ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆ. Այն, ինչ մենք տեսնում էինք հեռուստաէկրաններից` ուղղակի "շուխուռ" էր

Ավարտվում է Սահմանադրական փոփոխությունների հանաքվեի շրջանակներում քարոզարշավը: Ինչպե՞ս կգնահատեիք այն:

Եթե մենք քարոզարշավի տակ հասկանանք հանրությանն ուղղված, այսպես ասած, "սվաղած" տեքստեր և մեսիջներ, դա ինչ-որ չափով առկա էր: Բայց բուն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորքային քննարկումներ, ըստ էության, չկային: Մինչ քարոզարշավն էլ տարբեր ՀԿ-ների կազմակերպած միջոցառումներին տեսնում էինք իշխանության ներկայացուցիչների, բայց նրանց մասնակցությամբ բանավեճեր, գրեթե, չկային: Մամուլի ազգային ակումբն այդ ֆորմատի միջոցառումներ կազմակերպեց` ՀՀԿ-ն, որպես կանոն, հրաժարվեց դրանց մասակցելուց, Դաշնակցությունն էլ մի քանի անգամ մասնակցելուց հետո, նույնպես խուսափեց: "Մենախոսություններ", անշուշտ, կային, իսկ այն ինչ մենք տեսնում էինք հեռուստաէկրաններից` ուղղակի "շուխուռ" էր: Թոք շոու կոչվածում էլ` շոուն կար, իսկ "թոքը"` ոչ: "Այո և ոչ" իրապատումը նույնպես քիչ արդյունավետ կգնահատեմ, որովհետև նախ անհասկանալի կազմ էր ընտրված` բացառությամբ, թերևս, Ազատ Արշակյանի և Հրանտ Բագրատյանի: Գործիչներ կային, ովքեր իրենք լավ չէին կարդացել նախագիծը, չգիտեին` ինչ պետք է խոսեն. դա նկատելի էր նրանց վրիպումներից, այս կամ այն դետալի մասին խոսելիս կամ մեկնաբանելիս: Մի խոսքով, թույլ և մակերեսային քննարկումներ էին: Առհասարակ, քաղաքական բանավեճի մշակույթը բավականին ցածր մակարդակի վրա էր: Ընդդիմությունն էլ իր մեղքի բաժինն ուներ այս ամենում` "Ոչ"-ի մի հատվածը, ընդհանրապես, չմտավ քննարկումների դաշտ, մյուսը նշեց` կեղծ օրակարգ է, իսկ երրորդն էլ` բավարարվեց է "ոչ" ասելով և չմտավ քննարկումների դաշտ: Իշխանության ներկայացուցիչներն էլ հիմնականում խուսափեցին բանավեճից:

Ասում են կանխագուշակումներ անելը անշնորհակալ գործ է, բայց, այդուհանդերձ, հաշվի առնելով քարոզարշավի ընթացքը, հասարակական տրամադրությունները, վերջնարդյուքում "Այո"-ի և "Ոչ"-ի տոկոսային ի՞նչ հարաբերակցություն կունենանք:

Ինձ համար շատ դժվար է կանխատեսել: Ես ունեմ որակական դիտարկումներ և ոչ քանակական: Ես տեսել եմ շատ մարդկանց, որոնք տարբեր գործոնների ազդեցության տակ կամ տարբեր հիմնավորումներով դեմ են քվեարկելու, գիտեմ նաև մարդկանց, որոնք "Այո" են քվեարկելու: Թե "Այո"-ի և "Ոչ"-ի ինչ հարաբերակցություն կունենանք, չեմ կարող ասել, բայց, համենայնդեպս, իմ դիտարկումներով, որքան էլ ընդդիմությունը կամ Ոչ-ի ճակատները առանձնապես չշփվեցին հասարակության լայն զանգվածների հետ, միևնույն է մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են: Անհամաչափ "Ոչ" քվեներ կան:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:19 Դեկտեմբեր 04, 2015

Ամենաընթերցված նյութեր