով է հանդես գալու ԻՏՁՄ-ն:

-Սեպտեմբերից կյանքի կոչեցինք մեր նոր նախաձեռնությունը՝ Իրական դպրոց անվանմամբ, որի արդյունքում 15-18 տարեկան երեխաները կստանան բարձրակարգ մասնագիտական կրթություն և կտեղավորվեն աշխատանքի անմիջապես ուսումն ավարտելուց հետո՝ շահելով առնվազն երեք տարի։ Կարևոր նախաձեռնություններից է նաև մարզերում տեխնոլոգիական բիզնես միջավայրի, բիզնեսի զարգացման կենտրոնների ստեղծումը: Մենք լավատես ենք և հետևողական մեր բոլոր նախաձեռնություններում։ Համոզված եմ, որ արդյունքները լինելու են ավելին, քան պատկերացնում ենք։

ԲԱՐՈՄԵՏՐ

 

22:29 Նոյեմբեր 04, 2016

Ամենաընթերցված նյութեր