ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. "Ոչ"-ի կողմնակիցներն այդպես էլ բովանդակային փաստարկներ չբերեցին

Ավարտվում է Սահմանադրական փոփոխությունների հանաքվեի շրջանակներում քարոզարշավը: Ինչպե՞ս կգնահատեիք այն:

Դրական եմ գնահատում այն առումով, որ թե "Այո"-ի, թե "Ոչ"-ի կողմնակիցները հնարավորություն ունեցան իրենց կարծիքներն արտահայտելու, և ովքեր դեռ չէին կողմնորոշվել, հնարավորություն ունեին լսելու տարբեր մոտեցումներ և տեսակետներ: Բովանդակային առումով որևէ նոր բան, ըստ էության, չկար. "Այո"-ի կողմնակիցները բերեցին լուրջ փաստարկներ, թե ինչո՞ւ է Սահմանադրական փոփոխությունների փաթեթն առաջադիմական փաստաթուղթ, ինչո՞ւ են այնտեղ տեղ գտած լուծումները, կարգավորումները կարևոր մեր քաղաքական համակարգի և հասարակության համար: "Ոչ"-ի կողմնակիցները, ըստ էության, բովանդակային փաստարկներ չբերեցին: Նրանց քարոզչությունն ամբողջությամբ կառուցված էր հետևյալ ոչ բովադակային թեզերի վրա. եթե իշխանություններն են նախաձեռնել այս բարեփոխումները, ուրեմն պետք է միանգամից "Ոչ" ասել, և որ սա իշխանության կողմից ինչ-որ չար, հետին նպատակներ հետապնդող գործընթաց է` վերարտադրվելու և քաղաքական մենաշնորհ սահմանելու համար այլն: Այս երկու մոտեցումներն էլ, բնականաբար, որևէ կապ չունեն բովանդակային քննարկման հետ, և իրականությունից շատ հեռու են: Այսինքն` փաստաթղթային քննարկում "Ոչ"-ի ներկայացուցիչների կողմից, սկզբունքորեն, չի ծավալվել:

Ասում են կանխագուշակումներ անելը անշնորհակալ գործ է, բայց, այդուհանդերձ, հաշվի առնելով քարոզարշավի ընթացքը, հասարակական տրամադրությունները, վերջնարդյուքում "Այո"-ի և "Ոչ"-ի տոկոսային ի՞նչ հարաբերակցություն կունենանք:

Չգիտեմ, չեմ կարող ասել: Սահմանադրության պահանջն այն է, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 25 տոկոսը կամ մեկ քառորդը պետք է մասնակցի հանրաքվեին, և նրանց կեսից ավելին (50%+1 ձայն) կողմ քվեարկի, որպեսզի փոփոխություններն ընդունվեն: Հուսով եմ, որ այս առումով խնդիրներ չեն լինի, և Սահամնադրական փոփոխությունների փաթեթը կընդունվի: Իմ տպավորությամբ, հասարակության մի ստվար զանգված այնքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ գործընթացի մասին է խոսքը: Դա սպասելի էր, քանի որ մարդիկ պարտավոր չեն քաղաքականապես գրագետ լինել, իրավաբանական գիտելիքների տիրապետել, կամ բարձր իրավագիտակցություն ունենալ, առավել ևս այնպիսի բարդ, նեղ մասնագիտական գիտակարգի մասին պատկերացում ունենալ, ինչպիսին սահմանադրական իրավունքն է: Սահմանադրական իրավունքը բացի նրանից, որ իրավունքի կարևորագույն ճյուղն է, այն նաև գիտություն է և մարդիկ տարիներով կրթվում են:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:59 Դեկտեմբեր 04, 2015

Ամենաընթերցված նյութեր