ՎԱՉԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ. Անկեղծ, ինձ դուր է գալիս, որ հումորի լեզուն մաքրվում է

Պարտատերերից փախած, "ժամանակի մեքենայով" քարե դար ընկած ճարպիկ հայ տղայի արկածներ, աբորիգենների ու շամանների վեճեր… Ինչպե՞ս համաձայնեցիք նկարահանվել ԱԹՎ-ի նոր` "Քարե դարդ" սիթքոմում և մարմնավորել գլխավոր հերոսի կերպարը:

Հրավերը ստացա ԱԹՎ-ի տնօրեն Վահագն Խաչատրյանից: Սյուժեի մասին մի քանի բառով պատմեցին, միանգամից հավանեցի. լավ բանը անմիջապես "աչք է ծակում": Սիրով համաձայնեցի գլխավոր դերում հանդես գալ: Անվանումը սկզբում մտածում էինք լինի` քարե դար, բայց հետո կանգնեցինք "Քարե դարդ" տարբերակի վրա: Գլխավոր հերոսը` Մոսոն, "ժամանակի մեքենայով" տեղափոխվում է քարե դար ու չի կարողանում վերադառնալ 21-րդ դար, մեքենան փչանում է: Ծիծաղաշարժ իրադարձությունները զարգանում են իր "նախանախանախահայրերի" մոտ…

Մինչ այս, սիթքոմներում նկարահանվելու առաջարկներ եղե՞լ էին:

Տարբեր առաջարկներ եղել են, բայց մերժել եմ: Այս սիթքոմի սցենարն ինձ շատ դուր եկավ: Մտահղացման հեղինակներից է հայտնի սցենարիստ Սարգիս Մնոյանը, նոր հետաքրքիր գաղափարներով միացան նաև մեր մյուս սցենարիստները, տաղանդավոր Վանեն ու Գրիգը, որոնց հետ նաև Վիտամին ակումբում եմ աշխատում: Ծանոթանալով թիմի հետ, հասկացա, որ տաղանդավոր մարդիկ են ընդգրկված, որոնք հավաքվել են ոչ թե հերթական սերիալային մակարդակի ինչ-բան անելու, այլ ավելի հետաքրքիր ու դինամիկ մի նախագիծ կերտելու: Կարևորելով այս հանգամանքը` համաձայնեցի սիթքոմի պրոդյուսերի դերը ստանձնել, որովհետև տեսա` թիմը որքան էնտուզիազմով է մոտենում իր առջև դրված ցանկացած խնդրի: Հիմա աշխատանքների ամենաթեժ փուլում ենք, սպասում ենք առաջին սերիան ինչ արձագանքներ կունենա: Կարծում եմ, պետք է ընդուվի և սիրվի, որովհետև մենք իրան շատ ենք սիրում:

Մի պահ սերիալներն էին, այսպես ասած, մոդայիկ, պահանջված, թեպետ, հիմա էլ կարծես չեն զիջում իրենց դիրքերը, բայց վերջին շրջանում սիթքոմներ կամ կատակերգական ֆիլմեր նկարելու տենդենց է նկատվում: Ինչո՟վ է դա պայմանավորված:

Աֆրիկացիները չեն ուտում պանիր, բայց հայերը շատ են ուտում, հատկապես, հաց ու պանիր: Մենք հումորով ժողովուրդ ենք: Ես փոքր էի, հիշում եմ, մերոնք ձայնագրում էին, "ЕРМИ"-ի խաղերը, նայում էի, հետո "Նոր հայեր"-ին, Աշոտ Ղազարյան, "Կարգին հաղորդում"` Հայկո-Մկո…միշտ հումոր են պարգևել: Դա էլ մեր առաձնահատկությունն է: Հայերը սիրում են հումորային ֆիլմեր դիտել: Թեթև է և դրական էմոցիաներ է հաղորդում:

Ի՞նչ կասեք Հայաստանում հումորի որակի մասին: Ինչ տեսակ հումորն է հայերին դուր գալիս կամ արդյո՞ք ընկնելով առաջարկ-պահանջարկի, այսպես կոչված, ռեյտինգի հետևից ընդհանուր դաշտը չի աղավաղվում:

Այս սիթքոմում հումորի որակը շատ բարձր է: Փորձել ենք լեզվական պահանջված շեմը պահել: Չնայած իմ կերպարը ժամանակակից, ակտիվ կյանքով ապրող երիտասարդ է, որն իրեն բնորոշ բառապաշարն ունի: Այդուամենայնիվ, սիթքոմը հնարավորինս մոտեցրել ենք եթերային լեզվին: Անկեղծ, ինձ դուր է գալիս, որ գնալով հումորի լեզուն մաքրվում է, և տենդենցները ցույց են տալիս, որ գրական հայերենով էլ կարելի է բարձրորակ հումոր ստեղծել:

Ինչո՞վ կտարբերվի այս սիթքոմը շուկայում եղածներից: Առաձնահատկությունների, տարբերությունների մասին:

Ես շատ եմ ուսումնասիրել թե ամերիկյան, և թե ռուսական սիթքոմները` "MODERN FAMILY"-ին, ТНТ-ով "Реальные пацаны"… Սիթքոմի մեկ սերիայի տևողությունը չպետք է գերազանցի 20-25 րոպեն: Սակայն մեր առաջին սերիան 36 րոպե է ստացվել: Կան սիթքոմներ, որտեղ կադրերը արագ-արագ փոխվում են, ամերիկյանը շատ ծայրահեղ է, զուրկ է ամեն տեսակ բարոյական նորմերից: Մենք շատ դինամիկ ոճ ենք ընտրել, որը կարող է ինչ-որ տեղ դժվարացնել մեր նկարահանման գործընթացը, բայց արդյունքում ունենում ենք շատ տեսարաններ, նոր իրավիճակներ: Որպես հեռուստադիտող եմ ասում, իմ կարծիքով, դինամիկան պակասում է եթերում, մենք դա ենք փորձել ապահովել: "Քարե դարդը" առանձնանում է նաև նրանով, որ մենք զրոյից ենք սա մտածել, հորինել, չկա նախատիպը, կամ որևէ տեղից չենք վերցրել, բոլորովին նոր միտք է: Նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար: Բարի, մուլտֆիլմային է, որպեսզի կարողանան դիտել նաև երեխաները, ու ծնողները չարգելեն: Նրանք, ովքեր չգիտեն, նշեմ, որ սիթքոմը շաբաթական երկու անգամ է եթեր հեռարձակվելու` երեքշաբթի և հինգշաբթի, 21:30-ին, ԱԹՎ-ի եթերով: Ովքեր չեն հասցնի դիտել, կգտնեն սերիաները ՊանԱրմենիան ԹՎ-ի յութուբյան էջում, նաև` ֆեյսբուքում:

Նախապես մշակված սցենարով եք աշխատում ,թե՞ փոփոխություններ ընթացքում լինում են:

Այո, լինում են: Դերասանական անձնակազմը բավականին փորձառու է հումորի առումով: Երբեմն լինում է, որ ոչ հումորային դերասանն է հայտնվում հումորային տեսարաններում, կամ երգչուհին դերասանի կարգավիճակով է հանդես գալիս: Բայց սրանով հանդերձ, մեզ մոտ բոլորն իրենց ճիշտ տեղում են: Արմուշը հումորի բնագավառից է, միասին աշխատելու փորձ ունենք: Արմուշի կերպարն էլ շատ հետարքրքիր է: Յուրաքանչյուրս իր "коронный" խոսքն ունի: Ֆորմատը շատ լավ ուսումնասիրվել է, ամբողջությամբ յուրացվել է թե դերասանների, թե ռեժիսորների և սցենարիստների կողմից:

Նկարահանումները չեն խոչընդոտում Վիտամինի աշխատանքին: Հասցնում ե՞ք:

Այդքան էլ չէ: Այս պահի դրությամբ սա առաջնային է, պետք է հունի մեջ գցենք, այլ կերպ անհրաժեշտ որակ ապահովելու առումով խնդիրներ կունենանք: Սրանով ենք ապրում: Նոր տարվա սերիայի նկարահանումներն էլ ենք արդեն սկսել, մի խոսքով, բուռն աշխատանքային ընթացքի մեջ ենք:

Վիտամինի պառակտումը տարբեր ասեկոսեներով ուղեկցվեց: Իրականում ի՞նչն էր պատճառը:

Այո, դեպրեսիաներով(ժպտում է): Կյանքի փոփոխություններ են, արտառոց երևույթ չէ: Պատճառը` տեսակտեների, տեսլականների տարբերությունն էր:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:01 Դեկտեմբեր 08, 2015

Ամենաընթերցված նյութեր