Արա Դեղտրիկյան. Ամեն ինչ պետք է լավ անել. հիմա աշխարհում մի տեսակ լավի պակաս կա

ԲԱՐՈՄԵՏՐԸ շարունակում է զրուցել իրենց ոլորտներում հստակ ասելիք ունեցող, կարծիքի առաջատարների հետ: Դերասան Արա Դեղտրիկյանի հետ երկխոսությունը շոշափում է թատրոնին, կինոյին առնչվող բազմաշերտ խնդիրներ:

Պարոն Դեղտրիկյան, ինչպե՞ս է եղել Ձեր մուտքը դեպի թատերական աշխարհ. մանկության երազանք էր, թե՞...

- Պատանի տարիքում արդեն կողմնորոշվել էի՝ ինչով եմ ցանկանում զբաղվել: Չնայած նրան, որ մեր ընտանիքում որոշումս զարմանք առաջացրեց, ամեն դեպքում նրանց շնորհիվ էլ էր, որ ընտրեցի արվեստի ճանապարհը: Փոքր տարիքից մայրս, մորաքույրս տանում էին տարբեր ներկայացումների, համերգների, բալետ, օպերա, կինոթատրոն: Իմ ընտանիքում արվեստն իր մեծ տեղն ուներ և կապը մշակույթի հետ միշտ պահպանվում էր, որը բնականաբար չէր կարող ազդեցություն չունենալ ինձ վրա: Առաջին իսկ փորձից ընդունվեցի թատերական ինստիտուտ՝ Զավեն Տատինցյանի կուրս: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել սովորել հենց նրա մոտ, ով ոչ միայն հոյակապ բեմադրիչ էր, այլ նաև լավ մանկավարժ: Բավականին մեծ պաշար եմ ստացել նրանից. կարողանում էր ուսանողին այնպիսի առաջադրանքներ հանձնարարել, որ գտներ, բացահայտեր դերասանի հնարավորությունները, յուրահատկությունները: Վերջին կուրսում էի, երբ Երվանդ Ղազանչյանը հրավիրեց աշխատելու Պատանի հանդիսատեսի թատրոն: Այսպես սկսցվեց իմ մուտքը դեպի թատերական աշխարհ: Խաղացել եմ տարբեր բեմերում, իսկ արդեն 1993 թվականից Պարոնյանում, որն ինձ համար ամենահարազատ և սիրելի բեմերից մեկն է:

Զորավար Անդրանիկից մինչև Մակբեթ. ամենակարևորը և պատասխանատուն այդ ճանապարհին:

Սկզբնական շրջանում տարբեր դերեր էի խաղում, առաջիններից էր նաև Անդրանիկի կերպարի մարմնավորումը: Ներկայացումը կոչվում էր "Կարմիր կիրակիի զինվորը": Այն շրջանն էր, երբ երկրում ազատագրական շարժման ոգին էր տիրում: Հիշում եմ նաև մի այսպիսի դրվագ, երբ նոր էի ընդունվել թատրոն, Պատանի հանդիսատեսի դերասաններից մեկը, ով ներկայացումներից մեկում խաղում էր գլխավոր դեր, դուրս էր եկել աշխատանքից. երկու օր հետո այդ ներկայացումն էր: Ղազանչյանը նրա դերը ինձ տվեց, մեծ պատասխանատվություն էր, բայց հաջողությամբ կարողացա կատարել առաջադրանքը. ինձ օգնեց նաև լավ հիշողությունս: Ինչ վերաբերվում է պատասխանատվությանը, ապա այն միշտ պետք է լինի, անկախ նրանից, թե ինչ ես խաղում, քանի անգամ ես խաղացել տվյալ դերը: Հակառակը՝ դերասանն այնքան արհեստավարժ պետք լինի, որ կարողանա ամեն անգամ նույն դերը խաղալուց մի նոր գույն, երանգ մտցնել, որպեսզի ներկայացումը չհնանա, չմաշվի:

Ի՞նչն է պակասում այսօրվա մեր թատերական աշխարհին: Արդյո՞ք այն դեպի լճացում չի գնում:

-Իհարկե, կյանքի ռիթմը սարսափելի արագացել է, տեխնոլոգիանների զարգացումը, համացանցը և մի շարք այլ գործոններ ազդում են, սակայն թատրոնն իր դիրքը երբեք չի զիջի. դա կենդանի արվեստ է, մի ուրիշ աշխարհ: Եվ եթե ամեն ինչ արվում է որակով ու մակարդակով, կա հետաքրքիր գրական նյութ, եթե կա հրաշալի ռեժիսորական ձեռագիր, չի կարող այն հանդիսատեսին չգրավել: Շատ բան է փոխվել՝ կոմերցիոն ներկայացումներ և այլն. բան չունեմ ասելու թող արվեն, չէ՞ որ ամեն մեկը կատարում է իր ճաշակին համապատասխան ընտրություն, սակայն լավ կլինի, որ այդ ամենն արվի պրոֆեսիոնալ: Գիտեք, կատակերգությունն էլ, ծիծաղն էլ չպետք է լինի դատարկ ծիծաղ: Այ, օրինակ՝ հիմա խաղում եմ մի ներկայացման մեջ՝ "Չի եղել գիշեր, որ չի լուսացել". կատակերգական ժանր է, սակայն ունի ասելիք, խորություն, հայրենասիրական, միասնության խորհուրդ ունի, այսինքն միայն ծիծաղ չէ, շեշտը դրված չէ միայն ծիծաղեցնելու վրա: Բայց էլի եմ ասում, յուրաքանչյուրն ընտրում է իր համար այն, ինչ հարազատ է:

Ինչպես նշեցիք՝ թատրոնը մի ուրիշ աշխարհ է. դուք անձամբ թատրոնում ամենաշատն ի՞նչն եք գնահատում:

-Իրականում դերասանությունը շատ բարդ մասնագիտություն է, և եթե ինչ-որ մեկին թվում է, որ արտիստ լինելը հեշտ է, սխալվում է: Երբ որոշում են կայացնում գնալ արվեստի ճանապարհով, պետք է հասկանան մասնագիտության լրջությունը:
Նախ ես իմ գործը շատ եմ սիրում, իսկ ի՞նչն եմ գնահատում. գիտե՞ք, ես շատ եմ սիրում փորձնական շրջանը, երբ նոր ենք սկսում աշխատել, հենց ամենասկզբից՝ սկսած սեղանի շուրջ նստած պահից, երբ ուղղակի կարդում ենք տեքստը, ծանոթանում սցենարին: Սիրում եմ փորձերը՝ հատկապես երեկոյան. մի տեսակ ուրիշ տրամադրվածություն է և, իհարկե, ամենահրաշալին այն է, երբ ունես լավ խաղընկեր. երբ դատարկ աչքերով մեկի հետ ես խաղում, ով ոչինչ չի տալիս, իմպուլս չես ստանում խաղի ժամանակ, այ դա արդեն շատ դժվար է: Վերջում, բնականաբար, հանդիսատեսի գնահատականը:

Ֆիլմերում նկարվելու փորձ ունենալով՝ կորակավորե՞ք մեր ֆիլմարտադրությունը. ըստ Ձեզ որո՞նք են կարևոր բացթողումները:

-Ընդհանրապես Սովետական Միության փլուզումից հետո կինոարտադրությունը, կարելի է ասել, բոլոր նախկին սոցհանրապետություններում բավականին մեծ հարված ստացավ: Կինոարտադրությունը մեծ հովանավորություն է պահանջում, պետության կողմից լուրջ աջակցություն, քանի որ ֆիլմ ստեղծելը բարդ և ծախսատար աշխատանք է: Հիմա ֆիլմեր նկարվում են, բայց որպես այդպիսին լուրջ կինոմատոգրաֆիա չունենք. դա միանշանակ: Կան փորձեր, որոնք վատ չեն, և դրանք նպաստում են որոշակի առաջընթացի, փոփոխությունների, սակայն դա բավական չէ: Էլի եմ ասում՝ ցանկացած գործում անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մոտեցում և պրոֆեսիոնալ մարդկանց խումբ, լավ կադրեր, ճիշտ կրթություն՝ գործին տիրապետելու համար: Օրինակ՝ փորձ ունեցել եմ նկարահանվել ամերիկյան ֆիլմում՝ Բեն Ֆոստերի հետ մի դրվագում, ուղղակի հիացած եմ պրոֆեսիոնալ մոտեցումից. յուրաքանչյուրը հստակ գիտեր իր գործը, իր անելիքը, ժամացույցի ճշտությամբ աշխատում էին: Մեկ րոպե անգամ ետ չէր ընկնում աշխատանքը: Ուղղակի հիացած էի: Հիմա շատ են այնպիսիք, ովքեր մեկ-երկու բան կարողանում են անել, որից հետո դադարում են աճել, կատարելագործվել՝ կարծելով, թե իրենք արդեն աստղեր են իջեցրել երկնքից: Մեզ մոտ շատ թերություններ կան, և դա միայն ֆինանսի հետ կապված չէ. կա պրոֆեսիոնալիզմի պակաս:

Ունենալով հարուստ դերասանական պատմություն, 30 տարուց ավել լինելով բեմում, խաղալով բազմաթիվ դերեր` չկա՞ ցանկություն հանդիսատեսին ներկայանալ մոնո-ներկայացմամբ , առանց խաղընկերների:

-Անկեղծ ասած, մոնո-ներկայացումների սիրահար չեմ: Ես սիրում եմ խաղընկերների առկայությունը, երբ նրանցից ստանում ես փոխադարձ էմոցիա, հուզականություն...: Շատ անգամ եմ նայել տարբեր կատարումներ, բայց մատների վրա կարելի է հաշվել ստացվածները: Մոնո-ներկայացումը նախ պետք է շատ հետաքրքիր լինի, և, ամենակարևորը, կատարողը պետք է շատ լուրջ դերասան լինի: Հիշում եմ՝ մի անգամ ներկա էի Արմեն Ջիգարխանյանի մոնո ներկայացմանը: Այն սկսվեց մի քանի րոպե լռությամբ, իսկ դահլիճում 4-5 րոպե լռությունը բավական մեծ դադար է. թվում է՝ ժամեր են անցնում: Հենված էր սեղանին և նայում էր ուղիղ դահլիճին, մի քանի րոպե չէր խոսում, հենված սեղանին նայու՜մ էր, նայու՜մ, հետո վերցրեց բանան, սկսեց ուտել ու էլի լուռ էր: Պրոֆեսիոնալիզմն այնքան շատ էր, որ այդ մի քանի րոպե լռությունն անգամ չթուլացրեց դահլիճում տիրող մթնոլորտը, համակ ուշադրությունը:

Ամեն մասնագիտություն ունի իր բարդությունը. հատկապես նրանք, որոնք թիմային աշխատանք են պահանջում: Թատերական կյանքը նույնպես զերծ չէ կոնֆլիկտային իրավիճակներից, տարակարծություններից: Հասկանալով այդ ամենը` դերասանը պետք է գտնի լուծման իր տարբերակը: Ինչպիսի՞ն է Արա Դեղտրիկյանի մոտեցումն այս պարագայում, ինչպե՞ս է խնդրի լուծման Ձեր եղանակը:

-Իհարկե, շատ տարբեր հարցեր կան. նախանձի դրսևորումներ, չկամություն, շատ են հավակնոտները: Չես կարող լիովին խուսափել կոնֆլիկտներից, սակայն ինքս բնավորությամբ հանգիստ մարդ եմ, շատ հարցերի փորձում եմ թեթև վերաբերվել՝ լավ իմանալով մեր բնագավառը, մասնագիտության բարդությունը:

Այնուամենայնիվ, եղե՞լ է իրավիճակ, որը Ձեզ թեկուզ շատ կարճ, բայց ստիպել է հիասթափվել այնքան, որ թողնեք Ձեր սիրելի աշխատանքը և այլևս բեմ չբարձրանաք:

-Ինչպես նշեցի, բնավորությամբ հանգիստ մարդ եմ, բայց երբ զայրանում եմ, այ դա շատ լուրջ է ինձ մոտ: Չեմ ուզենա այնպիսի մեծ հիասթափություն ապրել, որ այլևս չցանկանամ իմ սիրելի գործով զբաղել, քանի որ ես շատ եմ սիրում բեմը, սիրում եմ ֆիլմերում նկարահանվել, միկրոֆոնի հետ աշխատանքը, ֆիլմերի, մուլտֆիլմերի կրկնօրինակումը. այն ամենը, ինչ որ կապված է իմ մասնագիտության հետ: Հուսով եմ, նրան չի հասնի, որ չուզենամ այլևս աշխատել:

Ժամանակն առաջ է շարժվում, տեղի է ունենում սերնդափոխություն` հետևում թողնելով հանճարեղ արտիստների. այս պարագայում ուզում եմ շեշտել տաղանդավոր դերասանների: Գալիս են փոխարինողներ, նրանց մեջ արդյոք կա՞ն այնպիսիք, որոնց կարելի է համարել արժանի փոխարինողներ:

-Մեր լեգենդները, մեր անվանիները տարօրինակ կերպով մի շրջանում հայտնվեցին և մի շրջանում էլ կյանքից հեռացան, անուններ չնշեմ. բոլորս էլ գիտենք:
Տաղանդավոր դերասան միայն սովորելով չեն դառնում, պետք է ի վերուստ տրված տաղանդ լինի. ուզում ես ամենալավ մասնագետի մոտ սովորի, միևնույն է, դա բավական չէ: Եթե ներսումդ կա այդ շնորհը և դրան գումարվի նաև լավ մասնագետի մոտ հայտնվելը, ով կկարողանա բացահայտել և ճիշտ կողմնորոշել, ահա այդ ժամանակ կունենանք լավ կադրեր: Մեր երիտասարդները պետք է ավելի լուրջ վերաբերվեն իրենց ընտրությանը, չսահմանափակվեն ձեռքբերածով: Կարևոր է բեմական փորձը, վերջիվերջո, դերասանը իսկական արտիստ է դառնում թատրոնում. դա միանշանակ է: Եթե ուզում ես հասկանալ՝ դերասան ես, պետք է խաղաս բեմում:

Ձեր ստեղծագործական կյանքում արդյոք կա՞ն այնպիսի երազանքներ, որոնց իրականացմանը դեռ սպասում եք:

-Տարիների ընթացքում այնքան լավ, հետաքրքիր պիեսներում եմ խաղացել՝ և ռուսական, և անգլիական, և մեր դասականները. շատ մեծ դերացանկ ունեմ: Օրինակ, երբ ինձ առաջարկեցին Մակբեթ խաղալ, երբեք հատուկ չէի երազել այդ դերի մասին: Բավական ծանր ներկայացում էր, ինձնից շատ բան էր տանում: Իսկ հոգեկան ապրումները, շատ բարդ է. ազդում է նույնիսկ դերասանի առողջության վրա. հատկապես երբ լիովին տրվում ես դերին: Ամեն ներկայացումից հետո նիհարում էի (էդ մի կողմից լավ էր. հումորով մեջբերեց դերասանը): Դերերի պակաս չեմ ունեցել:
Աստված տա՝ մեզ մոտ արվեստը միայն վերելք ապրի, չճահճանա, կարողանանք հանդիսատեսին գրավել պրոֆեսիոնալ, բարձր մակարդակի ներկայացումներով, ֆիլմերով: Դա արդեն մեծ ձեռքբերում կլինի, և երբեք թատրոնն իր դիրքերը չի զիջի՝ պահելով իր բարձր հորիզոնականը: Մնում է ամեն ինչ լավ անել, իսկ հիմա աշխարհում մի տեսակ լավի պակաս կա:

ԲԱՐՈՄԵՏՐ

21:32 Հոկտեմբեր 24, 2016

Ամենաընթերցված նյութեր