ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ. Մեր քաղաքական օրակարգն այնքան դատարկ է, որ նյութ շատ դժվար է գտնել

Շատ է խոսվում, որ քաղաքական լրագրության վիճակը, թերևս, առավել օրհասականն է: Իրականում գույներն է շատ խտացվա՞ծ, թե՞ ասվածը՝ օբյեկտիվ պատկերն է.

Կան և օբյեկտիվ և սուբյեկտիվ պահեր, ցավոք սրտի, մեր հասարակությունը չի ֆինանսավորում լրատվամիջոցներին և ֆինանսավորման հիմնական աղբյուրն էլ քաղաքական ուժերն են, կամ քաղաքականացված կառույցները: Իրենք էլ, բնական է, որ շահագրգռված են պատվերի մեջ, որը փչացնում է ամեն ինչ:
Եվ կա երկրորդ խնդիրը` լրատվության մակարդակը: Այն, ինչ սովորեցնում են այսօր բուհերում, և այն, ինչ պետք է, ինչպես գրեթե բոլոր ոլորտներում, այնպես էլ այստեղ՝ իրար հետ որևէ կապ չունեն:

Ի՞նչ առանձնահատուկ գիտելիքների կամ, գուցե, հմտությունների պետք է տիրապետի քաղաքական լրագրությամբ զբաղվող մասնագետը:

Այն բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնց ցանկացած լրագրող պետք է տիրապետի` հավասարություն, բազմակողմանիություն ... Թերևս, կարևոր է նաև այն, որ պետք է իմանա պատմություն: Եթե սկսնակ ես՝ քեզ համար դժվար է, որովհետև մեր քաղաքական գործիչները շատ փոփոխական են, ամեն տարի մի բան են ասում և գոնե տասը տարվա կենսագրությունը պետք է իմանաս, որ հիշես` առաջ ինչ էր ասում, հիմա՝ ինչ: Ու շատ հաճախ դեպքերն էլ իրար շաղկապված են, եթե չիմանաս 2008-2009 թթ.-ներին ինչ է եղել, դժվար կլինի ճիշտ հացադրումներ անել:
Մյուս յուրահատկությունն այն է, որ մեր քաղաքական օրակարգն այնքան դատարկ է, որ նյութ շատ դժվար է գտնել:

Դուք ավելի քան 15 տարի այս ասպարեզում եք: Ի՞նչ խնդիրներ կային առաջ ու հիմա

Մեր հեռուստաեթեր մուտքը համընկավ "Ա1+"-ի փակվելու հետ, ու մեր նկատմամբ վերաբերմունքը բավականին նեգատիվ էր: Մենք համարվում էինք իշխանամետ և առաջին երեք ամիսը, երբ հյուր էի կանչում շատերը խուսափում էին գալուց: Սակայն կես տարվա մեջ կարողացանք չեզոքացնել այդ անվստահությունը:
15 տարի առաջ և հիմա գույություն ունեցող խնդիրներից մեկն էլ միջավայրն է: Միջավայր, որտեղ կարելի է քննարկել նյութը, որտեղ ինչու չէ` հարցեր ծնվեն, ցավոք չկա: Միայնակ, որքան էլ կարդաս ու վերլուծես, միևնույնն է պետք են նաև այլ մարդիկ, ում հետ պետք է մտքեր փոխանակել: 

Ձեր կարծիքով ավելի դյուրին է քաղաքական վերլուծություն անե՞լը, մեկնաբանությո՞ւնը, թե՞ քաղաքական թոք-շաու վարելը:

Հիմա, եթե նայենք վերլուծություններին՝ հիսուն տոկոսը հիմարություն է. նստում ուղղակի գրում են: Եթե այդ տեսակետից նայեք՝ հեշտ է, բայց, եթե խոսքը լուրջ վերլուծությունների մասին է, ապա բավականին դժվար, ժամանակատար և մեծ գիտելիքներ պահանջող աշխատանք է: Մեզ մոտ վերլուծություններն ավելի շատ ուղղված են ինչ-որ մեկի վրա ցեխ շպրտելուն, վատաբանելուն և վարկաբեկելուն:
Իսկ թոք-շոու վարելը բավականին դժվար է, որովհետև, եթե հարցազրույցում գործ ունես մեկ հոգի, ապա այս դեպքում զրուցակիցները չորսն են և կարող են զուգահեռ խոսել, պետք է կարողանաս այդ ամբողջը վերահսկել:

Ասում են Պետրոսը շատ լավ կարողանում է քաղաքական գործիչներից շատերին "հունից հանել", կամ "նրանց տեղը դնել". համաձա՞յն եք այս ասեկոսեներին.

Նման բաներ ասում են, բայց դա երևի գալիս է նրանից, որ նյութին տիրապետում ես: Երբ ինչ-որ մեկը ցերեկով գալիս է և ասում, որ հիմա մութ է, դու նրան հակառակն ես պնդում, որ իրականում լույս է: Ստացվում է, որ նրան տեղը դրեցիր, բայց իրականում ամեն ինչ շատ պարզ է:
Պետք է նաև շատ կարդալ հասկանալու համար` ինչ էր ասում այդ մարդը մի քանի տարի առաջ, և ինչ է ասում հիմա, դա ամենօրյա աշխատանք է պահանջում: Պետք է ձեռքդ միշտ զարկերակին լինի, ջութակահարի պես, եթե նա երկու օր չի նվագել, երրորդ օրը վատ է նվագում, նույնը և լրագրության մեջ:

Մեր քաղաքական գործիչների մեջ կան մարդիկ, ովքեր սիրում են հաշվեհարդար տեսնել այս կամ այն հրապարակման համար և լրագրողներին էլ տանել չեն կարողանում: Կհիշեք նման դեպք, երբ եթերից հետո կամ ընթացքում կոնֆլիկտներ են եղել:

Շատ են եղել, բայց փորձում եմ չմտապահել, որովհետև, եթե սկսես նման բաներին ուշադրություն դարձնել, ապա պիտի չաշխատես: Դա մեր աշխատանքի անբաժան մասն է, մինչև վերջերս էլ նման դեպքեր լինում էին, բայց հիմա ավելի շատ խնդրում են, քան սպառնում: Սկզբում, սակայն եղել են դեպքեր, երբ խոստացել են հնարավոր բոլոր վատ բաները...Հիմա չկա, այդ առումով առաջ ենք գնացել. "բիրտ ուժից փափուկ ուժի" կիրառմանն ենք անցել:

"Ուրվագիծը" 10 տարուց ավել եթերում է, պետք է նկատել առավել մեծ հեռուստալսարան ունեցող քաղաքական թոք-շոուներից է: Նախատեսո՞ւմ եք փոփոխություններ առաջիկայում, նամանավանդ տարին նախընտրական է, գուցե  փոփոխությունների համար պատեհ ժամանակաշրջան:

Փոփոխությունը հենց թոք-շոուի անցումն էր, որը բավականին ծանր աշխատանք է: Ամենօրյա մեծ ջանքեր է պահանջում, անգամ տրամադրություն գցելու և հիվանդանալու ժամանակ չի մնում... իսկ ֆորմատը պարզ է և իդեալական` օրվա կարևոր թեմայով հարցազրույց, բայց որքան էլ, որ ֆորման լավն է, այն լցնելը շատ դժվարանում է: Օրվա հրատապ քաղաքական թեման կամ իրադարձությունը դառնում են քննարկման առարկա, իսկ հյուրերն ընտրվում են հետևյալ սկզբունով` կա՚մ հյուրը փորձագետ է, կա՚մ տվյալ իրադարձության առանցքային մասնակիցը/դերակատարը: 

Իսկ կա՞ն մարդիկ, որոնց չեք հրավիրում զուտ կամայական սկզբունքով.

 

Իհարկե կան, բայց ես չեմ կարծում, որ դրանից հեռուստադիտողը տուժում է, այլ հակառակը: Որքան կարելի է լսել նույն մարդուն, նամանավանդ, երբ նա ամեն անգամ նույն բանն է ասում: Որքան էլ, որ ֆիլմի սցենարը լավը լինի, եթե անընդհատ նույն դերասանները լինեն մարդիկ այն ուղղակի չեն դիտի, նույնը և հաղորդման շրջանակներում, եթե չկա նոր ասելիք ուղղակի կփոխեն ալիքը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

14:00 Մարտ 25, 2016

Ամենաընթերցված նյութեր