ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Չկա հոգեբանական այնպիսի "հագուստ", որ բոլորին հարմար լինի

Օրը սկսվում է սահմանին կրակոցների, վթարների, դժբախտ պատահարների մասին լուրերով: ԶԼՄ-ներն էլ իրենց հերթին սենսացիա են փնտրում, իսկ չգտնելու դեպքում, այսպես ասած, արհեստականորեն "սարքում" են: Այս պայմաններում մարդիկ մի տեսակ դեպրեսիվ են դառնում, դրա վառ արտահայտությունը սոցիալական ցանցերում առկա իրավիճակն է. այս տիրությում մարդիկ ինքնահաստատվելու համար մեծ էներգիա են սպառում: Պարոն Գասպարյան, այս ինտերնետային կախվածության ժամանակաշրջանում, մարդը որտեղից վերցնի էներգիա և, որ ավելի կարևոր է, նպատակը` ինչի համար:

Չկա մի աղբյուր, որը մենք կարող ենք բոլորին որպես դեղատոմս առաջարկել, որովհետև մեզանից յուրաքանչյուրն ունի լիցքավորման իր աղբյուրները: Ինչ-որ մեկի համար միջոց կարող է լինել արվեստը, մեկ ուրիշի համար սպորտը, երրորդի համար երաժշտության հետ շփումը, չորրորդի համար որևէ հոբբի` այգեգործություն, հողագործություն, մարդիկ էլ կան, որոնք հատուկ հոբբիներ և լիցքավորման աղբյուրներ չունեն, այլ ապրում են իրենց աշխատանքից ստացված էներգիայով և ամենաշատը նրանց ոգևորում է աշխատանքի վարձատրությունը: Վերջինը հատկապես բիզնեսմենների մոտ է նկատվում: Ինչ վերաբերվում է ԶԼՄ-ների կողմից սփռվող բացասական տեղեկատվությանը, երբեմն այն մարդուն կարող է տալ իմպուլս, ապրելու անհրաժեշտություն, մոտիվացիա հաղորդել: Եթե ուշադրություն դարձնեք, կարևոր չէ, հայկական թե արտասահմանյան, ընդհանրապես, ԶԼՄ-ն հանդիսանում է բացասական տեղեկությունների հիմնական աղբյուրը. Լրատվական թողարկումները սկսվում են նրանից, որ սահմանին կրակում են, ինչ-որ մեկը իրեն կամուրջից ցած է գցել և այլն: Եթե նույնիսկ կան դրական էմոցիաներով հագեցած լուրեր, դրանք, որպես կանոն, մարդուն հետաքրքիր չեն: Ընդհանրապես, մարդու բնույթն այնպիսին է, որ կարող է պարադոքսալ հաճույք ստանալ ուրիշների տրավմայի մասին տեղեկատվությունից: Եթե նկատել եք, ուրիշի տրավմայի նկատմամբ մենք շատ զգայուն ենք ու հետաքրքված: Բայց դա չի նշանակում, որ եթե բոլորի տրավմաները մեզ հետաքրքրում են, ուրեմն դա լավ է: Մեկ ամիս հետո այդ տրավմայի տպավորությունը կարող է մեզ խանգարել հանգիստ ապրելու, հանգիստ քնելու, տպավորություն կունենանք, որ հնարավոր է մեզ հետ էլ նույն բանը պատահի: Կարող է մի քիչ կոպիտ հնչի, բայց մենք տրավմաներ ստանալու անհարժեշտություն ունեցող ժողովուրդ ենք, որովհետև մեր կյանքում տրավմաներ շատ են եղել` ցեղասպանությունը ամենհիմնական խնդիրն է, հետագայում բազմաթիվ իրար հաջորդող տրավմաներ` երկրաշարժ, դրան հաջորդող խնդիրները, Արցախյան պատերազմը և այլն: Տրավմայի իրողությունը մի տեսակ օբյեկտիվ անհարժեշտության է վերածվել:

Մեկ այլ խնդիր էլ կա, որ անմիջականորեն առնչվում է ԶԼՄ-ներին: Գուցե, նրանց հիմնական "առաքելությունը" կենսական խնդիրները խլացնելն է. խնդիրներ, որոնց լուծումները մենք ամեն օր փնտրում ենք, բայց չենք գտնում: Հաճախ մենք դա փոխարինում ենք մեկը մյուսով` ուրիշի խնդիրների մեջ մտնելը և հետո "ինքդ քեզ վերադառնալը" կարող է թերապևտիկ նշանակություն ունենալ: Սա չգիտակցված մասով` այնպես, ինչպես դուք կարող եք դիտել սարասափ ֆիլմ, իսկապես սարսափել, հետո, երբ վերադառնում եք "ինքներդ ձեզ", պատկերացնում եք, որ ինչ լավ է, որ դուք այս կյանքով եք ապրում, դա կարող է ձեզ թեթևություն պատճառել: Բայց, սա մի ասպեկտն է, ուրիշ ասպեկտներ էլ կան: Լրատվամիջոցների փոխանցած կամ "արձակած" լուրերը կարող են նաև ունենալ շատ բացասական հետևանքներ: Պետք է նկատել, որ հեռուստատեսությունը աստիճանաբար իր դիրքերը զիջում է, ուզի թե չուզի, ինտերնետային կայքերն ավելի շատ ուշադրություն են գրավում, ինտերնետային մշակույթի տենդենց է նկատվում: Երբ ինտերնետային կայքերի թիվը մեծանում է, և մենք ունենք ընտրության մեծ "մենյու", լրատվամիջոցները պետք է դիմեն արհեստական գայթակղությունների` դրանց մեջ կարող են լինել անսպասելի վերնագրեր, նկարներ` սարսափելի կամ ռոմանտիկ, հակասական նյութեր: Այս պայմաններում յուրաքանչյուր մարդ ունի իր էներգիայի պաշարները և բոլորի համար մի ընդհանուր դեղատոմս չենք կարող առաջարկել:

Կան մարդիկ, որոնք հզոր էներգետիկ դաշտ ունեն, այդպիսի մարդիկ ինքնավստահ են, նպատակասլաց, խարիզմատիկ, մեկ բառով "խորն են": Եվ հակառակը` մարդիկ, որոնց անվանում են Էներգետիկ "վամպիրիներ". նման մարդիկ սովորաբար գլխացավ են առաջացնում և խլում մեր ողջ էներգիան: 

Այդպիսի երևույթներ կան, բայց, մյուս կողմից, ես համոզված եմ, որ եթե մեզանից էներգիա են տանում, հավանաբար մենք թույլ ենք տալիս, որ տանեն:  Բայց նախքան տալը, մենք նստում, սիրով սկսում ենք շփվել այդ մարդկանց հետ և հետո ասում ենք, որ էներգիան պակասեց:  Ես այն կարծիքին եմ, որ այդ խնդիրները յուրաքանչյուրս մեր մեջ պետք է փնտրենք: Ասելով, որ այս կամ այն մարդը էներգետիկ "վամպիր" է, մենք մեր խնդիրների պատասխանատվությունը ուրիշների վրա ենք դնում: Չի կարելի մեր հոգնածությունը բացատրել այս կամ այն մարդու էներգետիկայով: Եվ հետո էներգիաները դրանք խիստ յուրահատուկ են: Յուրքանչյուր տեսություն յուրովի է դա մեկնաբանում: Ֆիզիկան ունի իր բացատրությունը, հոգեբանական էներգիա ասվածը մեկի մոտ մի կերպ է վերծանվում, մեկ ուրիշի մոտ բոլորվին այլ կերպ, պսիխոանալիզը դիտում է  այլ տեսանկյունից, ամեն ինչի մեջ տեսնում է կամ ապրելու կամ մահվան ձգտումը: Հեգեբանական տեսանկյունից այսպես է` երբ դուք տալիս եք, անպայման ձեզ մոտ շատանում է: Եթե դրական հույզեր եք տալիս, դրական հույզերն ավելանում են, եթե բացասական եք փոխանցում, ինչ-որ մեկին նկատողություն, դիտողություն եք անում կամ վիրավորում եք, ձեզ մոտ բացասականն է ավելանում: Կցանկանայի ընթերցողները մտածեին` արդյո՞ք իրենք տալիս են այն, ինչ կուզեին ստանալ:  Փորձենք այսօր իսկ դրական, բարի քայլ կատարել մարդկանց հանդեպ: Դուք կզգաք, որ լցվում եք դրական էներգիայով, և դա ձեզ բավականություն ու հաճույք կպատճառի:  Մեր շրջապատում դրական և բացասական էներգիաների բալանս կա: Եթե մենք ամենաշատը բացասականն ենք տեսնում, դա չի նշանակում, որ մեր շրջապատում բացասականն է շատ, այլ նշանակում է մենք ենք տրամադրված բացասականը տեսնելու: Եթե մենք ասում ենք` այս մարդը մեր էներգիան տանում է, մտածեք, վերլուծեք` իսկ ինչո՞ւ եք ուզում նա ձեր էներգիան տանի: Էստեղ շատ նյուանսներ կան` կապված մեր սպասելիքների, աշխարհընկալման հետ, իսկ ամենագլխավորը` այդ պահին հոգեկան վիճակի, որի մեջ մենք գտնվում ենք: Ընդհնարապես, էներգիաների տեսանկյունից հոգեբանության մեջ հայտնի մի դիլեմա, աքսիոմա կա` և՛ հոգեկանը և՛ մարմնականը սերտ փոխկապակցված են և որևէ մեկի խաթարումը անպայման իր ազդցությունն է ունենում մյուսի վրա: Մարդ կա շատ հոգևոր պահանջմունքներ չունի, ինքը եթե սպորտով զբաղվի, ճիշտ սննդակարգ ընդունի, երջանիկ մարդ է, բայց կա մարդ, որ իր հոգևոր պահանջմունքների մեջ  շատ կարևորում է արվեստի հետ հաղորդակցվելը, մարդկանց հետ շփումը: Չենք կարող մի դեղատոմս առաջարկել, որը կարող է հարմարավետ լինել բոլորի համար, էդպիսի հոգեբանական "հագուստ" չկա, որը բոլորին հարմար է: 

Կյանքում լինում են պահեր, երբ մարդը պատրաստ է սարեր շրջելու և` հակառակը: Այս հզոր էներգիայի ալիքը երբ է գալիս ու ինչից մարում` մարդուն մատնելով անկարողության: 

Կլինիկական տեսանկյունից անկարողությունը կարող է կապված լինել դեպրեսիայի հետ, երբ մարդը դեպրեսիայի մեջ է, ունենում է էներգիայի մեծ պակաս, անընդունակ է որևէ բան կատարելու: Նշեմ, որոնք են ախտանշանները, որով գնահատվում է դեպրեսիան: Եթե պատճառ է եղել և դուք տխրել եք, դա չի նշանակում, որ դեպրեսիայի մեջ եք:  Դեպրեսիան շատ նորմալ ռեակցիա է, երբ կյանքում աննորմալ իրավիճակներ են պատահում, երբ մենք կորուստներ ենք ունենում, բայց եթե խնդիրը, տրամադրության անկումը շարունակվում է երկու շաբաթից ավելի մինչև մեկ ամիս, չենք կարողանում ուժ գտնել, որ կատարենք մեր սովորական պարտականությունները, եղած իրադարձությունների մեջ ավելի շատ տեսնում ենք բացասականը, դրականը անտեսելով, մեզ թվում է, որ շրջապատում բոլորը դերակատարներ են, դերասաններ, խաղում են ինչ-որ դերեր, զարմանում ենք` ինչպես կարելի է այդպես ծիծաղել, խոսել մարդկանց վրա, զարմանում ենք էնպիսի բաների վրա, որ մենք էլ ենք ժամանակին կատարել: Սա տրամադրության անկմանը զուգընթաց նկարագրություն է այն բանի, որ մարդը դեպրեսիա ունի: Էներգիայի պակասը կարող է կապված լինել այդ դեպրեսիայի, հյուծվածության, գերհոգնածության հետ: Օրինակ, հոգնած մարդու համար բավական է ճիշտ սնվել և քունը կարգավորել, երկուսից երեք օր հետո նա նորից պետք է գա իր հավասարակշռված վիճակին: Եթե դուք քնում եք, սնվում եք, բայց չեք կարողանում ձեզ գտնել շաբաթներ շարունակ դա կարող է, հավանաբար նշան լինել, որ դուք ունեք հյուծվածության համախտանիշ, որն արդեն պահանջում է նևրոլոգիական, հոգեբանական կամ հոգեկան առողջության մասնագետի միջամտության կարիք: Մենք կարող ենք ունենալ տարբեր իմպուլսներ` մի մասը գիտակցված, մյուս մասը` ոչ, և դա յուրաքնաչյուրի մոտ կարող է նորից տարբեր լինել: Երբեմն մեր գերակտիվությունը կապված է մեր մոտիվացիայից կամ դրդապատճառներից: Եթե մենք կանխավ լավ տրամադրվածություն ունենք խնդիրների նկատմամբ, այդ դեպքում դրական էներգիայով ենք օժտվում և կարող ենք, ինչպես ասում են, սարեր շուռ տալ և, հակառակը: 

Ինչպիսին մենք մեր աչքերում ենք, այդպիսին էլ կլինի մեր էներգիան: Համաձայն եք, հետևաբար ինչպես բարձրացնել ինքնագնահատականը:

Այո, իրականում մեր ներսում եղած էներգիաների պաշարները կախված է նրանից, թե ինչպես ենք ինքներս մեզ ընկալում: Դա կապված է ինքնագանահատականի, ինքնագիտակցության, ինքնաընկալման մյուս առաձնահատկությունների հետ: Յուրքանաչյուրի համար մի ճանապարհ չկա` ինչպես բարձրացնել ինքնագնահատականը: Գիտեք, ամենակարևորը դա չէ, ավելի կարևոր է խոսել ադեկվատ ինքնագնահատականի մասին: Որովհետև եթե մեկն  ոչ ադեկվատ ձևով իրեն չափազանցված է գնահատում, դա էլ է հիվանդագին և կարող է  հեռու չտանել նրան: Մենք նախ պետք է ֆիքսենք, որ այս մարդու մոտ ինքնագանահատականը ավելի ցածր է, քան ինքը արժանի է, և հետո մտածենք դրա ուղղման մասին: Եվ դա առանձին հոգեբանական աշխատանք է պահանջում: 

Երբեմն կարելի է հանդիպել ազդեցիկ մարդկանց, որոնց ընդունված չափանիշներով կարելի է համարել հաջողակ, բայց իրենք իրենց երջանիկ չեն զգում, դատարկության զգացողություն  կա, որ ոչ մի բանով չեն կարողանում լցնել, ինչի հետևանք է սա: 

Ես բավականաչափ հաջողակ մարդկանց գիտեմ, որոնք տագնապային են, ցածր ինքնագանհատականով և այդ իրենց արտաքին երևացող հաջողակ լինելու դիմակը ինքնապաշտպանական է, որպեսզի հաղթահարեն տագնապները: Հաջողակ լինելու սահմանումը որն է, դա էլ այլ թեմա է, ում ենք համարում հաջողակ` մեկը, որին դուք կարող եք հաջողակ համարել, ներսում ինքն իրեն կարող է համարի դժբախտ և անհաջողակ, շատ հակասական է այդ սահմանումը: Եթե մարդը դեպրեսիա ունի, ինչքան ուզում ես շատ փող ու հասարակական դիրք տուր, ինքը հաճույք չի ստանում: Ես ճանաչում եմ մի մարդու, որի տունը մի քանի միլիոն ֆունտ արժեր և ինքը շատ մեծ հնարավորություններ ուներ և միաժամանակ շատ ցածր ինքնագանահատական և թերարժեքության կոմպլեքսներ: Իսկ վերջերս փողոցով անցնում էի, տեսա մի երիտասարդի, որը գնել էր բաժակներով սառը սուրճերից` 150-200 դրամանոց, դրսի սննդի կետերից մեկի սեղանին հենված ծխախոտ էր ծխում ու այդ սուրճը խմում: Նայում էի, այնքան գոհ էր իր կյանքից և այնքան ինքնավստահ, որ շատերը կզարմանային ու կցանկանային այդպիսի ինքնագնահատական ունենային: Գերագույն հաճույքը, որը նա այդ պահին վայելում էր… այդ զգացումն է կարևոր: Իրականությունը միայն այն չի, որ կարող ես չափել, իրականությունը նաև այն է, ինչ մեր ներսում զգում ենք: Ինչպես Իսահակյանն է ասել` դուք կարող եք քաղցած մնալ առատ սեղանի առաջ և որևէ հաճույք չստանալ: Այնքան կարևոր չեն հնարավորությունները, որքան թե դու ներսում ինչ ես զգում: Ունեցվածքի չափը բավարար չէ, որպեսզի մարդու ինքնագնահատականը, էներգիաները, հոգեկան վիճակները լինեն հավասարակշռված:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:55 Փետրվար 09, 2016

Ամենաընթերցված նյութեր