ԷԼԴԱ ԳՐԻՆ. Մենք կորցրել ենք լիաթոք ուրախանալու, երջանիկ զգալու մեր կարողությունը

H1N1 վիրուսից առաջացած խուճապը կարծես չի նահանջում: Բժշկին, այսպես ասած, "դանակը ոսկորին հասնելու" դեպքում դիմող հայերն ակտիվացել են և բժշկական հաստատություններ են հաճախում անգամ աննշան ջերմության դեպքում, դիմակներ կրում և այլն: Ակտիվորեն քննարկումներ են ծավալվում նաև սոցցանցերում, որպես կանոն` ամեն ինչ չափազանցված է ներկայացվում: Տիկի'ն Գրին, հետարքրքիր է իմանալ ձեր կարծիքը: Սա իրականում խուճապ է. եթե այո', ապա որո՞նք են դրա հիմնական պատճառները և ինչպիսի՞ զարգացումներ կարող է ունենալ այդ երևույթը:

Ես չեմ համարում, որ խուճապ է: Պարզ է, որ այս լուրը լավ չի անդրադարձել մարդկանց վրա: Մարդիկ վախեցած են ու անհանգիստ: Եթե խուճապ լիներ, տանից դուրս չէին գա, կաշխատեին տանից, հասարակական վայրեր չէին հաճախի: Ես համալսարանում դասավանդում եմ, շատ հանգիստ է, խուճապ` որպես այդպիսին, չեմ նկատում: Եթե դիմում են բժշկի, շատ լավ է, զգուշավոր են դարձել ու ավելի գրագետ են մոտենում խնդրին, դիմակներ կրում: Վախը և խուճապը փոխկապակցված են: Բայց տվյալ դեպքում չենք հասել այդ մակարդակին: Խոզի գրիպից առաջացած այդ աղմուկը վախ չէ: Վախը պատերազմի վախն է: Ասում են` պատերազմ կլինի, թե ոչ: Մարդկանց խոսքի մեջ անընդհատ վախի տարրեր եմ նկատում: Դա հաղթահարելու համար պետք է գտնել աղբյուրը, իսկ աղբյուրը մեզ մոտ շատ հնուց է գալիս, մեր պատմությունից, որը գենետիկական է: Պատերազմ, շրջափակում, կոտորած, գաղթ… Իհարկե վախը նաև ինքնապաշտպանական բնույթ է կրում, մենք գոյատևել ենք նաև այդ վախից բխող զգոնության շնորհիվ: Բայց փոխարենը կորցրել ենք լիաթոք ուրախանալու մեր կարողությունը, այդ վախը փչացրել է հայի կյանքի որակը: Օրինակ` հայերի վերաբերմունքն իրենց երեխաների հանդեպ համեմատած մյուս ժողովուրդների հետ շատ հիվանդագին է. հիմքում նորից վախն է` հանկարծ չմրսի, փոքր երեխային լողացնելիս վախենում են անգամ, որ տատիկը կողքով կանցնի, մի քամի կփչի և այլն: Սա, անշուշտ, չափազանցություն է:

Նոր տարին անցավ, հիմա խոսվում է հետտոնական դեպրեսիայի կամ սթրեսի մասին: Արդյո՞ք հայերը կարողանում են Նոր տարվա օրերին լիցքաթափվել ու ուրախ անցկացնել: Եվ հետտոնական դեպրեսիան, մեծ հաշվով, ի՞նչ է արդյոք, այդ ֆենոմենն այդքան խորն արմատներ ունի՞ մեր հասարակության մեջ:

Նոր տարին պատեհ առիթ է, որ մարդիկ ազատվեն այն հոգսերից, այն դաժան պահերից, որոնք գուցե իրենք չեն ապրել, բայց իրենց գենետիկական հիշողության մեջ մնացել է: Նրանք ուզում են` իրենց պատկերացմամբ արժանապատիվ ձևով անցկացնեն այդ տոնը, իսկ դա  հասկանում են, նախևառաջ, առատ սեղաններ: Դրա համար մարդիկ տնտեսում կամ պարտքով գումար են վերցնում, որ կարողանան ապահովել այդ սեղանները: Եթե մարդը կարողացավ իրեն բավարարված զգալ ու հաճույք ստանալ տոնից, պարտքերն էլ արդարացված են, ընթացքում քիչ-քիչ կմարի. կարևորն իր իղձը կատարվի: Ռուսները սեղանին դնում են կես լիտր օղի, մի քիչ երշիկ կամ մի հատ սիլյոտկայի պոչ, բայց շատ ուրախ են անցկացնում: Նրանք չեն կարևորում ուտելիքի առատությունը և բազմազանությունը: Հենց ինքը` իրադարձությունը, նրանց համար առիթ է լիաթոք ուրախանալու համար: Մենք շատ ծանր ենք տանում ամեն բան, շատ բծախնդիր ենք: Իսկ հետտոնական դեպրեսիան երևի սկսվում է այն պահից, երբ տոներն անցնում են և հիշում են պարտքերի մասին: Իսկ ինչ ասեն ռուսները, նրանց մոտ ամեն գիշերային խրախճանքից հետո` առավոտյան, հետտոնական դեպրեսիա է` խումհար (похмелье): Ընդհանրապես հայերը սանգվինիկներ չեն, չէի ասի, որ շուտ են ուրախանում, ծիծաղում, շուտ են հավատում, սիրում են խնջույքներ, հաճախ սիրահարվել: Ռուսներն ամեն ինչ ավելի թեթև են տանում, իսկ հայերը խորասուզվում են:

Եթե փորձենք այս համեմատական գիծը պրոյեկտել շատ նուրբ և բավականին քննարկվող հարցի վրա` ռուս կանանց և հայ տղամարդկանց սիրավեպերի հավերժ չփակվող թեմայի մասին է խոսքը. դե ասում են, որ այն ավելի շատ խորհրդային իներցիայի դրսևորում է և ներկայում ավելի քիչ են հանդիպում Ռուսաստանից կին բերելու դեպքերը: Ինչ կասեք, այս երևույթի և, այդ առումով, հայ կանանց "վախերի" մասին:

Հայ կանայք չեն սիրում ռուս կանանց, որովհետև իրենց տղամարդիկ սիրում են նրանց: Պետք է նկատել, որ ռուս կանայք կին են բառի բուն իմաստով, գիտեն ինչպես գրավել տղամարդուն, յուրաքանչյուրի մեջ մի գեղեցիկ բան կա: Շատ աշխատասեր են, կազակերպված, ինչը չէի ասի ռուս տղամարդկանց մասին, այդ պատճառով էլ կանայք շատ դեպքերում ղեկավարում են իրենց տղամարդկանց: Իսկ հայ տղամարդիկ կրքոտ են, սիրելուց` սիրում են մինչև վերջ և ռուս կանանց դա դուր է գալիս: Հայ կանայք էլ շատ յուրահատուկ են, և իրենցից կախված չէ մեծ հաշվով, որ իրենց տղամարդիկ հաճախ դավաճանում ու սիրուհիներ են պահում: Սա խնդիր է: Միևնույն ժամանակ, հայ տղամարդիկ աշխատող են, հմուտ ձեռքեր ունեն. ձեռքերից ամեն ինչ գալիս է: Ընտանիք, օջախ սիրում են, բայց հայացքը միշտ դուրսն է, նրացից շատերը չեն սահմանափակվում մեկով: Ընկերներով մեկը մյուսի ազդեցության տակ են ընկնում: Հայ կանայք ծանր բնավորություն ունեն, այսպես ասած, "ծանր նաֆաս" են: Քիթը կախում են, նեղանում են երկար ժամանակ, տղամարդն էլ նոր զգացողություններ է փնտրում և արդյունքում` սիրուհի գտնում…

Դուք դասավանդում եք, շփվում երիտասարդ սերնդի հետ: Ըստ Ձեզ, ինչի՞ց է վախենում 21-րդ դարի երիտասարդը: Ի՞նչ խնդիրների ու մարտահրավերների առջև է կանգնած:

Այդքան փնովված Խորհրդային միությունում երիտասարդը գիտեր մի ճշմարտություն. եթե ինքը սովորի, լավ ապագա կունենա: Գիտելիքը շատ էր գնահատվում: Հիմա ինչ գնահատվելու մասին է խոսքը, երիատասարդը սովորում է, գիտական աստիճան ստանում, բայց տեսնում է, որ չի գնահատվում, ինքը չի կարողանում արժանավայել ապրել, վաստակել նորմալ գումար: Հիասթափությունից ոմանք լքում են երկիրը: Իհարկե, հայրենիքը լքելը, որևէ պարագայում, չի խրախուսվում, բայց մեղադրել ևս չի կարելի: Հիմա կան շատ հարուստներ և աղքատներ, միջին խավը քիչ է: Իսկ հարուստներից ոմանք այս կամ այն մեկին թալանած մարդիկ են, հիմնականում` եսասեր, անտարբեր մարդկանց հանդեպ: Փոխվել են արժեքները, անընդհատ խնդիրներ են առաջանում արդարության հետ և այս պայմաններում մարդիկ հիասթափություն են ապրում: Փողը դարձել է ամեն ինչի չափանիշ: Անտաղանդների ծնողները, որոնք գումար ունեն, փող են տալիս, իրենց երեխային, այսպես ասած, "ռասկրուտկա" են անում, իսկ տաղանդավոր երեխայի ծնողը, որը գումար չունի, նրա երեխան մնում է ստվերում: Հայ աղջիկները վախենում են միայնակ մնալուց, տղաները շատ են, աղջիկները քիչ: Հարսանիքը գերնպատակ է, բայց ամեն ինչ չի վերջանում հարսանիքով: Մենք դա վերածել ենք հեքիաթի, իրադարձությունը զարգանում է, ծառից ընկավ երեք խնձոր…իսկական սերն ավելի լայն հասկացություն է:

Իսկ կա՞ իսկական սեր, հավերժական և արդյո՞ք սերն ունի վաղեմության ժամկետ, ինչպես ասում են, 3-5 տարի:

Իսկական սերը երբեք չի անցնում, պարզապես իսկական սերը պահանջում է զոհաբերություն: Եթե երկուսն էլ պատրաստ են զոհաբերության, այդ ժամանակ կարելի է խոսել սիրո մասին: Իսկական սերը`աստվածային Ագապեն, հավերժ է, հնարավոր չէ այն ընդհատել: Սիրո տարբեր տարատեսակներ կան, հին հույներն այսպիսի բաժանում են արել. էրոս` մարմնական սերն է, ագապե` աստվածային, պրահմա` շահի վրա հիմնված, ֆիլիա` ընկերության վրա հիմնված և այլն:

Տիկին Գրին, դուք մեծ փորձառություն և վաստակ ունեցող գիտնական եք, այդուհանդերձ, Ձեզ համար արդյոք կա՞ն հարցեր, որոնց պատասխանները շարունակ փնտրում եք և դեռ չեք գտել: Ինչի՞ մասին է հաճախ մտորում Էլդա Գրինը:

Ինձ շատ մտահոգում են հայերի փոխհարաբերությունները: Ես երազում եմ, որ մեր ազգը մի շնչով շնչի ու իրար օգնեն, մեկի ցավը բոլորինը լինի և` հակառակը: Մարդասեր լինեն, ինչը գնալով պակասում է: Մարդը ստեղծեց ատոմային ռումբ, համակարգիչ, բայց չստեղծեց այնպիսի հասարակարգ, որտեղ բոլորը լինեին հավասար, հաշտ, երջանիկ: Մտածում եմ` արդյոք դա ուտոպիա է, և չեմ գտնում պատասխանը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:00 Հունվար 25, 2016

Ամենաընթերցված նյութեր