ՍԱՐՈ ՍԱՐՈՅԱՆ. Սիրիայում Ռուսաստանի գործողությունները տեղավորվում են ԱՄՆ-ի ծրագրերի մեջ

ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների մեջ գնում է շահերի, դիրքորոշումների մերձեցման գործընթաց, որն ի վերջո ուղղվելու է Չինաստանի դեմ. Սարո Սարոյան

Ո՞վ ում դեմ է այսօր պատերազմում Սիրիայում և ի՞նչ նպատակով

Սիրիայում կատարվող իրադարձություններն աշխարհում նոր երևույթ են` ռազմաքաղաքական տեղաշարժերի, ուժային նոր կենտրոնների ստեղծման, սահմանների գծման, քաղաքականության իրացման առումով: Նախկինում նման կարգի իրադարձություններ տեղի չեն ունեցել: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում և անգամ ոչ վաղ անցյալում ռազմաքաղաքական գործընթացները վերլուծելիս հստակ էր թե սուբյեկտներն ովքեր են, խնդիրներն ինչպիսին են, ռազմաճակատի գիծն ինչպիսին է։ Հատկապես Մերձավոր Արևելքում հիմա մի այնպիսի խճճված պատկեր է, որ նույնիսկ փորձագիտական շրջանակները չեն հասկանում թե ինչ է կատարվում: Միանշանակ է, որ այն ինչ տեղի է ունենում՝ արաբական գարնան հետևանքներից է։ Սակայն հիմնական հարցականներն առաջին հերթին ի հայտ են գալիս գործող սուբյեկտների խնդրում։ Առկա քաղաքական միավորների դեպքում գրեթե միշտ կասկած է առաջանում թե նրանք իրականում սուբյե՞կտ են, թե՝ օբյեկտ, իսկ գուցե, գործիք են: Սա ներկա աշխարհի զարգացման հիմնական միտումն է։ Եվ որքան հնարավոր է կանխատեսել՝ աշխարհում իրերի կարգը հենց այսպես էլ շարունակվելու է: Մենք գտվում ենք պատմական այնպիսի մի շրջափուլում, որ սուբյեկտների ու նրանց շահերի խճանկարը խառնված է լինելու այն աստիճան, որ դժվար է լինելու տարբերել՝ հիմնական դերակատարներն ովքեր են, ինչ ակնկալիքներ ունեն, երկրորդական դերակատարներն ովքեր են, նրանք ինչ են ուզում և այլն:

Այսօր արդեն հստակ է, որ տարածաշրջանում կատարվում են սահմանների վերաձևումներ։ Շատ երկրների նախկին սահմաններն այնքան են լղոզվել, որ վարչական կամ ռազմական գործողությունների անցկացման սահմաններով չեն որոշվում ներկայիս ուժային կենտրոննների վերահսկողության սահմանները կամ շահերի բախման տարածական միջավայրերը։ Ուստի երբ ասում ենք, որ տարածաշրջանում, հատկապես՝ Մեծ Մերձավոր Արևելքում, գնում է սահմանների վերաձևման գործընթաց, ապա առաջին հերթին դա վերաբերում է ուժային կենտրոնների կողմից ազդեցության գոտիների վերաձևմանը։ Այն է՝ թե ամեն մեկը ինչպիսի ներդրում ունի, ինչպիսի ներգործություն է կարողանում ունենալ տվյալ տարածքում և ինչ շահեր է փորձում իրացնել: Ակնհայտ է, որ այդ առումով հիմնական շահագրգիռ կողմը ԱՄՆ-ն է։ Միաժամանակ վերջին շրջանում ակնառու է դարձել, որ անգամ Եվրոպան ավելի շատ արձագանքող, քան նախաձեռնող սուբյեկտ է հանդիսանում:

Այսպիսով կարելի է նշել, որ գլոբալիզացիայի արդյունքում քաղաքական հարաբերություններում սահմանները երկրորդական պլանում են հայտնվում, իսկ գործող սուբյեկտներն էլ երբեմն այնքան պասիվ են լինում, որ շատ դեպքերում կասկածներ են առաջանում ազգային պետությունների քաղաքական էլիտաների սուբյեկտայնության և վերազգային ու վերպետական կորպորացիաներից նրանց կախման մեջ գտնվելու հարցերում։

Ըստ էության, Մերձավոր Արևելքում կատարվում է այնպիսի խճանկարի ձևավորում, որտեղ ուժերը կլինեն բալանսավորված բայց շատ ավելի բաժանված, մանրացված, իրարից կախյալ վիճակում և բոլորի թելերը, ըստ էության, կախված կլինեն ԱՄՆ-ից, միգուցե հնարավոր է նաև այլ՝ ոչ պետական, վերազգային ու վերպետական սուբյեկտներից:

Քանզի խոսքս կառուցեցի սուբյեկտայնության թեման արծարծելով՝ կարծում եմ մինչ Սիրիային անդրադառնալը հարկ է որոշակի պարզեցում մտցնել նաև հենց այդ հարցում։ Այսօր այն սուբյեկտները, որոնք հանդես են գալիս Արևմուտքում, լինեն դրանք պետական կառավարման լծակներն իրենց ձեռքում կենտրոնացրած, թե տնտեսական հզորությունների տիրապետող սուբյեկտները, նրանք արդեն այսօր կարողանում են տարբեր տարածաշրջանների մանրացված և բաժանված խճանկարում բոլոր քաղաքական միավորների թելերն իրենց ձեռքում պահել։ Թերևս, ներկայացված պատկերից դուրս է մնում միայն Իրանը: Սակայն եթե հաշվի առնենք ժամանակային գործոնը, ապա փոփոխվող աշխարհին վերաբերող տեղաշարժերի ամբողջ "տեսականին" ինչ-որ ժամանակ հետո միգուցե տեղափոխվի նաև Իրան, քանզի Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացումն առաջիկայում միանշանակորեն բերելու է այնպիսի "խողովակների" ի հայտ գալուն, որոնք մշակութային փոխհարաբերությունների ու ազատականացման միտումներ են առաջ բերելու այդ երկրում և ազդելու են Իրանում եղած պետական համակարգի վրա:

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա այնտեղ սկսված ռազմաքաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ այն երկարատև պրոցես է, և այդ երկարատևությունը դեռևս չափվում է տարիներով։ Շատերի համար կարծում եմ տեսանելի է, թե ինչ ռեսուրսներ են օգտագործվում սիրիական թնջուկը վառ պահելու համար, ինչպիսի հումանիտար աղետի առաջ են կանգնում մարդիկ այդ երկրում, ինչպիսի ազդեցություն են ունենում փախստականները այլ տարածաշրջանների վրա։ Ըստ էության, ուժային կենտրոններն ունեն շատ հստակ ծրագրավորված նպատակներ, որոնք իրականացնում են, և կան լոկալ սուբյեկտներ, որոնք ստիպված են արձագանքել այդ ամենին, և իրենց շահերը պահելով, կամ հակազդելով՝ որևէ դերակատարություն ստանձնել: Տակտիկական առումով նպատակը բազմադեմ խճանկարի ձևավորումն է՝ կախված ամերիկյան հեգեմոնիայից, որն, ըստ էության այդ սուբյեկտներին կկարողանա իր ուզած հունով տանել հետագայում:

Ստրատեգիական առումով կարծում եմ այս ամենն ուղղված է Չինաստանի դեմ: Ի վերջո այստեղ է, որ Իրանը դառնալու է այն հիմնական բաստիոնը, որը կանգնեցնելու է Չինաստանին Կենտրոնական Ասիայում և Պարսից ծոցի ավազանում: Ուստի խնդրին հենց այդ դիտանկյունից նայելու դեպքում, պարզ կդառնա, որ Արևմուտք-Իրան սերտացումը գործարկված մեխանիզմ է, որն Իրանին կամաց-կամաց բերելու է դեպի Արևմուտք, որպեսզի նա դեմ հանդիման կանգնի Չինաստանին: Ստրատեգիական առումով դա կտեսնենք 5, 10, 20 տարի հետո։ Իսկ հիմա Իրանին դեռեւս դեմքով Չինաստան պտտելու քայլերն են արվում, որն աննկատելի է մնում: Այս գործընթացում, ըստ էության Իրանի տարածման արեալը Կենտրոնական Ասիան է լինելու, մի տարածաշրջան, որում Չինաստանի ներկայությունը ամենաբարձր աստիճանի վրա է գտնվում։

Ինչո՞ւ Ռուսաստանը հենց հիմա որոշեց ներքաշվել սիրիական հակամարտության մեջ. Ի՞նչ հետևանքներ ունեցավ նրա ներգրավումը և ի՞նչ հետևանքներ կունենա ապագայում։

Ուկրաինական ճգնաժամի արդյունքում ձևավորվեց այնպիսի իրավիճակ, որ Ռուսաստանն, ըստ էության, կորցրեց իր բոլոր հնարավորությունները դուրս գալու այդ ճահճից: Միակ հնարավորություն-փրկությունը, որը ցույց տրվեց նրան, դա մասնակցությունն էր Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Եվ այստեղ է, որ նույնիսկ փորձագիտական շրջանակները չեն հասկանում՝ Սիրիայում ԱՄՆ-Ռուսաստան հակամարտություն կա, թե չկա:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն այսօր Մերձավոր Արևելքում կատարում է այն դերակատարությունը, որն արդեն մի քանի տարի Իրանին էր վերապահված: Ռուսաստանի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում, ինչպես և Իրանի մասնակցությունը Մերձավոր Արևելքում, որտեղ իրենք կարողանում են շատ հաջող կերպով մնալ էական դերակատարներ, ձեռնտու է Արևմուտքին, քանի որ Արևմուտքին պետք է տարածաշրջանային խնդիրների մեջ խրված հենց այսպիսի Ռուսաստան, և այսպիսի Իրան: Ի՞նչի համար։ Պատասխանը միանշանակ է՝ այն ստրատեգիական ուղղվածության, որը 10, 20, 30 տարով է չափվում. դա արդեն ուղղված է Չինաստանի դեմ: Ի վերջո, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մեջ գնում է շահերի, դիրքորոշումների մերձեցման մի գործընթաց, որի միջոցով ԱՄՆ-ն Ռուսաստանին սահուն կերպով դեմքով պտտելու է դեպի Չինաստան՝ պաշտոնական Կրեմլին, ինչպես Թեհրանին, հետագայում կանգնեցնելով Արևելքի հսկայի դեմ հանդիման: Ռուսաստանը պետք է այնքան խճճվի, որ ընկնի ԱՄՆ արտաքին քաղաքականության ընդհանուր կոնտեքստի մեջ՝ "ժանիքները" կամաց-կամաց ցույց տալով Չինաստանին: Ըստ էության, Ռուսաստանը հիմա կաշկանդված է նաև տնտեսական պատժամիջոցներից, և դրանք բոլորն այն գործոնններն են, որոնց միջոցով վերջում այդ գործարքը կայանալու է՝ Ռուսաստանը անտագոնիզմով է լցվելու դեպի Չինաստանը:

Ըստ էության, Սիրիայում Ռուսաստանի ներգրավվածության առաջին արդյունքը ուկրաինական ճգնաժամի հաղթահարումն էր։ Սակայն ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ հանգամանքների արդյունքում այդ թնջուկը փակվեց։ Այն ԱՄՆ-ի հետ ներքին պայմանավորվածություննների ադյունքում եղավ։ Ռուսաստանը կարողացավ ինչ-որ առումով ներկայանալի ֆորմատ ապահովել իր հանրության և իր ազդեցության տակ եղած "ռազմավարական գործընկեր" երկրների հանրություններում՝ իր դեմքը փրկելու խնդիրը լուծեց:

Հիմա տեսնում ենք Ռուսաստանի ակտիվ ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Գնում է շատ հստակ մերձեցում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, որն, ըստ էության, կարող է անգամ ավարտվել Ադրբեջանում ռուսական ռազմական ներկայությամբ։ Եւ այդ ամենը կատարվում է Արևմուտքի ձևական չկամության պայմաններում, բայց հենց նրա իսկ հստակ ծրագրավորմամբ: Ռուսաստանը, ըստ էության, "հնազանդ ցուլի" նման վերադարձել է արևմտյան պատրոնաժության տակ, և շատ հաջող ներգրավվել սիրիական հակամարտության մեջ՝ լուծելով թե իր դեմքը փրկելու խնդիրը, թե միաժամանակ հստակ կատարելով ամերիկյան ծրագրերը:

Ո՞րն է Թուրքիայի շահը այս հակամարտության մեջ. Ի՞նչ է ուզում Թուրքիան

Արաբական գարնան գործընթացում Թուրքիան ծավալվելու շատ մեծ հնարավորություններ տեսավ: Սակայն երբ Սիրիայում հակամարտությունը պայթեց այն աստիճան, որ "պետություն պետության մեջ" սիրիական ֆորմատը ճգնաժամի առաջ կանգնեց, Թուրքիայի բնական ախորժակը բացվեց՝ պաշտոնական Անկարան ճանապարհ նշմարեց Սիրիան իր սատելիտ երկիրը դարձնելու գործում: Դրա համար պետք էր, որ Ասադի վարչակարգը տապալվի, որովհետև ինչ նոր վարչակարգ էլ ձևավորվեր, այն լինելու էր սուննիական և հայտնվելու էր Թուրքիայից մեծ կախման մեջ: Ուստի Թուրքիան շատ մեծ էնտուզիազմով լծվեց Ասադի ռեժիմը տապալելու գործին: Սակայն հենց այս ժամանակաշրջանից էլ սկսվեցին հենց բուն Թուրքիայի արտաքին քաղաքական խնդիրները: Միայն այդժամ Թուրքիան հասկացավ, որ արաբական գարունը ոչ թե հենց արաբական, այլ մերձավորարևելյան պրոյեկտ է, և այդ առումով այն շարունակություն ունի, և, որ ավելի զգույշ պետք է լինել: Բայց Թուրքայի դեպքում հետադարձ ճանապարհ չկա, "կարմիր գիծն" անցած է և հենց Ասադի դեմ պայքարելու միջոցով է տրորվել այդ "կարմիր գիծը": Եվ այսուհետ որքան ժամանակ Մերձավոր Արևելքը շիկացած լինի, Թուրքիան մշտապես շիկացած վիճակում է մնալու:

Եթե սիրիական հարցում անցյալում խոսք կար պատերազմում Թուրքիայի ուղղակի ներգրավման մասին, ապա հիմա՝ Ռուսաստանի Ասադի վարչակարգին ձեռք մեկնելուց հետո, Թուրքիան գիտի, որ իր շանսերը գրեթե ամբողջությամբ զրոյացված են։ Միանշանակ է, որ Սիրիայում Թուրքիայի ծրագրերը տապալվել են։ Թուրքիան ներկայում միայն կարող է նայել դեպի ԱՄՆ-ի կողմը, այլապես յուրաքանչյուր կամային շարժում կարող է բազմապատիկ վնասներ բերել Թուրքիայի ազգային անվտանգությանը։ Չմոռանանք, որ քրդերը բախում են Թուրքիայի դռները, իսկ Իրաքի ու Սիրիայի քրդերն ուղղակիորեն հովանավորվում են ԱՄՆ-ի կողմից:


Սիրիական ճգնաժամը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ քրդական խնդրի վրա

Ըստ էության, կատարվում է քրդական պետության կայացում, բայց ոչ մեր պատկերացրած պետության, որն ունի հստակ սահմաններ: Տարածաշրջանում տեղի է ունենում քրդական տարբեր սուբյեկտների կայացման գործընթաց, որին նպաստում է սիրիական ճգնաժամը։ Բայց այդ սուբյեկտները թե ինչպիսի վարչաքաղաքական սահմաններում կլինեն, դեռևս օդից կախված է: Այսօր Իրաքի հյուսիսում ձևավորվել է բոլորովին ինքնուրույն մի պետություն՝ Ինքնավար Քրդստանը։ Սիրիայի հյուսիսում նույնպես արդեն ձևավորվել է քրդական այն միավորը, որը սուբյեկտային վարք է ցուցաբերում: Ինչ վերաբերում է Թուրքիայի արևելյան նահանգներում քրդական տարրին, ապա այն բավականին լավ կազմակերպված է։ Թե քաղաքական, թե ռազմական կառուցվածքների առումով այն չի զիջում Սիրիայի քրդական միավորին, պարզապես արտաքին ուժերի կողմից հովանավորության չի արժանանում: Հետագայում կախված ստանձնած դերակատարությունից, հնարավոր է, որ մենք տեսնենք նաև քրդական այդ միավորների համախմբումը։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:15 Նոյեմբեր 18, 2015

Ամենաընթերցված նյութեր