ԱՆՆԱ ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆ. ԻՆՁ ԿԱՄ ՇԱՏ ՍԻՐՈՒՄ ԵՆ, ԿԱՄ ԱՏՈՒՄ

Աննա, առհասարակ, ինչի համար են գեղեցիկ աղջիկները մասնակցում գեղեցկության մրցույթներին: Միթե, իսկական գեղեցկությունը տիտղոսների կարիք ունի:

Երևի, պետք է սկսել այն հարցից, թե ինչ է նշանակում իսկական կամ ոչ իսկական գեղեցկությունը, և ինչ չափանիշներով են դրանք չափվում: Ինչ խոսք, չափանիշները տարբեր են, որովհետև տարբեր են մարդկանց ճաշակները: Ամեն մեկն ունի գեղեցկության վերաբերյալ իր պատկերացումները: Կա նաև այսպիսի բնորոշում` "չամիչ" աղջիկ: Ես այդ չափանիշով եմ չափում: Ընդհանրապես, եթե կինը խնամված է, արդեն գեղեցիկ է: Այսօր մարդիկ կարող են մրցել գիտելիքներով, արտաքին գեղեցկությամբ այլևս ոչ մեկին չես զարմացնի: Եթե կինը իր ներքինով գեղեցիկ չէ, արտաքին գեղեցկությունը, այսպես ասած, կարճ կյանք ունի: Կինը կարող է արտաքնապես գեղեցիկ լինել, բայց շատ տգեղ` մարդկանց հետ շփման մեջ: Ինչ վերաբերում է տիտղոսներին, "Միսիս Գլոբ 2015"-ին ես չստացա առաջին մրցանակը, բայց ինձ ոչ մի բանով պակաս չեմ համարում ու թերարժեքության զգացում չունեմ: Որքան էլ դա անհամեստ չըհնչի` մրցույթի ողջ օրերի ընթացքում ես ինձ ամեն րոպե էլ լավագույնն եմ զգացել:

Քանի՞ տարի է մոդելային ոլորտում եք: Կարծիք կա, որ այս բնագավառում հաջողությունների հասնելու համար պետք է զարտուղի ճանապարհներով գնալ` այս կամ այն ազդեցիկ մարդու սիրուհին լինել և այլն: Սա կարծրատիպ է, թե՞ ճշմարտության "հատիկ", այդուհանդերձ, կա: Ի՞նչ կասեք այս մասին:

"Все через постель" արտահայտությունը, այո, այստեղ շատ է շահարկվում, սակայն այն վաղուց արդեն ակտուալ չէ: Ազատ վարքով կանանց կարելի է հանդիպել ամեն բնագավառում: Սիրուհի լինելու համար պարտադիր չէ մոդել լինել: Եթե մոդել է, չի նշանակում, որ նա ազատ վարքով, անբարո կյանքով է ապրում: Ուղղակի գեղեցիկ աղջիկներին ավելի հաճախ են պիտակավորում: Իհարկե, աղջիկներ կան, որոնք գեղեցկության մրցույթների են մասնակցում, որ իրենց ազդեցիկ մարդիկ նկատեն, երկրպագուներ ձեռք բերեն, անձնական կյանքը դասավորեն…Ինչ վերաբերում է իմ մոդելային կարիերային` ասեմ, որ ես երբեք չեմ երազել մոդել դառնալ կամ գեղեցկության մրցույթների մասնակցել: Փոքր ժամանակ "տղայի" վարքով էի աչքի ընկնում, ֆուտբոլ խաղում: Մայրս որոշեց ինձ տանել մոդելային դպրոց, որպեսզի քայլվածքս հղկվեր, և մի փոքր կանացի դառնար: Էստեղից սկսվեցին հրավերները տարբեր միջոցառումների, ցուցադրությունների, այս ամենը սկսեց ինձ դուր գալ: Բայց այս ամենով հանդերձ, մայրս միշտ շեշտել է կրթության կարևորության մասին: Որ սա հոբբի է, պետք է կայուն մասնագիտություն ընտրել, աշխատել, սեփական գումարը վաստակել, տղամարդուց/ամուսնուց կախված չլինել: Լավ է, երբ աղջիկը գեղեցիկ է, բայց պետք է նախևառաջ խելացի լինի: Շատ կարճ ժամանակ եմ զբաղվել մոդելային գործով` 14-17 տարեկանում: Հետո ընդունվեցի համալսարան, այնուհետև ամուսնացա և բոլորովին վերջերս եմ նորից վերադարձել այս ոլորտ:

 

Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք վերադառնալ մոդելային ոլորտ: Գիտեմ, որ ամուսնացած եք և բալիկ ունեք: Արդեն հասուն տարիքում այս որոշումն ինչպե՞ս կայացրեցիք: Ձեր ամուսինն ինչպե՞ս ընդունեց:

17 տարեկանում, երբ պետք է ընդունվեի համալսարան, թողեցի մոդելային աշխատանքը: 8 տարի ընդմիջումից հետո որոշեցի վերադառնալ: Արդեն ծննդաբերությունից հետո, տասը կիլոգրամ գիրացած, բարդութավորված, ամուսնուս համոզեցի, և նա զգաց, որ դա ինձ կօգնի վերականգնվել: "Միսիս Գլոբ 2015"-ն իմ առաջին փորձն էր, մինչ այդ չէի մասնակցել գեղեցկության մրցույթների: Մրցույթն էլ բարեգործական էր: Այն տևեց 12 օր, մասնակցում էին 60 երկրի ներկայացուցիչներ: Ոչ մի վայրկյան չեմ ափսոսում մասնակցության համար: Ամեն ինչ շատ լավ էր, ձեռք եմ բերել շատ լավ ընկերուհիներ, մի փոքր կյանքի փորձ, որոշ արժեքային փոփոխություններ են եղել իմ` մարդկանց ընկալման և շփման հարցերում: Շատ շնորհակալ եմ Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանին: Նա միջնորդել է և ապահովել իմ մասնակցությունը այդ մրցույթին: Շատ վստահելի և պատասխանատու անձնավորություն է:

Աննա, 1.80 հասակի հայ կանանց ամեն քայլափոխի չես հանդիպի: Դուք զտարյուն հա՞յ եք, թե՞…

Ծնվել մեծացել եմ Հայաստանում, բայց մայրս ուկրաինուհի է, հայրս հայի ու ռուսի և դոնի կազակի խառնուրդ, տատս` ռուս: Ընդամենը 25 տոկսով հայի արյուն ունեմ, բայց ինձ ամբողջությամբ հայ եմ համարում: Էստեղ եմ դաստիարակություն ստացել, ապրել: "Բոյեվոյ դուխը" կազակից է եկել, Ուկրաինկայից երևի տեսքս, ռուսից հոգիս` "Добрая русская душа": Մտածելակերպով, ցավոք, հայ եմ, որը ինձ շատ է խանգարում: Ոչ հայեցի սովորություններից (ժպտում է), թերևս, այն է, որ ծխում եմ: Բայց երբեք թաքուն չեմ ծխում, զուգարաններում կամ պատի տակ: Ես պարզ մարդ եմ: Ինձ կամ սիրում են կամ ատում, չկա միջին տարբերակ: Ինչ արած, բոլորի համար չես կարող լավը լինել:

Գեղեցիկ մարդկանց ամեն ինչ մի փոքր ավելի հեշտ է տրվում: Բայց, կա նաև մեդալի հակառակ երեսը. գեղեցիկ մարդիկ ավելի շատ են հարվածի տակ ընկնում: Գեղեցկության դրական ու բացասական կողմերի մասին:

Եթե ես ապրեի այլ երկրում գեղեցկությունն ավելի շատ "պլյուսներ" կունենար: Բայց ապրելով Հայաստանում` շատ խնդիրների ես բախվում: Թող ինձ ճիշտ հասկանան, բայց մեր իրականության մեջ չարությունն ու նախանձը շատացել է: Գեղեցիկ մարդկանց վերապահումով են մոտենում, ասում են` ուղեղ չունի, անբարո է և այլն: Իմ կյանքում գեղեցկությունն ավելի շատ խանգարել է, քան օգնել: Ի տարբերություն այլոց, ես միշտ սիրել եմ գեղեցիկ մարդկանց, ինձ ասում են` "Աննա, քո բոլոր ընկերուհիները գեղեցիկ են": Ենթագիտակցորեն միշտ գեղեցիկ մարդկանց եմ ընկեր ընտրել, կարծես ինձ նման "դժբախտ" մեկին էլ եմ գտել այս աշխարհում (ժպտում է):

Ասում են` զբաղված կանայք, այսպես ասած, ավելի շատ պահանջարկ ունեն: Ամուսնությունը ավելացրե՞լ, թե՞ պակասեցրել է երկրպագուների թիվը:

Մինչև ամուսնանալը երբեք չեմ զգացել երկրպագուների առկայություն իմ կյանքում, մտածում էի` երևի ես այդքան լավը չեմ, որ երկրպագուներ չունեմ: Հետո ամուսինս պատմում էր, թե ինչքան էին գալիս իր հետ խոսելու, և նա ինչպես էր բոլորին "տուն էր ճանապարհում": Ամուսնուս հետ նույն դասարանից ենք եղել, հետո միասին սովորել Սլավոնականում, տարբեր ֆակուլտետներում: 8 տարվա ընկերությունից հետո` 23 տարեկանում ամուսնացանք: Ասեմ, որ ես շատ չարաճճի, ինքնուրույն կանանցից եմ, ամուսինս երևի "գժվել" է իմ ձեռքը: Բայց, գուցե, արդեն համակերպվել է, որ ես այսպիսին եմ, պետք է փորձեմ այն ինչ մտքովս կանցնի, շատ ռիսկային եմ: Մեկ-մեկ ասում է` երևի, եթե դու խելոք-լսող կին լինեիր, մեր կյանքն այսքան հետաքրքիր ու բուռն չլիներ:

Հայ տղամարդկանց մոտ երբեմն կարելի է հանդիպել մի "ֆոբիա", որը դեռ անուն չի ստացել` գեղեցիկ կին ունեալու վախ: Ինչի՞ հետևանք է սա:

Նման տղամարդիկ շատ ինքնասիրահարված են լինում և կոչվում են ՆԱՐՑԻՍ` նրանք միշտ շատ կոկիկ տեսք ունեն և միջոցներ չեն խնայում իրենց տեսքը և իմիջը բարձր պահելու համար: Որպես կանոն, ընտրում են, այսպես ասած, "միջին տեսքի" կնոջ, վախենալով, որ վառ արտահայտված գեղեցկությամբ կնոջ ստվերի տակ իրենք ավելի քիչ կփայլեն:

Նկատել եմ, որ գեղեցկուհիների լուսանկարներ նայելիս հատկապես կանայք արձագանքում են հետևյալ կերպ` քիթը վիրահատած է, շուրթերը բնական չեն…Ինչպե՞ս եք վերաբերվում պլաստիկ վիրահատություններին:

Ես դեմ չեմ պլաստիկ վիրահատություններին, և չեմ քննադատում նրանց, ովքեր դիմում են գեղեցկանալու այդ միջոցին: Ոչ ոք իդեալական չէ, և երևի թե յուրաքանչյուր կին կցանկանար որևէ բան փոխել իր արտաքինի մեջ: Ինքս երբեք չեմ դիմել նման վիրահատությունների: Կարծում եմ, դա մի փոքր ռիսկային է առողջության համար, և երբ դու երեխա ունես, պատասխանատու ես նրա առջև, դու պարտավոր ես լինել նրա կողքին և խնամել նրան, և այդ դեպքում հարկավոր է խուսափել առողջությունը վնասելու ավելորդ ռիսկերից:

Առջևում Նոր տարի է: Հայերն ամեն տարի իրենք իրենց խոստանում են, որ տվյալ տարին նախորդ տարիների նման ճոխ չեն նշի, բայց չի ստացվում խոստումը պահել: Ինչպե՞ս կառաջարկեք նշել նոր տարին ու ի՞նչ կմաղթեք հայ կանանց:

Ես սիրում եմ Ամանորյա եռուզեռը, նախապատրաստական փուլերը` գնումները, նվերների և անակնկալների պատրաստումը, տոնածառի և բնակարանի զարդարումը: Ինձ դուր է գալիս ստեղծել գեղեցիկ տոնական մթնոլորտ: Խոհանոցից շատ հեռու եմ, սակայն տոնական օրերի նախօրեին սիրում եմ տոնական համեղ ուտեստներ պատրաստել, և ժամանակն անցկացնել այնտեղ: Մեր հայրենակիցներին խորհուրդ կտամ շատ չնեղվել և "կաշվից դուրս չգալ", ամանորյա սեղանը գցելիս: Ավելի թեթև պետք է նայել ամեն ինչին, Ձեր հնարավորությունների չափով: Ես սիրում եմ Ամանորյա տոները և ավանդույթները, լիություն սեղաններին, հյուրընկալություն... բայց պետք չի մառազմի հասցնել այդ ամենը: Շատ կցանկանայի, որ մեր կանայք ամեն ինչ ավարտեին ժամանակին և գեղեցկանալու, խնամվելու, հարդարվելու և զարդարվելու ավելի շատ հնարավորություն ունենային: Սիրեք Ձեզ և ինքնավստահ եղեք, այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կլինի` և սեղանի լիությունը, և ամուսնու հիացմունքը և ուշադրությունը....

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:30 Դեկտեմբեր 18, 2015

Ամենաընթերցված նյութեր