ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆ. Երբ զգացմունքները շատ ուժեղ են, դժվար է խոսել շրջահայացության մասին

Ռոբերտ Դե Նիրո, Ալ Պաչինո, Անտոնիո Բանդերաս, Դի Կապրիո… Կանանց ճաշակը տղամարդկանց հարցում տարբեր է, բայց մի հարցում համընկնում է` բոլորն էլ սպասում կամ փնտրում են ուժեղ տղամարդու, այսպես ասած "կինոյի տղային": 21-րդ դարի տղաներից շատերի վարքագիծը դժվար է անվանել տղամարդկային: Օրինակ, ինչո՞ւ հանդիպել և դեմ առ դեմ վերջ տալ հարաբերություններին, երբ կարելի է այդ մասին ասել հեռախոսով կամ գրել ֆեյսբուքով: Վիրտուալ հարաբերություններում իրենք պատասխանատվություն չեն կրում, ցանկացած պահի կարող են սեղմել "կոճակը" և "դուրս գալ խաղից": Տիկին Նալչաջյան, ուժեղ, պատասխանատու տղամարդը "մահացո՞ղ տեսակ" է այսօր: 

Մշտապես հետազոտություններ են արվում` կանանց հարցնում են. "Ինչպիսի՞ տղամարդիկ են Ձեզ դուր գալիս". նրանք պատասխանում են. "Ուժեղ, առնական…":  Նույն հարցը տալիս են տղամարդկանց, և նրանք էլ իրենց հերթին պատասխանում են՝ քնքուշ, կանացի… Այսինքն` սրանք չափանիշներ են, որոնք բոլոր ժամանակներում չեն փոխվում: 21-րդ դարը,  կարելի է ասել, վտանգների դար է: Մարդկանց կյանքը խաղաղ, հանգիստ ու նպաստավոր չէ: Հիմա տղամարդ-կին փոխհարաբերություններում ավանդական դերերի փոփոխություն է տեղի ունենում: Ձեր ասած, ուժեղ, առնական, պատասխանատու տղամարդը, իսկապես, իր տեղը սկսել է զիջել, բայց, միևնույն ժամանակ, կինն էլ մոռացել է իր դերի մասին: Մենք բոլորս դերակատարներ ենք` սոցիալ-հոգեբանական դերեր ենք կատարում, թեկուզ, նյութական ապահովման տեսակետից: Մեկ էլ տեսնում ենք, որ տղամարդը ինչ-որ պատճառներով չի կարողանում ապահովել ընտանիքը, կինն է հիմնականում վաստակողը: Թվում է` ամեն ինչ լավ է, մարդիկ սիրում են իրար, լավ հարաբերությունների մեջ են, բայց, բոլոր դեպքերում, ինչքան ուզում է կինը, այսպես ասած, տակտով լինի, որևէ խոսակցություն չլինի իրենց միջև, միևնույն է, տղամարդը իրեն թուլացած է զգալու: Կինը` նույնպես, թեև ինքնահաստատված է, բայց որպես կին, իր կանացի ապրումների տեսակետից, իրեն լավ չի զգում, զրկվածության զգացողություն է ունենում: Այսինքն՝ մենք մեր դերի մեջ պետք է լինենք: Երբ կինը շատ է տղամարդու, իսկ տղամարդը կնոջ դերի մեջ մտնում, դերային, ներքին կոնֆլիկտներ են առաջանում, երկուսն էլ սկսում են տառապել: Ընդհանրապես, փողը իշխանության սիմվոլ է: Գումար վաստակողը իր ձեռքին լծակներ ունի: Եթե կինն ավելի շատ է վաստակում, իշխանությունը կամաց-կամաց անցնում նրա ձեռքը, մի բան, որ տղամարդու համար ցանկալի չէ: Ինչքան կինը ֆինանսապես ավելի անկախ է դառնում, այդքան հոգեբանորեն ավելի անկախ է դառնում տղամարդուց: Իհարկե, փոխվում են ժամանակները, ավանդույթները, կյանքի ոճը` դուք չեք կարող ապրել նույն ոճով, ինչպես ձեր ծնողները, բայց կան կայուն արժեքներ, որոնք պետք է պահպանել: Եթե մենք խախտում ենք արժեքային համակարգը, մենք շատ բան ենք խախտում, նույնիսկ` հոգեկան աշխարհը:

Նախքան ամուսնությունը սեռական կյանքով ապրելու որոշակի տենդենց է նկատվում: Մի կողմից հարաբերություններն ամրապնդվում են, մյուս կողմից ամուսնանալու մոտիվացիան նվազում է: Այս երևույթի դրական ու բասացական կողմերի մասին: 

Այսօր, երիտասարդների մեջ պատասխանատվության զգացումն, իսկապես, նվազել է: Դա, հատկապես, երևում է համացանցային շփումների մեջ, ինչպես վերևում նշեցիք, այսօր կաս մարդու կյանքում, վաղը կարող ես չլինել, դուրս ես գալիս և վերջ:  Մինչդեռ համացանցային շփման ժամանակ, նույնպես, կապվածություններ են առաջանում, զգացմունքներ, պարտավորվածության զգացողություն: Երիտասարդները սկսել են ավելի թերթև նայել հարաբերություններին, կուսության հարցին: Տղաները աղջիկների ականջին շշնջում են` "դու հետամնաց չես, պատուհանից դուրս նայիր` 21-րդ դարն է": Այս կարգի ներշնչումներ են անում, աղջիկներին համոզում են: Սա մանիպուլյացիա է, ծուղակ է: Եվ շատ հաճախ այդ "21-րդ դարն է …" շշնջացող տղաների մեծ մասը, երբ ամուսնանում են, իրենց համար շատ լավ էլ կարևոր է, որպեսզի իրենք տվյալ աղջկա կյանքում առաջին տղամարդը լինեն: Այսինքն` սուբյեկտիվ մոտեցումները շատ են: Կանայք, իրենց բնույթով,  ավելի սոցիալական արարածներ են. նրանց մոտ կապվածություններն ավելի ուժեղ են: Վերջին հաշվով, կինը ավելի շատ ռիսկերի առջև է կանգնած` ինտիմ կապի հետևանքը, շատ դեպքերում, հղիությունն է: Ճակատագրական բաներ կարող են տեղի ունենալ` հղիության դադարեցում, բարդություններ, միայնակ երեխա մեծացնելը, հազար ու մի բարդություն, էլ չեմ ասում, լքված, խաբված զգալու հոգեկան տվայտանքների մասին, որ շատ բնորոշ են կանանց: Իհարկե, ոչ բոլոր դեպքերում է այսպես և շատ կառչել ավանդույթներից չի կարելի, որովհետև իրավիճակները տարբեր են, մարդիկ տարբեր են: Եթե զույգերի միջև կա սեր, միմյանց վստահում են, մարդկային խորը կապվածություն կա, տղամարդ-կին փոխադարձ գրավչության գույներն առկա են, բացասական ոչնիչ չկա սեռական կյանքով ապրելու մեջ : 

Խոսենք ժամանակակից ամուսնությունների մասին: Դրանց մեծ մասը դարձել է հաշվարկային: Այսինքն՝ կարող ենք ասել, որ սերն է, մի տեսակ հաշվարկային, թե՞ դա արդեն սեր չէ: Սրան զուգահեռ կան սիրո վրա հիմնված ամուսնություններ, որոնք, որոշ դեպքերում չեն դիմանում ժամանակի փորձությանը և բազմաթիվ են օրինակները, երբ, այսպես կոչված, համերաշխ ընտանիքները քանդվում են: Ի՞նչ կասեք այս իրողությունների մասին և արդյո՞ք ամուսնանալու համար գոյություն ունի "բարենպաստ տարիք" հասկացություն: 

Ոչ միայն ժամանակակից կյանքում, մշտապես այդպես է եղել: Մարդիկ այսօր, այո, ինչ որ չափով ավելի պրագմատիկ են դարձել: Ընդհանրապես, հեգեբանության մեջ սոցիալական բնավորություն հասկացություն կա, երբ հասարակությունը, տնտեսական զարգացման տարբեր փուլերում,  սկսում է ինչ-ինչ հոգեբանական յուրահատկություններ ձեռք բերել: Օրինակ, կապիտալիզմի զարգացման  շրջանում,  մարդիկ ավելի շատ շուկայական հոգեբանություն են ունեցել: Այսօր էլ, ես կարող եմ ասել, մեզ կառավարողը շուկայական մարդն է: Շուկայական մարդու տրամաբանությունը կարող է պրագմատիկ տեսակետից իրեն արդարացնել, բայց դա կարող է կյանքի ոճ դառնալ: Սոցիալական տարբեր շերտեր իրենց կենցաղով, ապրելակերպով, մտածելակերպով, աշխարհընկալմամբ ընդհանուր բաներ ունեն և, մոտավորապես,  նույն շերտերի մարդկանց համատեղելիության աստիճանն ավելի բարձր է: Բայց եթե տարբեր են, օրինակ, խորը մտավորականության շերտից մի աղջիկ, եթե օլիգարխի հարս դառնա, որտեղ արժեքները բոլորովին այլ են, ինքը իրեն երջանիկ չի զգալու` խոսակցության թեմաները, ժամանցը, հետաքրքիր չեն լինելու, ինքը չի կարող լիարժեք կյանքով ապրել: Բայց կարող է պատահել, նյութական պայմանները այդքան լավ չլինեն, ինքը իրեն զգա "ձուկը ջրում":  Հայտնի հոգեբան Էրիխ Ֆրոմը, որը զբաղվել է սիրո թեմաներով, այսպիսի մի բան է ասում` մինչև 20-21 տարեկանների հոգում կա մի դատարկ տարածություն, վակուում, որ կարող է լցվել ինչով ասես: Այսինքն` այդ սիրո կարիքը, սիրելու մեծ մղումը, ներքին ցանկությունը, կուտակված քնքշանքը օբյեկտ է փնտրում, և մարդը կարող է կապվել առաջին պատահածի հետ: Կարող են համատեղելի մարդիկ չլինել, բայց ֆիզիկական ձգտումը այնքան ուժեղ է, սիրահարվածության զգացողությունը, որ մարդիկ կարծում են` սա էր, վերջ, միասին երջանիկ են լինելու: Բայց արժե որպես մարդ իրար մի քիչ հետազոտել, շրջահայաց լինել: Իհարկե, երբ զգացմունքները շատ ուժեղ են, դժվար է խոսել շրջահայացության մասին: Սիրահարված մարդն այնքան կլանված է իր զգացմունքով, որ շատ բան չի տեսնում, շատ հաճախ ինքնախաբեությամբ է զբաղվում` ստեղծում է այն կերպարը, որը իրական չէ, հետո սկսում է մեղադրել դիմացինին, որ դու էսպիսին չես: Այդ պատճառով, սիրահարվածության հիման վրա ամուսնություն կնքելը վտանգներով լի է: Ամուսնության մասին պետք է մտածել, գոնե, 22-ից հետո, որովհետև դա շատ լուրջ քայլ է և պետք է դրան համապատասխան մոտեցում ցուցաբերել: Իհարկե, հասունությունը ոչ միշտ է տարիքից կախված` կան մարդիկ, որ 20 տարեկանում հոգեպես ավելի հասուն են, քան ինչ-որ մեկը՝ 30-ում կամ 40-ում: Բայց, այնուամենայնիվ, տարիքային հասունացումը, փորձը հանգեցնում են անձի աճին, իսկ այդ լուրջ քայլին, ինչպիսին է ամուսնությունը,  ընտանիք ստեղծելը, արժե հասուն հայացքով նայել: Բուռն սիրահարվածության վրա հիմնված ամուսնությունները, մեծամասամբ, կարճ կյանք են ունենում:  

Տիկին Նալչաջյան, ֆինանսական խնդիրները կարո՞ղ են, արդյոք, քանդել ուժեղ հարաբերությունները, զույգերի բաժանման պատճառ դառնալ:  

Գիտեք ինչ, կարիքը ընդհանրապես, շատ հյուծող բան է: Կարիքը կարող է հյուծել մարդկային հարաբերությունները, սերը, մարդու ներաշխարհը: Նույնիսկ ամենագեղեցիկ, ամենալավ հարաբերությունները կարող են խաթարվել, եթե անընդհատ քո կյանքում ներկա է այդ ճիվաղը` կարիքը, հոգսը: Բայց, իհարկե, եթե մարդիկ իրար համար արժեք են ներկայացնում, ուժեղ են, դժվարությունները կարող են ավելի համախմբող դեր կատարել: Մարդիկ շատ հաճախ ավելի շնորհակալ, երախտապարտ են լինում միմյանց, երբ կարողանում են հաղթահարել համատեղ դժվարությունները: Բայց եթե խնդիրները շատ են ու անընդհատ շարունակվում են, դա ազդում է կյանքի որակի վրա, մարդիկ կարող են այդ պայմաններում իրենց անձնային որակները կորցնել, ասել` ուրիշ մարդ է դարձել: Հոգեվիճակի մեջ կարող են լուրջ շեղումներ առաջանալ: Դա արդեն ավերում է ամեն ինչ: 

Եվս մեկ երևույթի մասին, որը, կարծես, արտաքուստ քողարկված է, բայց շատ տարածված: Դա, այսպես կոչված, սիրուհի պահելու երևույթն է: Ինչո՞ւ են հայ տղամարդիկ հակված դրան: Սա ինքնահաստատման հարց է, թե՞ խորը հոգեբանական արմատներ ունի: 

Իսկապես կա այդ միտումը: Տղամարդը, կոպիտ ասած, սիրում է ինքնահաստատվել կնոջ միջոցով: Թվում է` տղամարդիկ շատ ուժեղ արարածներ են, բայց  ինքնագնահատականի տեսակետից շատ փխրուն են: Էդպիսի խոսք կա` կինը կարող է բարձրացնել տղամարդուն, կարող է իջեցնել: Հատկապես կնոջ տված գնահատականը տղամարդու համար շատ կարևոր է: Տղամարդիկ ավելի միտված են պոլիգամիայի, քան կանայք: Դրանով մի տեսակ ինքնահաստատվում են: Եթե շատ կանայք կան տղամարդու կյանքում, ինքն իրեն ավելի ինքնահաստատված է զգում, ընկերների մոտ գլուխ է գովում: Սա, իհարկե, պարզունակ մոտեցում է:  Կան հոգեպես ուժեղ, կայուն տղամարդիկ, որոնք բոլորովին դրա կարիքը չունեն: Իսկ ընդհանրապես, սիրուհի ունենալը կարծես հարուստ, ապահով տղամարդու կոմպոնենտներից մեկը լինի: 

Խոսենք դաստիարակության մասին: "Եկա, տեսա, ՊԱՐՏՎԵՑԻ", այս մոդելից խուսափելու համար, ի՞նչ սկզբունքներով պետք է դաստիարակել տղա երեխային: Ի՞նչ խնդիրների առջև են կանգնում միայնակ մայրերն ու ի՞նչ հետևանքներ է ունենում տղա երեխային առանց հայր մեծացնելու ժամանակակից միտումը:

Այո, իսկապես, տղամարդիկ ավելի շատ դեպի հաղթանակը միտված մարդիկ են: Տղամարդիկ պարտություններն ավելի ծանր են տանում, քան կանայք: Տղամարդու հաղթանակը ուղիղ համեմատական է իր ինքնագնահատականի, իր "Ես"-ի հետ: Իհարկե, դաստիարակությունից շատ է բան է կախված, բայց այդ հաղթողի հոգեբանությունն, ամեն դեպքում, բնորոշ է տղամարդուն: Դաստիարակությունը միշտ չէ, որ խոսքային ազդեցություն ունի: Մարդիկ ավելի շատ դաստիարակվում են այն մոդելներով, որ տեսնում են իրենց շրջապատում, որի մեջ ապրում են: Եթե մենք ուզում ենք տղա երեխային ճիշտ դաստիարակել, պետք է ամուսնու նկատմամբ հարգալից լինել, չթուլացնել, չնվաստացնել երեխայի առաջ, որպեսզի տղամարդու դերը ցանակալի դեր լինի:

Երեխան մեծանում է, մի դեպքում, ասում է` հորս նման եմ լինելու, մյուս դեպքում` հակառակը: Սա կոչվում է բացասական իդենտիֆիկացիա, բացասական նույնացում: Բոլոր դեպքերում համեմատության եզրը հայրն է: Գիտեք, շատ դեպքերում, անկախ իրենցից, այդպես ասող տղաները, մոտավորապես, նույնպիսի հայր կարող են դառնալ, հավանականությունը մեծ է: Բայց եթե, օրինակ, հայրը հարբեցող է, իր համար դա այնքան սկզբունքային է, մեծանալով, տղան կարող է բոլորովին այլ մոդելի ընտանիք ստեղծել: Ինչ վերաբերվում է առանց հայր մեծացող տղաներին, նրանց ընտանիքում, այնուամենայնիվ, տղամարդկային կերպարներ կարող են լինել` պապիկ, քեռի և ինչ-որ չափով փոխարինել հոր մոդելին: Սա շատ կարևոր է, տղան պետք է տեսնի տղամադու մոդել, եթե չկա, հեգեբանական նույնացումը մոր հետ է ընթանում, ինչը շատ ռիսկային է: Այսպիսի տղաների մոտ, ոչ միայն վարքագծում, հետագայում մի շարք խնդիրներ կարող են ի հայտ գալ: 

Եթե խորհրդային տարիներին կանայք իրենց ներշնչել և հավատում էին, որ տղամարդը պետք է կապիկից մի քիչ գեղեցիկ լինի, 21-րդ դարի կանանց համար տղամարդու արտաքինն ու սպորտային կազմվածքը այդքան էլ երկրորդական չեն: Բայց հիասթափությունն առաջանում է այն պահին, երբ  օրինակ, տեսնում ես, փողոցում նեղացնում են որևէ աղջկա, ամրակազմ տղամարդը անցնում է անտարբեր կամ գործի է դնում ոչ թե բռունցքները, այլ հեռախոսը:  Նվերի փաթեթավորումը կարո՞ղ է արդյոք գերադասվել նվերի արժեքին ու յուրահատկությանը:  

Էսպիսի մի հետազոտություն են արել, հարցումներ են անում, թե ինչպիսին կուզենայիր լիներ քո ընկերը-ընկերուհին, ցանկ են տալիս` բարի, խելացի, ընկերասեր… Առաջնահերթություն տալիս են մարդու հոգեկան, դրական կողմներին: Բայց նույն երիտասարդներին դնում են մի իրադրության մեջ` երեկույթ է, երաժշտություն է հնչում: Այն աղջիկները, որոնք արտաքնապես ավելի գեղեցիկ են, նրանց անմիջապես պարի են հրավիրում, սկսում են կոնտակտներ փնտրել գեղեցիկների հետ: Նույնը` աղջիկների մոտ: Ընդհանրապես, առաջին հանդիպումներում արտաքինը առաջնային է, բայց տղամարդու մտքի ուժը կարող է այնքան հզոր լինել, որ արտաքինը երկրորդական դառնա: Ինչու են ասում` տղամարդը կապիկից մի քիչ պետք է գեղեցիկ լինի, որովհետև տղամարդու արտաքինը իր ամենամեծ բարեմասնությունը չէ` պատասխանատվության զգացում, կնոջ կողքին լինելու, ապավենի զգացողությունը, խելքը, բազամթիվ հատականիշներ կան, որոնք ավելի կարևոր են: Եթե դրանք չկան, գեղեցիկ արտաքինը կարող է, նույնիսկ, զայրացնել:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:30 Փետրվար 26, 2016

Ամենաընթերցված նյութեր