ՌՈՒԲԵՆ ԱՂՈՒԶՈՒՄՑՅԱՆ. Երջանկությունը մի վիճակ է, որը կինն ու տղամարդը տարբեր կերպ են ընկալում

Համացանցում հաճախ կարելի է հանդիպել "Երջանիկ լինելու 10 նշան" տիպի վերնագրով նյութերի: Ի՞նչ է երջանկությունը կամ ի՞նչ գիտենք մենք երջանկության մասին, արդյո՞ք կարելի է 10 կամ 5 կետանոց նյութերով "ինստրուկցիաներ" տալ երջանկության մասին:

Մարդը երջանիկ չի ծնվում, մարդուն պետք է սովորոցնել՝ երջանիկ լինել: Մենք չգիտենք` ինչպես սովորեցնել երեխաներին երջանիկ լինել, որովհետև մենք էլ երջանկության մասին շատ քիչ բան գիտենք: Նախևառաջ, երջանկությունն, ինքնին սիտուատիվ է, իրադարձային: Շատ հաճախ հասարակ բանից մարդը կարող է երջանիկ լինել: Երբ դու լավ գործ ես անում, դու երջանիկ ես քեզ զգում, կարճ ժամանակով, բայց երջանիկ ես: Իսկ մենք երջանկությունը կապում ենք ամբողջ կյանքի հետ: Չգիտես ինչու, մենք դժվարությունների հաղթահարումը չենք կապում երջանկության հետ, իսկ դա երջանկություն է, երբ դու քո ուժն ես փորձում: Անկեղծ ասեմ, ես ավելի շատ սիրել եմ քննություն հանձնել, քան ընդունել, որովհետև հանձնելու ժամանակ ես զգում քո ուժը, գիտելիքները, ստուգում ես քո կարողությունները: Իսկ մենք այդ տեսակ ստուգումները, դժվարությունները ընդունում ենք որպես երջանկությանը խանգարող գործոններ: Շատ կարևոր է՝ երեխան դաստիարակության ընթացքում լավատես է մեծանում, թե՞ վատատես, նրան սովորեցնո՞ւմ են հաղթահարել բարդությունները, դժվարությունները: Ես զարմացած էի, երբ իմացա, որ Անգլիայի դպրոցներում հատուկ դասընթաց են մտցրել` ինչպես ծախսել փողերը: Օրինակ, մեր երկրում Նոր տարի, թաղում, հարսանիք անելու համար մարդիկ վարկեր են վերցնում, հետո չեն կարողանում դրա տակից դուրս գալ: Բոլորս էլ փող ծախսում ենք, բայց իրականում չգիտենք ճիշտ ծախսել, այդ պատճառով շատ հաճախ անմիտ ծախսեր կարող ենք անել ու վատ վիճակի մեջ ընկնել: Հայաստանում էլ դպրոցական ծրագրի մեջ մտցրեցին շախմատը: Նպատակը միայն շախմատ խաղալը չէր, շախմատի միջոցով զարգացնում են այն հատկությունները, որոնք կյանքի ընթացքում պետք են և նպաստում են, որ մարդը երջանիկ լինի. կամային հատկություններն է զարգացնում, շփման օրինաչափությունները, մրցակցությունը, ուշադրությունը, հիշողությունը, վերլուծության հնարավորությունները… Ընդհանրապես, երջանկության մոդելը դժվար է սահմանել, որովհետև ընտանիքը փոխվել է: Բառը նույնն է մնացել, բայց ընկալումները տարբեր են: Առաջ ընտանիքում յուրաքանչյուրն ունեցել է իր պարտականությունը, իր դերը: Հիմա դա խախտվել է: Այսօր շատ երեխաներ միակողմանի ծնողազուրկ են մեծանում, որովհետև բաժանությունների քանակն է շատացել: Սա վկայում է այն մասին, որ ընտանիքի էությունը փոխվել է: Օրինակ, կնոջ դերն է շատ մեծացել, կինն այսօր շատ դեպքերում ավելի շատ գումար է վաստակում, քան տղամարդը: Իսկ եթե ընտանիքում երկուսն էլ աշխատում են, չեն զբաղվում երեխայի դաստիարակությամբ, դա հանձնարարում են դայակի կամ մեկ այլ մարդու, ապա դրանից խնդիրներն ավելանում են: Ընդհանրապես, երեխայի դաստիարակման գործընթացը սկսվում է անհամեմատ ավելի վաղ, երբ կինը դեռ հղի է, որովհետև եթե կինը ուզում է երեխա դաստիարակել, առաջին հերթին ինքը պետք է դաստիարակված լինի: Օրինակ, երեխային մարդասեր ես դաստիարակում, գնում է դպրոց և ագրեսիվություն է նկատում: Ինչպե՞ս վարվել: Մարդասիրությունը բերում է նրան, որ ինքը ընկճված կլինի, ընտանիքում ագրեսիվություն սերմանեն, այդ դեպքում էլ ընտանիքի հատկություններն են կորում: Ընդհանրապես, շատ հակասական բաներ կան մեր ժամանակներում: Մի քանի "մասնագիտություն" կա, որի համար ուսուցում չկա, դրանցից մեկը ծնողն է: Ծնող դառնալու համար ուսուցման համակարգ չկա, էլ ինչպես ենք ուզում արդյունքը լավ լինի: 

Համացանցն այսօր նաև բացասական ինֆորմացիայի մեծ աղբյուր է` խղճահարություն, բռնություն, սեռական բնազդներին ուղղված նյութեր, որքան ուզես: Այս պայմաններում ինչպե՞ս լինել երջանիկ, երբ գրեթե ամեն ինչ արվում է, որ հակառակը լինի: Ընկերոջ կամ անծանոթի "Երջանի՞կ ես",-հարցը մեզ, մի տեսակ, անակնկալի է բերում ու խուճապի մատնում, մենք շատ հաճախ, չենք գտնում դրա պատասխանը: 

Բացասականը չի գերիշխում, ուղղակի դրականը քիչ է նկատվում, ընդհանրապես, մարդը հակված է ֆիքսվել բացասականի վրա: Սա գլխուղեղի աշխատանքի առանձնահատկություններից է: Էվոլյուցիայի ընթացքում բացասականն ավելի կարևոր նշանակություն է ունեցել գոյատևման համար, որովհետև բացասականի դեպքում մարդը դառնում է զգուշավոր, ավելի զգոն: Խորհրդային տարիներին վատ ինֆորմացիան հիմնականում քողարկված է եղել, որպեսզի խուճապ չառաջացնի, հենց, այսպես ասած, դեմոկտարտիզացիան մտավ մեր կյանք, ինչ-որ առումով մի ծայրահեղությունից ընկանք մյուս ծայրահեղության մեջ: Առաջ այս կամ այն բանը թույլ չէր տրվում, հիմա ամեն ինչ է թույլատրվում և այդ "ամեն ինչ թույլ տալու մեջ" կան որոշ գործոններ, որոնք այնքան էլ դրական դեր չունեն: Օրինակ, փող աշխատելը: Նյութական խնդրի առաջնայնությունը, բիզնեսի օրենքներն այսօր վեր են դասվում մարդկային, բարոյական օրենքներից: Այսօր երջանկությունը կապում են փողի հետ: Փողը միշտ պետք է միջոց լինի նպատակին հասնելու, իսկ այսօր, շատ դեպքերում, դառնում է  նպատակ: Այն պահից, երբ փողը նպատակ է դառնում, փոխվում է ամեն ինչ: Մի գիրք կա, խորհուրդ եմ տալիս կարդալ` Մարկ Առգայլ` "Психология счастья", արտակարգ գիրք է: Այն մասին է, որ մարդու երջանկությունը չի կարող մի բանից կախված լինել (մենք հաճախ ասում ենք` այ եթե սա ունենայի` երջանիկ կլինեի): Երջանկությունը համակարգ է` բաղկացած 8 գործոններից: Դրանցից մեկը մարդիկ ընդունում են միակը` սերը: Բայց որպեսզի մարդը լիարժեք երջանիկ լինի,  պետք է այդ ութը գործոնները ներկա լինեն: 

Իսկապես, օրինակ, կանանց մեծամասնությունը երջանկությունը փնտրում է հակառակ սեռի մեջ: Շարունակ սպասում կամ փնտրում են այն միակին, "կեսին", որը կգա և կլրացնի իրենց: Բայց արդյո՞ք դա կիրականանա, երբ կինը չի զգում իրեն ամբողջական, չի ճանաչում իր զգացմունքները, իր ցանկությունները… Ինչ-որ մեկին սիրելու համար, նախ կինը ինքն իրեն պետք է սիրի: Այդպես չէ՞: 

Երջանիկ լինելու համար, ընդհանրապես, մարդը նախ պետք է դրական մտածի, այսինքն` գնահատի այն, ինչ ունի, ընդունի ու սիրի իրեն այնպիսին, ինչպիսին, որ կա: Շատ լավ հայկական ասացվածք կա` լավ ասենք, որ լավ լինի: Դա ճիշտ է, երբ դու միշտ լավի մասին ես մտածում, քո ամբողջ հոգեֆիզիոլոգիան ուղղվում է դրան, երբ վատի մասին են մտածում, այդ վատը վերցնում ես քո վրա: Մտքերը մարմնանում են: Քանի որ ուղեղն է ղեկավարում համապատասխան ֆունկցիաները` հոգեկանը, վարքը, ֆիզիոլոգիան, մտքերն անմիջականորեն ազդում են դրանց վրա: Արևելյան փիլիսոփայությունը շատ լավ ցույց է տալիս` մեդիտացիա, աուտոգեն վարժություններ, որը հոգեֆիզիոլոգիան ուղղում է դրականի վրա: Եթե մարդն անընդհատ բացասական երևույթներից է խոսում, վատը գալիս է գլխին: Այդ պատճառով միշտ պետք է լավատես լինել: Օրինակ, ամերիկյան բիզնեսի, ապրելաձևի մեջ շատ կարևոր սկզբունք կա` չնկճվել վատ արդյունքներից: Պոզիտիվը շատ կարևոր է: "Ինքնակերություն" երևույթ կա, որը շատ վատ բան է և առավել հաճախ նկատվում է կանանց մոտ, քանի որ նրանք հուզական էակներ են: Սրան հանգեցնում է փոքր հասակում շատ խիստ դաստիարակությունը, որը թերարժեքության բարդություններ ու վախեր է առաջացնում: Հետագայում նման կանայք իրենց լիարժեք չեն զգում և այդ է պատճառը, որ կառչում են դիմացինից, տղամարդուց, սիրուց` մտածելով դա իրենց կփրկի: Իսկ եթե մարդը ինքնաբավ չէ, չի կարող իրեն երջանիկ զգալ:  Ընդհանրապես, հայերի մոտ մտածողությունը վերլուծական է` մենք ամեն ինչ վերլուծում ենք, նույնիսկ բաներ, որ պետք չեն: Փոխանակ նստենք մի լավ գիրք կարդանք կամ երաժշտություն լսենք, սկսում ենք տանջել մեզ: Ինքնաքննադատությունը չպետք է վերածվի "ինքնակերության": Ծայրահեղությունները միշտ վատ են, դրա համար գոյություն ունի ոսկե միջինի գաղափարը: Օրինակ, կան մարդիկ, որոնք շրջապատող աշխարհը տեսնում են երկու գույնով` սպիտակ և սև, բայց բնությունը երանգներից է բաղկացած: Այդ երանգները չենք տեսնում, որոնք ավելի հարուստ են, սև ու սպիտակն ենք տեսնում: Կամ լավն ու վատը, սա էլ չէ՞ հարաբերական է: Օրինակ, գողությունը լա՞վ է, թե՞ վատ: Վատ երևույթ է, բայց գողերի շրջապատում լավ երևույթ է` ինչքան շատ գողանաս, այդքան բարձր ես: Սոցիալական համապատասխան միջավայրը, մթնոլորտը ազդում են մարդկանց վրա, դաստիարակում անձին: 

Տաքսու վարորդներից շատերը խոսում են Ռուսաստանում դրած բիզնեսներից, հաջող գործերից, վարսավիրներից շատերը խոսում են ուրիշների անձնական կյանքից, քաղաքական գործիչներից ոմանք` սիրուհիների քանակից: Կարող ենք ասել, որ խոսակցության թեմաները մատնում են մեր թուլությունները:  Ամեն դեպքում, նպատակը շրջապատում երջանիկ մարդու տպավորություն թողնելն է: Ցանկացած մարդ ուզում է երջանիկ լինել: Բայց ինչպիսի՞ն են երջանկության մասին մեր պատկերացումները: Մարդիկ հակված են կարծել, որ այն ինչ հեշտությամբ է տրվում արժեքավոր չի կարող լինել, հետևաբար` եթե երջանկությունը թանկ ու անհասանլի բարիք է, դրան պետք է հասնել դժվարությամբ` այդ ճանապարհին իրենք իրենց համար հորինելով դժվարություններ ու արհեստականորեն ստեղծելով խոչընդոտներ: Ի՞նչ կասեք այս մասին:

Էստեղ մի օրինաչափություն չկա: Որոշ մարդիկ ավելի շատ խոսում են այն ամենից, ինչ չունեն և կուզեին ունենալ, որոշ մարդիկ, ուղղակի, գլուխ են գովում: Հայկական լավ խոսք կա, ասում են` նոր ականջ է գտել: Ամեն դեպքում հաղորդակցումը մարդու բնական պահանջներից մեկն է, այդ պատճառով մարդու մոտ զարգացել է խոսք երևույթը, որն ամենակարևորն է մարդու համար սոցիալիզացիայի մեջ: Ընդհանրապես, հայերը ծայրահեղությունների մեջ ընկնող ժողովուրդ են: Օրինակ, նկատել եմ, տարեց մարդիկ հետաքրքիր ձևով են մրցակցում` մեկը մեկին ասում է` գլուխս ցավում է, մյուսն ասում է` բա իմ գլուխը ոնց է ցավում, էն մեկն էլ ասում է` բացի գլխից իմ ոտքն էլ է ցավում: Սկսում են մրցակցել, թե ավելի շատ ցավեր ով ունի: Մարդիկ, երբեմն, իրենց խնդիրները բերում են աշխատավայր, դրանցով ծանրաբեռնում գործընկերներին: Ես իրավունք ունե՞մ ձեր ժամանակը, համբերությունը, այդ պահին ձեր հուզական վիճակը չիմանալով, հանկարծ ձեզ ծանրաբեռնեմ իմ բարդություններով, դժբախտություններով: Դա կապված է կուլտուրայի հետ: Առավել հաճախ մարդիկ կարող են անկեղծանալ անծանոթի հետ: Օրինակ, պատահական հանդիպումները գնացքում: Բաժանվեցիք և վերջ, դու հետադարձ կապի մասին չես մտածում, իսկ երբ մտածում ես, որ այդ մարդուն կարող ես հանդիպել ու ինքը կիմանա քո խնդիրների մասին, դու նախընտրում ես չխոսել: Երբ խոսում ենք մեր պատմության մասին, երբ հանկարծ ոչ պարտվել ենք ոչ հաղթել, միջին է եղել, մենք հպարտությամբ ասում ենք, որ չենք պարտվել: Դա էլ կոմպլեքսների արդյունք է: Պետք է հաշվի առնել, որ մեր բնակլիմայական պայմաններն էլ ծայրահեղական են, համարյա գարուն չունենք, տասը օր է տևում, ունենք ձմեռ, ամառ և արտակարգ աշուն: Նույնիսկ ձմեռվա-ամառվա ջերմության տարբերությունները, երբեմն, տասնյակ աստիճաններ են կազմում: Ասեմ, որ աշխարհագրական դիրքը ազդում է  հոգեկանի վրա, որից կախված է մեր երջանկությունը: Սա շատ քիչ է ուսումնասիրված, մի աշխատանք կա միայն` Բորիս Դուշկով "Географическая психология": Այստեղ մի փոքր քննարկվում է այդ հարցը:

Ի՞նչ է երջանկությունը տղամարդու և կնոջ պատկերացմամբ:

Քանի որ հոգեկանի հիմքում ընկած է ֆիզիոլոգիան, իսկ տղամարդու ու կնոջ ֆիզիոլոգիականը տարբեր են, դա անդրադառնում է նաև հոգեկան դրսևորումների վրա: Զգայարանները, որոնք հինգն են, որոշններն ավելի զարգացած է տղամարդկանց մոտ, որոշները` կանանց: Տղամարդկանց մոտ զարգացած է համի զգայությունը և տեսողությունը, կանանց մոտ` լսողությունը, շոշափելիքը և հոտառությունը: Պատահական չէ, երբ ասում են` կանայք սիրում են ականջներով, տղամարդիկ` աչքերով: Կինը պահանջ ունի խոսքեր լսելու, կինն ավելի շփվող է, այդ պատճառով բամբասանքը, հաճախ վերագրում են կանանց, բայց տղամարդիկ էլ են բամբասում: Կնոջ համար ամենածանր բանը լռությունն է, երբ շփում չկա: Կինը ավելի հուզական է և իր հուզականությունը բավարավում է շփման միջոցով, կինը երբևիցե չի ձանձրանա, երբ նրան անընդհատ ասես, թե ինչ գեղեցիկ է, ինչ գեղեցիկ զգեստ է հագել: Տղամարդու մտածողական, կեղևային համակարգն է զարգացած, վերլուծականը: Տղամարդը ավելի սոցիալական էակ է, թեպետ մեր ժամանակներում տղամարդու և կնոջ դերերը, կարծես, նույնանում են: Ես կասեի, կինը հիմա ավելի հզոր է դառնում, քան տղամարդը` ունենալով հուզականության առավելությունը: Օրինակ, Ամերիկայում միջին և փոքր բիզնեսի ոլորտում 80 տոկոսը կանայք են, գիտեք ինչո՞ւ, որովհետև միջին և փոքր բիզնեսը նման է ընտանիքի: Ընդհանրապես, երջանկությունը մի բառ է, բայց կնոջ և տղամարդու համար բոլորովին տարբեր կերպ է ընկալվում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:00 Մարտ 08, 2016

Ամենաընթերցված նյութեր