ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ. Մեր երկիրը ժողովրդավարություն կերտելու ճանապարհին բազմաթիվ փորձությունների միջով է անցնում

ԲԱՐՈՄԵՏՐՆ իրականացնում է "Հինգերորդ գումարման ԱԺ-ից անցում՝ վեցերորդին" նախագիծը: Այն երկու հիմնական փուլերից է բաղկացած. առաջինում՝ մեր կազմած հարցաշարին պատասխանում են գործող պատգամավորները, իսկ երկրորդ փուլում ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները կատարում են քաղաքական կանխատեսումներ նրանց հաջորդ՝ 6-րդ գումարման ԱԺ-ում լինելու հնարավորությունների և, առհասարակ, նոր պառլամենտի հավանական քաղաքական քարտեզի վերաբերյալ:


N4. Վահան Բաբայան- ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր, նորաստեղծ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ: Ըստ www.parliamentmonitoring.am  կայքի տվյալների Վահան Բաբայանը նիստերից բացակայել է 94 անգամ, ինչը ընդհանուր հանրագումարում էականորեն շատ չէ, հանդես է եկել 15 ելույթով, իսկ Կառավարությանը ուղղել 22 հարց: ԱԺ պատգամավորը կողմ է քվեարկել 525 նախագծի, իսկ դեմ՝ 58-ի:

Ըստ էության, այս նստաշրջանն ԱԺ-ում աշխատանքների արդյունավետ կազմակերպման առումով վերջինն է լինելու: 2017թ. փետրվարին պատգամավորներից շատերն անմիջականորեն կներգրավեն նախընտրական գործընթացների մեջ: Եթե կարճ ամփոփեք՝ ինչպես կգնահատեք 5-րդ գումարման ԱԺ գործունեությունը:


Մեր երկրում այս ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, որոնք հասարակական լայն հնչերանգ ստացան: 5-րդ գումարման Ազգային ժողովը հաստատեց երեք կառավարության ծրագրերը, երկար քննարկեց և ժողովրդի դատին ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, բազմաթիվ կարևորագույն օրենքներ ընդունեց: Ցավոք, եղավ ապրիլյան պատերազմը, հուլիսին՝ ՊՊԾ գնդի գրավումը, որոնք մեծ լարվածության մեջ պահեցին մեր հանրությանը: Ակտիվ էր քաղաքացիական հասարակությունը, որը փորձում էր սոցիալական տարբեր խնդիրներ տեղափոխել քաղաքացիական պայքարի հարթություն: Քաղաքական դաշտում տեղի ունեցան էական վերադասավորումներ: Մի բան ակնհայտ է, որ այս ընթացքում մեր երկիրն այդպես էլ չշեղվեց իր հիմնական ուղուց և ժողովրդավարություն կերտելու ճանապարհին բազմաթիվ փորձությունների միջով անցավ և ներկայում էլ անցնում է: Կարելի է ասել, որ այսօր մենք հաստատուն կամքով գնում ենք բարեփոխումների հունով, փորձում ենք բացասական երևույթները վերացնելով առաջ մղել մեր երկիրը և զարգացնել մեր տնտեսությունը:


Արդյոք ինչ նախագծել էիք՝ հնարավոր եղավ իրագործել, թե այնուամենայնիվ, որոշ նախաձեռնություններ կտեղափոխեք հաջորդ գումարում:

Ես կարծում եմ, որ իհարկե նախագծերի մեծ մասը հնարավոր եղել է կյանքի կոչել, համենայնդեպս այնքան շատ անելիքներ կան, որ մեկ գումարումով չես կարող եզրափակվել և, իհարկե, հաջորդ գումարմանը շատ անելիքներ են մնում:

Կցանկանայի՞ք արդյոք հաջորդ ԱԺ-ում լինել, թե կնախընտրեիք այլ ոլորտում ծավալել Ձեր գործունեությունը:

Հարցին միանշանակ չեմ կարող պատասխանել: Ես, իհարկե, մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին և ցանկություն ունեմ շարունակել այն գործունեությունը, որը կապված է մեր երկրի զարգացման, մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացման հետ, բայց այդ նպատակները ցանկություններով չեն իրականացվում, այլ քաղաքական նպատակահարմարություններով, ընտրողների ձայներով և, ինչու ոչ, նաև այն թիմի ցանկություններով, որի հետ միասին պատրաստվում եմ իրականացնել իմ քաղաքական ծրագրերը:

1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը՝ նվազագույն շեմ, իսկ 5-ը՝ բարձրագույն, որքան եք գնահատում Ձեր վերընտրվելու հնարավորությունները:


Զերծ կմնամ գնահատականներ տալուց, նման քննարկումներն ու կանխատեսումներն անշնորհակալ բան են: Թող իմ գործընկերները կամ ինձ ճանաչող քաղաքացիներն այդ կանխատեսումներն անեն, ոչ թե ես:

Կարո՞ղ եք նշել ներկայում ոչ պատգամավոր երեք գործչի, ում կցանկանայիք տեսնել հաջորդ ԱԺ-ում:

Առաջին հերթին ես կցանկանայի տեսնել իմ թիմակիցներին, ովքեր այսօր իմ կողքին կանգնած աշխատում են և ոչ պակաս կարողություններ ունեն շատ շատերից և կարող են մեծ օգուտ տալ օրենսդրական աշխատանքում: Իմ թիմակիցներից ես կառանձնացնեմ իմ տեղակալին՝ Գևորգ Սարոյանին, երիտասարդ քաղաքական գործիչ, ով նաև հաջողակ գործարար է եղել: Հայտնի դերասանուհի, մշակույթի գործիչ Անահիտ Մութաֆյանին, ով ռեֆորմիստների հետ միասին աշխատում է մեր ծրագրերի իրագործման համար: Էդիկ Չիլինգարյանին, ով մեր գաղափարախոսական աշխատանքների պատասխանատուն է: Լիլիթ Մատինյանին, ով կրթական ոլորտն է համակարգում: Բայց նորից կրկնվեմ՝ դա միայն ցանկություններով ու մատնանշումներով չէ, այլ պետք է որոշվի ընտրական գործընթացներին գրագետ մասնակցությամբ և մեր քաղաքացիների վստահության քվեով:

ԲԱՐՈՄԵՏՐ

14:01 Նոյեմբեր 01, 2016

Ամենաընթերցված նյութեր