ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. Ես կարծում եմ պատմությունը բարձր կգնահատի այս գումարման Ազգային ժողովի գործունեությունը

ԲԱՐՈՄԵՏՐՆ իրականացնում է "Հինգերորդ գումարման ԱԺ-ից անցում՝ վեցերորդին" նախագիծը: Այն երկու հիմնական փուլերից է բաղկացած. առաջինում՝ մեր կազմած հարցաշարին պատասխանում են գործող պատգամավորները, իսկ երկրորդ փուլում ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները կատարում են քաղաքական կանխատեսումներ նրանց հաջորդ՝ 6-րդ գումարման ԱԺ-ում լինելու հնարավորությունների և, առհասարակ, նոր պառլամենտի հավանական քաղաքական քարտեզի վերաբերյալ:


N 3. Լևոն Մարտիրոսյան- ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, Միացյալ ազատական ազգային կուսակցության քարտուղար: Ըստ http://www.parliamentmonitoring.am կայքի տվյալների Լևոն Մարտիրոսյանը 731 կողմ է քվեարկել օրինագծերին, "դեմ" կոճակը սեղմել ընդամենը 7 անգամ, ԱԺ նիստերից բացակայել է 101 անգամ: 23 հարց է ուղղել Կառավարության ներկայացուցիչներին:

Ըստ էության այս նստաշրջանն ԱԺ-ում աշխատանքների արդյունավետ կազմակերպման առումով վերջինն է լինելու: 2017թ. փետրվարին պատգամավորներից շատերն անմիջականորեն կներգրավեն նախընտրական գործընթացների մեջ: Եթե կարճ ամփոփեք՝ ինչպես կգնահատեք 5-րդ գումարման ԱԺ գործունեությունը:


Շատ դրական: Մենք բազմաթիվ կարևորագույն օրինագծեր ընդունեցինք վերջին չերսուկես տարիների ընթացքում: Ինչ խոսք, առանցքայինը սահմանադրական փոփոխությունների նախագիծն էր, որն այնուհետև համաժողովրդական հանրաքվեով հավանության արժանացավ մեր հայրենակիցների կողմից: Կարևոր օրինագծերից էին նաև ընտրական օրենսգիրքը, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, կուսակցությունների մասին օրենքը, որոնք հիմա քննարկվում են, Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը, համաձայնագրի վավերացումը և բազմաթիվ այլ օրենքներ: Ազգային ժողովի ներկա գումարումն առանձնանում է նաև իր քաղաքական խայտաբղետությամբ, այսինքն՝ բոլոր հիմնական քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները ներկայացված են Ազգային ժողովում: Ես կարծում եմ, որ պատմությունը բարձր կգնահատի այս գումարման Ազգային ժողովի գործունեությունը՝ որպես չափազանց դրական փաստ մեր քաղաքական պատմության մեջ: Այն իսկապես մեծ առաքելություն կատարեց և իր ուրույն տեղը կունենա է մեր ժողովրդի պատմության մեջ, որովհետև ամենապատմական օրենքներն ու նախագծերն է ընդունել:

Արդյոք ինչ նախագծել էիք՝ հնարավոր եղավ իրագործել, թե այնուամենայնիվ որոշ նախաձեռնություններ կտեղափոխեք հաջորդ գումարում:


Հիմնական նախագծերը, սահմանադրական օրենքները, դրանց ընդունումը սահմանադրությամբ նախատեսված են անցումային դրույթներում և ունեն ընդունման հստակ ժամկետ՝ 3/5-ով պետք է ընդունվեն Ազգային ժողովի կողմից: Այնպես որ, մենք ուզենք թե չուզենք այդ օրենքները ընդունելու ենք շատ տեսանելի ապագայում՝ այս գումարման ընթացքում: Ես համարում եմ, որ բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց մասին ես խոսեցի չափազանց դրական ազդեցություն են ունենալու մեր ժողովրդի կյանքում և մեր երկրի համար:

Կցանկանայի՞ք արդյոք հաջորդ ԱԺ-ում լինել, թե կնախընտրեիք այլ ոլորտում ծավալել Ձեր գործունեությունը:


Ես քաղաքական մեծ թիմի ներկայացուցիչ եմ, թիմը ինչպես որոշի, այնպես էլ կանեմ, պատրաստ եմ և Ազգային ժողովում շարունակել իմ աշխատանքը, պատրաստ եմ նաև այլ ոլորտում՝ այնտեղ, որտեղ ես կկարողանամ իմ մասնագիտական ունակությունները դրսևորել:

1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը՝ նվազագույն շեմ, իսկ 5-ը՝ բարձրագույն, որքան եք գնահատում Ձեր վերընտրվելու հնարավորությունները:


Իմ վերընտրվելու հնարավորությունը ես գնահատում եմ ամենաբարձր մակարդակով, այսինքն՝ 5: Վստահությունը գալիս է իմ տասնամյա քաղաքական փորձառությունից:

Կարո՞ղ եք նշել ներկայում ոչ պատգամավոր երեք գործչի, ում կցանկանայիք տեսնել հաջորդ ԱԺ-ում:


Դժվարանում եմ այդ հարցին պատասախանել: Կարծում եմ ՏԻՄ վերջին ընտրությունները բավականին լավ պատկեր տվեցին, թե ապագա խորհրդարանական ընտրություններում որ ուժերը կկարողանան հաղթահարել հինգ տոկոսանոց արգելքը:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

22:00 Հոկտեմբեր 19, 2016

Ամենաընթերցված նյութեր