ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆ. Քարոզարշավն իրականում մի մեծ կարծրատիպ կոտրեց

Ավարտվում է Սահմանադրական փոփոխությունների հանաքվեի շրջանակներում քարոզարշավը: Ինչպե՞ս կգնահատեիք այն:

Ընդհանուր առմամբ, նորմալ: Կողմերն իրենց ունեցած ռեսուրսների շրջանակում որոշակի քարոզչություն իրականացրեցին: Այստեղ տարբերությունը մյուս քարոզարշավներից այն էր, որ սա հանրաքվե է, և բացի բուն արդյունքներից, կողմերն որոշակի ակնկալինքներ ունեն նաև միջազգային դիտորդների գնահատականների հետ կապված, ուստի նրանց գործողությունները տեղավորվում են նաև այդ տրամաբանության մեջ: Ռեալիթի շոուին հետևելիս ակնհայտ դարձավ, որ մարդկանց մեծ մասը պարզապես անտարբեր է սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, իրենց հետաքրքրում են առաջին հերթին սոցիալական խնդիրները: Թե որքանով հաջողվեց "Այո"-ին և "Ոչ"-ին համոզել մարդկանց, որ այդ խնդիրներն այս կամ այն կերպ կապված են սահամանադրության փոփոխության հետ, ցույց կտա քվեարկությունը: Բայց միաժամանակ ակնհայտ է, որ իրազեկման հսկայական աշխատանքներ են տարվել այս ընթացքում և "Այո-ի, և "Ոչ"-ի ներկայացուցիչների կողմից: Այս առումով հատկապես շոշափելի էր ռեալիթի-շոուի դերը: Այն մեր իրականության մեջ նորարարություն էր և բոլորն էլ, ըստ էության, հնարավորություն ստացան դրա շրջանակներում և դրանից դուրս հանրահավաքային տարբեր հանդիպումների ձևով ներկայացնել իրենց տեսակետները: Ես անձամբ ոչ բոլորին եմ հետևել` մարզային ի՞նչ հանդիպումներ են եղել, ի՞նչ գրաֆիկով, ի՞նչ լսարանի մոտ, այդ պատճառով կոնկրետ գնահատականներ տալ չեմ կարող: Կարող եմ միայն շեշտել, որ հանրային իրազեկման և դինամիկ քաղաքական բանավեճ վարելու առումներով հեռուսատատեսային իրապատումն, իրոք, հաջողված էր: Բանավեճը կայացավ և նպատակին ծառայեց նաև այն իմաստով, որ քաղաքացիները տեսան, որ այդ շոուի ընթացքում "Այո"-ի ու "Ոչ"-ի կողմնակիցները ներկայացան ոչ թե հակառակորդներ, այլ մարդիկ, ովքեր կարող են նստել մի սեղանի շուրջ և ընդհանուր թեմաներից խոսել: Մեզ մոտ կա կարծրատիպային ընկալում, որ քաղաքական հակառակորդներն անպայման թշնամական հարաբերություններ պետք է ունենան: Այդ կարծրատիպը, սկզբունքորեն, կոտրվեց: Բայց բուն սահմանադրության փոփոխությունների շուրջ բովանդակային քննարկում, որպես այդպիսին, չեղավ և չէր էլ կարող լինել, որովհետև ոչ հասարակությունն է սահմանադրագետներից բաղկացած, ոչ էլ քաղաքական գործիչների մեծ մասն է տիրապետում սահամնադրական իրավունքի ողջ առարկային: Դա միայն Հայաստանին բնորոշ չէ, ամբողջ աշխարհում է այդպես:

Ասում են կանխագուշակումներ անելն անշնորհակալ գործ է, բայց, այդուհանդերձ, հաշվի առնելով քարոզարշավի ընթացքը, հասարակական տրամադրությունները, վերջնարդյուքում "Այո"-ի և "Ոչ"-ի տոկոսային ի՞նչ հարաբերակցություն կունենանք:

Ես դժվարանում եմ ասել: Եթե ես նման կանխագուշակում անեի, ինձ թվում է պետությունը միջոցներ չէր ծախսի քվերակություն կազմակերպելու, ինձ կհարցներ: Քվեարկությունը ցույց կտա: Իրականում մարդիկ մոտիվացված են գնալու ընտրատեղամասեր, բայց ինչպես կքվեարկեն` դժվար է ասել: Ըստ էության, մենք այսօր ունենք երեք հիմնական սեկտոր` "Այո", "Ոչ", և անտարբեր քաղաքացիներ: Շատ բան կախված է լինելու այն հանգամանքից, թե ինչպես կքվեարկեն կամ հանրաքվեին կմասնակցե՞ն արդյոք անտարբերություն դրսևորող ընտրողները: Ես կարծում, որ իներցիայով նրանց մի ստվար հատվածը, այդուհանդերձ կգնան ընտրատեղամասեր:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:27 Դեկտեմբեր 04, 2015

Ամենաընթերցված նյութեր