ԿԱՐԻՆԵ ՓԱՄԲՈւԿՅԱՆ. Orange Fitness ակումբի անդամ դառնալու համար անպայման չէ մեծահարուստ լինել

Գաղտնիք չէ, որ Orange Fitness-ը Հայաստանում ասոցացվում է բարձրակարգի, շքեղի, մեկ բառով` "Լuxury"-ի հետ: Ով ցանանում է ընդգծել իր դիրքը, ինչու չէ, շեշտում է, որ հաճախում է Orange Fitness: Ինչպե՞ս կարողացաք գրավել հայաստանյան ֆիթնես շուկան: Առաջին դիրքերում հայտնվելը հաջող PR-ի արդյո՞ւնք էր, թե՞ ֆինանսական մեծ ներդրումների:

Ֆինանսական ներդրումներից, լավ PR-ից զատ հաջողության հասնելու համար շատ կարևոր է թիմային աշխատանքը: Դա, նախ և առաջ, մտածելակերպ է: Մեր ռազմավարության հիմքում դա կարևորագույն սկզբունքներից մեկն է: Եվ մեր հաջողությունը պայմանավորված է հենց թիմային նվիրված աշխատանքով:

Գիտեմ, որ վերջերս աշխարհահռչակ բրենդների մարզասարքեր և ֆիթնես գույք եք ձեռքբերել` ամբողջությամբ թարմացնելով մարզասրահը, խմբային մարզման սրահները և լողավազանային գոտին: Ինչո՞վ են պայմանավորված այս փոփոխությունները: Նախկինը չէ՞ր բավարարում, թե՞ համաշխարհային շուկայից ետ չմնալու քայլ էր սա:

2008թ-ին հիմնադրումից ի վեր սրանք առաջին լուրջ փոփոխություններն էին:  Կոսմետիկ փոփոխություններ արվել էին, բայց գույքն ամբողջությամբ դեռ չէր թարմացվել: Քանի որ բնավորությամբ մաքսիմալիստ եմ, ամեն ինչի բարձրակարգն ու որակյալն եմ նախընտրում: Մշտապես ճանապարհորդելով հետևում եմ համաշխարհային ֆիթնեսի նորամուծություններին, և միշտ կարևորել եմ նորարարական տեխնոլոգիաներով մարզասարքերի ձեռքբերումը: Դրանք թե՛ ֆունկցիոնալ, և թե՛ էսթետիկ առումներով պետք է բավարարեն ամենաքմահաճ հաճախորդի պահանջներին: Իմ նպատակը Հայաստանում ֆիթնես մշակույթը զարգացնելն ու որակապես նոր մակարդակի հասցնելն է: Այս ճանապարհով մենք հաստատուն քայլում ենք, և թող անհամեստ չհնչի` Հայաստանում մրցակից չունենք: Ամբոջությամբ փոխել ենք հատակը, ներդրել ենք ֆունկցիոնալ պարապմունքների պրակտիկան. հիմա ամբողջ աշխարհն է գնում դրան: Վերազինել ենք պարապմունքների սրահները: Սա դեռ ամենը չէ, փոփոխությունները շարունակվում են:

Ձեր նշված փոփոխություններն ազդե՞լ են գնային քաղաքականության վրա:

Ոչ թե փոփոխություններն են ազդում գնային քաղաքականության վրա, այլ այն մեխանիկորեն ձևավորվում է՝ ըստ շուկայի պահանջի, և, բնականաբար, երբ շուկայում փոփոխություններ են տեղի ունենում, ինչ-որ ժամանակ հետո մեզ վրա էլ է անդրադառնում: Ցավոք, այսօր ամեն ինչ թանկացել է, բայց մեզ մոտ գները դեռ չեն վերանայվել, դեռ ավելին, հաշվի առնելով երկրի  տնտեսական ներկա վիճակը, ավելի ճկուն գնային քաղաքականություն ենք վարում: Բացի միանվագ վճարման համակարգից, մեզ մոտ նաև գործում են բավականին հարմար այլ տարբերակներ. մասերով վճարումներ և ապառիկ համակարգ: Ակումբը կարևորում է, որ իր հաճախորդները մարզվեն իրենց մտերիմների կամ ծանոթների հետ` արդեն ձևավորված ակումբային միջավայրը պահպանելու համար:

Կարծիք կա, որ Orange Fitness պատահական մարդիկ չեն հաճախում և չեն էլ կարող իրենց թույլ տալ, քանի որ քարտ ձեռք բերելը թանկ հաճույք է: Ի՞նչ կասեք այս մասին:

Մենք պրեմիում, փակ ակումբ ենք: Գնային քաղաքականությունն էլ դրա մասին է վկայում: Մարդկանց քանակի առումով շուտով սահմանափակումներ կունենանք. այլևս քարտեր չենք վաճառի, միայն այն դեպքում, երբ մեր հաճախորդները կմեկնեն երկրից, կհանձնեն քարտերը: Այո՛, Orange Fitness-ի քարտը դարձել է հաջողակ մարդու այցեքարտ: Ստատուսը մի կողմ, Orange  Fitness են հաճախում այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի տարբեր ասպեկտներում ընտրում են ամենալավը:  Սակայն ակումբի հաճախորդ լինելու համար անպայման չէ մեծահարուստ լինել: Այսօր մենք գնային առումով առաջարկում ենք հարմար տարբերակներ: Ինչ խոսք,  Orange Fitness-ի այցելուները, իհարկե, ֆինանսապես ապահովված մարդիկ են, առաջադեմ եմ, քայլում են ժամանակի հետ համահունչ, շատ բիզնես հարաբերություններ են կարգավորվում այստեղ, գործարքներ են կնքվում, ընտանեկան հարաբերություններ են կառուցվում:  

Կարծիք կա, որ, կանանց կամ ավելի շատ երիտասարդ աղջիկների համար մարզասրահ հաճախելն ավելի շատ ձևական, ցուցադրական բնույթ է կրում: Ուրիշ ոչ մի երկրում, մարզասրահում, չես հանդիպի կին, ով, օրինակ, շպարված է, ոչ հարմարավետ հագուստով, անընդմեջ հեռախոսով է խոսում` կենտրոնանալով ոչ թե ճիշտ, գրագետ մարզվելու, այլ տղամարդկանց ուշադրությունը գրավելու վրա: Մարզասրահ հաճախելու ու մարզվելու էթիկայի մասին ի՞նչ կասեք:

Ամեն մեկն ինքն է ընտրում, թե ինչ հագուստ կրի: Մեր միակ պահանջն այն է, որ մարզասրահ մտնեն  սպորտային կոշիկներով: Ինչ վերաբերվում է նրան, որ շպարով են գալիս մարզասրահ, իհարկե, ճիշտ է մինիմալ շպարը, սակայն դա յուրաքանչյուրի ընտրությունն է: Շատերն անմիջապես աշխատանքից են գալիս, նաև դա է պատճառը: Ինչու չէ, ուզում են գտնել իրենց երկրորդ կեսին, ակումբն էլ այդ առումով ամենահարմար վայրն է նոր ծանոթությունների համար: Չնայած ասեմ, որ արտերկրում էլ կարելի է գտնել նման պրակտիկա, հատկապես եթե տվյալ ակումբը բարձրակարգ է ու բացի ակտիվ մարզման տարածքից ունի նաև սպա կենտրոններ, բաց լողավազան և այլ հանգստյան գոտիներ:

Եթե տասը տարի առաջ քչերն էին կարևորում մարզասրահի դերն ինչպես առողջության, այնպես էլ գեղեցիկ մարմին ունենելու գործում, այսօր շատերի, հատկապես կանանց շրջանում մարզասրահը օրվա կարևոր բաղկացուցիչներից է: Տղամարդիկ նկատում են, որ 21-րդ դարի հայ կինը շատ է փոխվել: Կարծիքները հակասական են. մի մասը ողջունում է, որ կանայք իրենց հետևում են, մյուս մասը կարծում է, որ այդպիսով կանայք դարձել են անձակենտրոն, պրագմատիկ ու հաշվենկատ: Ի՞նչ կասեք այս մասին:

Երբ ակումբը բացվեց, Հայաստանում այս ոլորտը զարգացած չէր, հիմնականում տղամարդիկ էին հաճախում: Հետո մենք կամաց-կամաց նպատակային քայլեր ձեռնարկեցինք կանանց ներգրավվելու ուղղությամբ: Ինչ ուզում եք ասեք, կինը պետք է լավ տեսք ունենա, հետևի իրեն: 21-րդ դարի կինը, ինչ խոսք, շատ է փոխվել, գնահատում է իրեն, ավելի գիտակցված է մոտենում իր առողջությանը: Գեղեցիկ մարդիկ բոլորին են հաճելի, բայց դեռ գեղեցկությունը մի կողմ դնենք, լավ տրամադրությունն ամենակարևորն է: Մարզվելիս երջանկության հորմոն է արտադրվում: Հաճախ տեսնում եմ անտրամադիր, տխուր գալիս են, բարձր տրամադրությամբ դուրս գալիս ակումբից: Սա նշանակում է, որ մեր աշխատանքն իր նպատակին հասնում է:

Orange Fitness-ի գործադիր տնօրենն եք, միաժամանակ, տարբեր բիզնեսներում Ձեր դերակատարումն ունեք: Բիզնես կնոջ վառ կերպար, որը մշտապես քննարկումների թիրախում է: "Բիզնես վումանի" դրական ու բացասական կողմերի մասին խոսենք: Ի՞նչ եք կարծում, ժամանակակից կյանքում կանայք ավելի շատ իրավունքնե՞ր են նվաճել, թե՞ նոր պարտականություններ "ձեռքբերել":

Ես կարծում եմ, որ եթե աշխարհը ղեկավարեին կանայք, ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ: Այսօր դերերը մի տեսակ փոխվել են: Ես այդ միտումը նկատում եմ նաև տարբեր երկրներում: Շատ եմ ճանապարհորդում ոչ թե հյուրի կարգավիճակով, այլև ապրում եմ, ու նույն տենդենցն էնտեղ եմ նկատում, որ կանայք շատ ավելի նախաձեռնող են, ավելի ձգտող, բարձր պաշտոններ են զբաղեցնում, ինչու չէ, իրենք են ընտանիքի հոգսերն իրենց վրա վերցրել: Սա գալիս է նրանից, որ հիմա կանանց իրավուքները շատացել են. առաջ սահմանափակումները շատ էին: Լավ է, իհարկե, երբ կինն աշխատում է, բիզնես ղեկավարում, բայց վատ է, որ մոռանում է այս կյանքում իր դերի մասին:  Աստված, ի վերուստ, կնոջը ստեղծել է ամուսնու կողից, որպեսզի նրան ընկեր և աջակից լինի, բայց ոչ նրանից բարձրև տղամարդու ֆունկցիաներ իր վրա վերցնի, իսկ հիմա պատկերն աղավաղված է: Ես կարծում եմ, որ կանայք իրենց դերում պետք է մնան, տղամարդիկ՝ իրենց:

Գիտեմ, որ Դուք ևս մարզվում եք ակումբում: Սա լավ հնարավորություն է միաժամանակ հետևելու հաճախորդների պահվածքին, հասկանալու` ինչը նրանց դուր չի գալիս, ինչը պետք է շտկել:  Եղե՞լ են դեպքեր, երբ ինչ-որ բան Ձեզ զայրացրել է և ստիպված եք եղել միջամտել, օրինակ` մարզիչ-հաճախորդ փոխհարաբերությունների ժամանակ:

Մի բան է աշխատասենյակում նստել և խնդիրներին ծանոթանալ թղթի վրա, մեկ այլ բան է, երբ նույն միջավայրում ես, մարզվում ես, ավելի շատ նրբություններ են պարզ դառնում: Քանի որ բնավորությամբ շատ բծախնդիր եմ, ամեն ինչին ուշադրություն եմ դարձնում: Եվ պարապում եմ միևնույն ժամանակ ուշադիր հետևում ընդհանուր մթնոլորտին: Ինչ վերաբերում է կոնֆլիկտներին, ապանման բան երբեք մեր ակումբում չի եղել, և տա Աստված՝ մեր հարաբերությունները միշտ կառուցվեն ու մնան փոխըմբռնման մթնոլորտում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ 

20:00 Նոյեմբեր 13, 2015

Ամենաընթերցված նյութեր