ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Ես միշտ պատրաստ եմ լինել այնտեղ, որտեղ կարող եմ արդյունավետ աշխատել

ԲԱՐՈՄԵՏՐՆ իրականացնում է "Հինգերորդ գումարման ԱԺ-ից անցում՝ վեցերորդին" նախագիծը: Այն երկու հիմնական փուլերից է բաղկացած. առաջինում՝ մեր կազմած հարցաշարին պատասխանում են գործող պատգամավորները, իսկ երկրորդ փուլում ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները կատարում են քաղաքական կանխատեսումներ նրանց հաջորդ՝ 6-րդ գումարման ԱԺ-ում լինելու հնարավորությունների և, առհասարակ, նոր պառլամենտի հավանական քաղաքական քարտեզի վերաբերյալ:

N 2. Նաիրա Կարապետյան. ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, Միացյալ ազատական ազգային կուսակցության քարտուղար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ:

Ըստ էության այս նստաշրջանն ԱԺ-ում աշխատանքների արդյունավետ կազմակերպման առումով վերջինն է լինելու: 2017թ. փետրվարին պատգամավորներից շատերն անմիջականորեն կներգրավեն նախընտրական գործընթացների մեջ: Եթե կարճ ամփոփեք՝ ինչպես կգնահատեք 5-րդ գումարման ԱԺ գործունեությունը:

Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետությունն առանձնացված դիտարկելը ճիշտ չեմ համարում, քանի որ օրենսդիր և գործադիր մարմինների համատեղ աշխատանքն է տալիս տեսանելի արդյունք, ինչը և ակնհայտ է։

Արդյոք ինչ նախագծել էիք՝ հնարավոր եղավ իրագործել, թե այնուամենայնիվ որոշ նախաձեռնություններ կտեղափոխեք հաջորդ գումարում:

Պատգամավորի աշխատանքն ամենօրյա է, այն կանոնակարգված և ժամկետավորված չէ, և միշտ էլ կան նախաձեռնություններ, որոնք շարունակական են։ Առավել ևս միջազգային խորհրդարանական կազմակերպություններում մեր աշխատանքը։ Նախաձեռնությունների մեծ մասն իրականացել է, սակայն, անշուշտ, շատ աշխատանք կա հետագայի համար։

Կցանկանայի՞ք արդյոք հաջորդ ԱԺ-ում լինել, թե կնախընտրեիք այլ ոլորտում ծավալել Ձեր գործունեությունը:

Լինելով պետականամետ մարդ՝ ես միշտ պատրաստ եմ լինել այնտեղ, որտեղ կարող եմ արդյունավետ աշխատանք կատարել։ Ի վերջո, նպատակը մեկն է, և այն միտված է մեր երկրի զարգացմանը։

1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը՝ նվազագույն շեմ, իսկ 5-ը՝ բարձրագույն, որքան եք գնահատում Ձեր վերընտրվելու հնարավորությունները:

Վերընտրվելն ինձ համար ինքնանպատակ չէ, և ես վստահ եմ, որ հաջորդ գումարման ԱԺ-ն լինելու է ավելի լավը, և դա բնական է։ Ընտրելիս, կարծում եմ, պետք է ընտրել պատգամավորի քաղաքական և աշխատանքային ոլորտային առանձնահատկությունը, այսպես կոչված "նիշան", և ոչ թե սոսկ նրա անձը։ Դժվարանում եմ գնահատական հնչեցնել։

Կարո՞ղ եք նշել ներկայում ոչ պատգամավոր երեք գործչի, ում կցանկանայիք տեսնել հաջորդ ԱԺ-ում:

Այս հարցի պատասխանը նախորդի տրամաբանական շարունակությունն է, առաջնահերթ պետք է հաշվի առնել, թե ինչ խնդիր է լուծելու հաջորդ գումարումը և նոր կենտրոնանալ թեկնածուների վրա։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:00 Հոկտեմբեր 07, 2016

Ամենաընթերցված նյութեր