ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ. Կողքիս ուժեղ տղամարդ է, որի հետ կարող եմ ինձ թույլ զգալ

ԲԱՐՈՄԵՏՐԸ երխոսությունների շարք է սկսում վերջին շրջանում հանրության "աչքին" քիչ երևացող ճանաչված անհատների հետ: Առաջինն այդ շարքում գեղեցկուհի, սիրված դերասանուհի և հեռուսատահաղորդավար Լուսինե Թովմասյանն է:

Լուսինե, կարծիք կա, որ գեղեցիկ մարդկանց ամեն ինչ հեշտությամբ է տրվում, բայց կա նաև մեդալի հակառակ երեսը` անվիճելի է, որ գեղեցիկ մարդիկ մշտապես հարվածի տակ են. Կանանց մեծամասնությունը, այսպես ասած, չի ներում իրենցից գեղեցիկներին: Ձեր դեպքում հարվածները պետք է, որ ավելի շատ լինեն` « "Միսս Հայաստան", "Վիցեմիսս Եվրոպա": Որն է պաշտպանվելու Ձեր զենքը:

Արհամարհանքը: Չար մարդկանց խոսքերը սրտիս մոտ չեմ ընդունում, ժպիտով եմ ընդունում հարվածները: Տարիների ընթացքում ավելի թեթև ես սկսում վերաբերվել մարդկանց բամբասանքներին, նախանձին: Կյանքը սովորեցնում է, որ այդպիսի մարդկանց պետք է ուղղակի անտեսել: Ես նկատել եմ, որ գեղեցիկ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը հիմնականում երկակի է. կան մարդիկ, որոնք քեզ շատ սիրում են, և որ, ընդհանարապես, չեն ընդունում: Չկա "ոսկե միջին" ասվածը, առողջ մտածելակերպով մարդիկ իրականում շատ չեն: Ի վերջո, չես կարող բոլորի համար լավը լինել:

Գեղեցիկ աղջիկներին դժվար է ընկալել որպես խելացի, եթե նույնիսկ դա այդպես է: Մեծ ջանքեր են պահանջվում հակառակն ապացուցելու ու մարդկային փոխհարաբերություններում ճիշտ դիրքավորվելու համար: Ծանոթանալով Ձեր կենսագրական տվյալներին, նկատեցի, որ սովորել եք Լոնդոնի Վեսթմինսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում: Ուսման կարևորությունը գեղեցկուհիների կյանքում ու դրա բացակայության հետևանքների մասին:

Գեղեցկուհիներին հանգիստ թողնենք, առհասարակ, լավ կրթություն ստանալը ցանկացած մարդու մոտ նախևառաջ ընտանիքում է սերմանվում: Եթե ընտանիքում կարևորում են գիտելիքի դերը, առանձնահատուկ վերաբերմունք կա դրա նկատմամբ, ապա այն փոխանցվում է երեխային: Երբ ես 13-14 տարեկան էի, ինձ բախտ վիճակվեց ընդգրկվել IMG համաշխարհային խոշոր մոդելային գործակալությունում: Սկսեցի աշխատել Ճապոնիայում, Ֆրանսիայում, Իտալիայում: Այս ժամանակահատվածում ամիսներով դասերից բացակայում էի, բայց անընդհատ աշխատում էի` ծրագրից և դասերից ետ չմնալու համար: Հիմա, երբ մտածում եմ, այնքան երջանիկ եմ, որ ծնողներս չեն արգելել, իմ մանկական երզանքներն իրականացրել են: 17 տարեկանում Փարիզից եկա` պետք է ընտրություն կատարեի` կամ մնալ և ընդունվել բուհ կամ աշխատել դրսում, քանի որ մեծ գումարների մասին էր խոսքը: Ծնողներս ինչպես միշտ ընտրությունը թողել էին ինձ վրա և սպասում էին` ինչ որոշում կկայացնեմ: Ես մնացի, ընդունվեցի Սլավոնական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Ուրախ եմ, որ ճիշտ ընտրություն կատարեցի, հետագայում դա ինձ միայն օգնեց կայանալու, աշխատանքի մեջ ինքնահասատվելու առումով: Այդ պատճառով երբեք խնդիր չեմ ունեցել, որ ինձ կընկալեն միայն որպես գեղեցիկ աղջիկ: Յուրաքանչյուր մարդու հետ մի քանի րոպե զրուցում ես, հասկանում` իրենից ինչ է ներկայացնում: Հիմարություն է կարծել, որ եթե կինը գեղեցիկ է, ուրեմն դատարկ է: Ինչ վերաբերում է Վեսթմինսթերում ուսանելուն` Սլավոնական համալսարանն ավարտելուց հետո, ուզում էի ՓՐԻ մաստեր անցնել արտերկրում, էդպես էլ արեցի: Մեկ տարով մեկնեցի Լոնդոն:

Դրսի և այստեղի կրթության որակական տարբերությունների մասին ի՞նչ կասեք: Ի՞նչ տվեց արտերկրի կրթությունը:

Հայաստանյան կրթության մասին չեմ ուզում վատ բան ասել, բայց ինչ խոսք, դրսում կրթությունը, ուսանողական կյանքն այլ է: Մեզ մոտ թե դպրոցում, թե համալսարանում շատ մեծ տարածք կա ուսուցիչ-աշակերտ, դասախոս-ուսանող փոխհարաբերություններում: Դասախոսը եթե սխալ մի բան ասի, չեն համարձակվի ուղղել, առողջ բանավեճի մշակույթ չկա: Այնտեղ ազատ միջավայր է, բաց են շփման մեջ թե դասախոսները, և թե ուսանողները: Ինձ տվեց վստահություն սեփական ուժերի նկատմամբ, ավելի կատարելագործեց անգլերենի իմացությունս, աշխարհին ավելի լայն նայելու հնարավորություն տվեց:

Ի՞նչ է տալիս "Միսս Հայաստան" տիտղոսը 17 տարեկան աղջկան ու ի՞նչ վերցնում: 2003թ-ին հենց այս տարիքում եք ճանաչվել:

Դա շատ վաղուց էր, արդեն 12 տարի է անցել: Գիտեք, երբ 17 տարեկան ես, ամեն ինչին այլ կերպ ես նայում, չես մտածում մրցակցության մասին, անփորձ ես մարդկային հարաբերություններում: "Միսս Հայաստանը" ինձ տվեց ճանաչում, հաճելի զգացողություններ: "Վիցե-միսս Եվրոպան" շատ մեծ հաղթանակ էր ինձ համար, Հայաստանի համար, որովհետև այդքան հզոր երկրների մեջ Հայաստանը հաղթեց: Ինչ վերցրեց` դժվարանում եմ ասել:

21-րդ դարի կինը բոլորովին այլ իրողություն է: Գեղեցկանալու բազմազան միջոցներ կան: Մի կողմից տեղեկատվական նորույթները` սոց ցանցերում զանազան էֆֆեկտներն ու ֆոտոշոփը, մյուս կողմից` էսթետիկ, վիրահատական միջամտությունները: Ինչպիսի՞ չափանիշներ է պահանջվում 21-րդ դարում "գեղեցիկի" տիտղոս "նվաճելու" համար:

Առհասարակ, երբ նայում ես Երևանի փողոցներով քայլող շքեղ հագնված աղջիկներին, անհարմար, երեկոյան կոշիկներով, հասկանում ես, որ այդ ամենը բարդույթներից է գալիս: Միօրինակություն միայն Հայաստանում կարելի է նկատել: Բայց նկատում եմ նաև, որ ուսանողներն են փոխվել: Շատ լավ երիտասարդներ ունենք: Հիշում եմ` մեր համալսարանական տարիներին, գրեթե, բոլորը բարձրակրունկ կոշիկներով էին դասերի գնում, "երեկոյան" զգեստներով, հիմա այդ տենդենցը փոխվում է: Ուսանողներն ավելի պրակտիկ են դարձել, հարմարավետ են հագնվում: Ինչ վերաբերում է պլաստիկ վիրահատություններին, մեզ մոտ դարձյալ չափն անցնում են` միօրինակությունը գեղեցիկ չէ: Իհարկե դեպքեր են լինում, երբ պլաստիկան անհրաժեշտություն է, որովհետև այս կամ այն արտաքին խնդիրը մեծ բարդույթներ է առաջացնում:

Իսկ դուք բարդույթներ ունե՞ք:

Շատ: Օրինակ, բարդութավորվում եմ բարձրակրունկ կոշիկ հագնելիս, որովհետև շատ եմ բոյովանում: Եթե ես 11սմ-ոց կոշիկ հագնեմ, կդառնամ 1.90 սմ: Հայաստանում հազվադեպ եմ հագնում, բայց արտերկրում հագնում եմ ու ինձ զգում միջին հասակի աղջիկ: Ասեմ, որ մեծամասամբ գեղեցիկ աղջիկներն են բարդույթներ ունենում և ֆիքսվում աննշան բաների վրա: Ես մի բան գիտեմ, երբ մարդ երջանիկ է, չի ֆիքսվում արտաքինը փոխելու վրա:

Լուսինե, ըստ Ձեզ, 21-րդ դարում կանայք ավելի շատ իրավունքներ են նվաճել, թե նոր պարտականություններ "ձեռքբերել":

Երևի թե պարտականություններ ու, դրանից բխող իրավունքներ: Հիմա բոլորը ձգտում են աշխատել, իսկ աշխատող կինը իրավունքներ է ձեռք բերում: Մեր երկրում շատ հաճախ լավ կրթություն են ստանում` դիպլոմով հարս գնալու համար: Ես նորից վերադառնում եմ ընտանիքին, դաստիարակությանը` երբ կինը աշխատում է, նա ոչ մեկից կախված չէ, այսպես ասած, իր ոտքերի վրա ամուր կանգնած է լինում. դա շատ հաճելի զգացողություն է: Երբ ընտանիքում ասում են` դե լավ սովորի, դիպլոմ է թող լինի, էսպիսի աղջիկը կյանքում երբեք չի ցանկանա աշխատել, կմտածի շուտ ամուսնանալու մասին, որպեսզի ամուսինը իր բոլոր կարիքները հոգա: Հետագայում, երբ արդեն ընտանիքում խնդիր է լինում, կինը չի կարող պահանջել, որ իր իրավունքները հարգեն:

Լուսինե, ի՞նչ փոխեց ամուսնությունը Ձեր կյանքում: Արդյո՞ք արդարացան այն սպասելիքները, որոնք ունենում է ցանկացած աղջիկ ամուսնանալուց առաջ: Դրական ու բացասական կողմերի մասին:

Ես ամուսնությանը միշտ շատ լուրջ եմ վերաբերվել: Այդ պատճառով մինչև 27 տարեկան չեմ ամուսնացել: Բացասական չի կարելի անվանել, բայց բարդ էր ադապտացման փուլը, համակերպվելը: Ես ամբողջ կյանքում ազատ և անկախ եմ եղել, հիմա էլ, բայց եթե դու ինչ-որ բան որոշում ես, պետք է հաշվի նստես քո ամուսնու հետ: Դա ինձ համար բարդ էր: Ժամանակ էր պետք հարմարվելու և հասականալու համար, որ դա կարևոր է, որվհետև եթե նույնը նա անի` հաշվի չնստի քո կարծիքի հետ, քեզ նույնպես դա դուր չի գա: Իսկ երբ երեխա է ծնվում, հաշվետուն էլ մի կողմ, դու պարտավոր ես, մոռանում ես քո մասին: Դրական կողմն այն է, որ կողքիս ուժեղ տղամարդ է, որի կողքին կարող եմ ինձ թույլ զգալ:

Իսկ մտավախություն չի՞ եղել, որ ամուսնությունը խոչընդոտ կհանդիսանա կարիերայի համար:

Ես "կարիերիստկա" չեմ: Շատ թեթև մարդ եմ, աշխատանքին էլ միշտ շատ թեթև եմ վերաբերվել: 15 տարեկանից աշխատել եմ, հիմա հաճույք եմ ստանում չաշխատելուց, վայելում եմ այս պահը երեխայիս հետ, որովհետև այնքան արագ է անցնում ժամանակը` շուտով փոքրիկս մեկ տարեկան կդառնա: Ամուսինս ասում է` մի մտածի, որ այս պահին չես աշխատում, երբ ցանկանաս` կաշխատես, վայելի կյանքի այս փուլը: Ամուսինս միայն կողմ է, որ աշախատեմ: Նման խոսակցություն երբեք չի եղել:

Մի փոքր կպատմեք Ձեր ամուսնու մասին:

Արթուրը ինձնից 9 տարի է մեծ: Ծնվել է էստեղ, մինչև 15 տարեկանը ապրել է Երևանում, այնուհետև տեղափոխվել Փարիզ: Կրթություն է ստացել Միացյալ Նահանգներում: Բոլորին չգիտես ինչու թվում է, թե նա սփյուռքահայ է կամ եվրոպացի, բայց առաջին բարևից կհասկանաք, որ տիպիկ հայ է: Շատ է սիրում Հայաստանը, չի ուզում դրսում ապրել:

Կարծիք կա, որ այսօր կանայք ավելի պրագմատիկ են, հաշվենկատ, չհամակերպվող…ինչի հետևանք է սա` այն, որ կանայք այսօր բարձ պաշտոններ կարող են զբաղեցնել ու ավելի շատ գումար վաստակել, քան տղամարդիկ թե տղամարդն է թուլացել, և կինը ստիպված է իր վրա վերցնել այդ պարտականությունները: Դերերը փոխվել են: Ի՞նչ կասեք այս մասին:

Դուք ասում եք կանայք հաշվենկատ, ճիշտ հակառակը տղամարդիկ են հաշվենկատ դարձել, որը շատ ավելի վատ է: Չեմ ասում, որ ընդունում եմ` կինը հաշվենկատ է, բայց ինչ-որ տեղ կարող է դրա հետ համակերպվել` մտածելով, որ երեխաների ապագայի մասին է մտածում: Կնոջ հաշվենկատությունը ներելի է, տղամարդունը` ոչ: Կամ երբ ասում են` այս օլիգարխի տղան մյուս օլիգարխի աղջկա հետ ամուսնացավ: Ես կարծում եմ` նրանք միմյանց ավելի լավ կհասկանան: Նույն միջավայրում են մեծացել, նույն արժեքներն ունեն: Լավ կյանքից չէ, որ կինն իր ուսերին է վերցնում բոլոր խնդիրները և դառնում է ընտանիքի գլուխ: Դա միայն վատ կյանքից է: Եթե ամուսինը չի աշխատում կամ չի հասցնում` ինչ անի, կինը երբեք ձեռքերը չի ծալի նստի, երբ երեխաներ ունի: Ես շատ կուզեմ, որ այդպես չլինի և յուրաքանչյուր կին կարողանա իրեն զգալ թույլ իր տղամարդու կողքին: Եվ զգա, որ տղամարդն է գլխավորը:

Հաջողակ կանանց ամուսնանալու ցանկության բացակայությունը ինչի՞ հետևանք է:

Ինձ թվում է կանանց մոտ կա տարիք, որ այդ տարիքից անցնում են այլևս չեն ցանկանում ամուսնանալ: Նրանք սովորում եմ միայնակ կյանքին: Ինձ թվում է` յուրաքանչյուր կին պետք է զգա այդ տարիքը ու չթողնի` անցի: Գաղտնիք չէ, որ թե կանայք, թե տղամարդիկ տարիքի հետ ավելի բծախնդիր են դառնում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:39 Նոյեմբեր 25, 2015

Ամենաընթերցված նյութեր