ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Երգի ընտրությունն այդքան քննադատող հայը պասիվ է երգ առաջարկելուց

Եվրատեսիլը, թերևս, առավել անկանխատեսելի երգի մրցույթներից է: Դատելով այս տարիների ընթացքում հաղթած մասնակիցներից, կանխորոշել կամ ուրվագծել սցենար` ով կհաղթի իրականում բարդ գործ է: Այս իրավիճակում՝ մեր երկրի մասնակցության առումով նախապես մշակված ինչ-որ մարտավարություն կա՞, թե  գործում եք իրավիճակի թելադրանքով: Գտե՞լ եք բանաձևը, որը,  վերջապես, կարող է Հայաստանին հաջողություն բերել:

Եվրատեսիլին մասնակցող երկրների մեծամասնության համար հաղթանակը երազանքի պես մի բան է, գերնպատակ, որին հասնելու համար յուրաքանչյուրն ընտրում է իր ճանապարհը: Մեկն ընտրում է ուժեղ ձայնով երգչի, մյուսը` երգ պատվիրում հայտնի երգահանին, մեկ ուրիշը` ստեղծում  յուրահատուկ կերպար և կարծում, որ հենց այդպես կարող է գրավել հեռուստադիտողին  և շատ այլ ճանապարհներ:

Մենք վաղուց հասկացել ենք, որ հաղթանակը համալիր քայլերի օրգանական զարգացումն է: Ամեն տարի մենք մեր առջև դնում ենք ուրույն նպատակ` քաջ գիտակցելով տվյալ տարվա մեր շանսերը: Օրինակ 2015-ին աշխարհի տարբեր անկյուններից հայ երգիչներին հավաքելով` մենք, հիրավի, կյանքի կոչեցինք մի նախագիծ, որը երբևէ չէր եղել: Այն ուներ ուրույն ասելիք աշխարհին և հաղթանակի այլ պատկերացում:

Այս տարի մենք շատ վաղ ենք սկսել զբաղվել Եվրատեսիլ-2016-ով, և այդ ամենն ունի մեկ նպատակ`  վերջապես Եվրատեսիլը Հայաստան բերել:

Եվրատեսիլի PR-ը, պետք է նկատել, որ տարեցտարի ավելի հաջող է իրականացվում: Որոշակի վստահության մթնոլորտ, կարծես, հաջողվում է ստեղծել, բայց  արդյունքները կամ այս դեպքում սպասելիքները, որպես կանոն, այնքան էլ գոհացուցիչ չեն լինում: Անգամ բազմաթիվ կարծիքներ են հնչում, որ այդ "ֆարսին" մենք չպետք է մասնակցենք. Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

Մենք տարեցտարի փորձում ենք կատարելագործել մեր թիմի հմտությունները, նոր կապեր հաստատել և նոր մարդկանց ընդգրկել փորձառության այս հսկա դաշտ: Շատ ենք ուրախանում, որ մեր սեղմ ռեսուրսներով կարողանում ենք մեծ աղմուկ բարձրացնել: "Աղմուկը" շատ կարևոր է Եվրատեսիլում: Դա լավ երգից, տպավորիչ կատարումից ու շոուից բացի` հաջորդ կարևոր էլեմենտն է:

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ անիմաստ է մասնակցել այս մրցույթին, իրականում խորը չեն մտածում: Սա նախևառաջ երկրի արտաքին գովազդի համար հսկա և արդյունավետ գործիք է. պատկերացրեք ամեն տարի շուրջ 180 միլիոն մարդ 38-41 երկրների առաջատար հեռուստաընկերություններով  5-10 րոպե (2 շոու, հիշեցումներ, տեսաբացիկներ) տեսնում է Հայաստան գրվածքը, դիտում է հայի երգը, քննարկում հաղթելու շանսերը, նշում իր հաջորդ ճանապարհորդության երկիրը: Սա նոր կապեր հաստատելու, երկրիդ արտադրանքը և բրեդները տարածելու հիանալի հարթակ է: Էլ չասեմ` հեռուստատեսության և երգչի համար ստեղծված փորձի փոխանակման խտացված դասընթաց: Ես շատ կուզեի, որ մենք ունենայինք տուրիզմի նախարարություն և համագործակցեինք, վստահ եմ կկրկնապատկեինք Հայաստան այցելող տուրիստների քանակը:

Մասնակցի ճիշտ ընտրություն, երգ, տեսահոլովակ, շոու… Անշուշտ կարևոր են մրցույթի մասնակցության բոլոր "ֆազաները", բայց, այնուամենայնիվ, ո՞րն է առավել կարևորը կամ որոշիչը տվյալ մրցույթում հաջողության հասնելու համար:

Ձեր նշած բոլոր բաղադրիչները կարևոր են, բայց եթե չունեցար լավ հիթային երգ, որքան էլ ուզում ես փայլուն կատարիր մյուս քայլերը` անգամ տասնյակում տեղ չես ունենա:

Այս տարի Եվրատեսիլում` մեր երկիրը ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը, որն ունի և ձայնային փայլուն տվյալներ, գեղեցիկ արտաքին, միաժամանակ  շատ համարձակ ու ինքնավստահ է: Կարծես, բավականին հաջող ընտրություն էր, ի՞նչ է մնում:

Կարևոր էլեմենտներից առաջինն արդեն կա, մնում է լավ երգ, լավ շոու և լավ PR:

Գոհար, այսքան տարիներ զբաղվել էք Եվրատեսիլով, աշխատանքային ինչպիսի սկզբունքներ ունեք՝ ընկերական փոխհարաբերություններն արդյոք չեն խանգարում աշխատանքի մեջ:  Մեծերի հետ է ավելի հեշտ աշխատել,  թե՞ փոքրերի:

Փոքրերի հետ ավելի հաճելի է աշխատել, որովհետև մանկական անմեղության հետ գործ ունես և նրանց համար հեքիաթ ստեղծելու խնդիր կա: Երեխաների համար աշխատելիս ժողովրդի ասած "սրտիդ յուղ է նստում": Իսկ մեծերի Եվրատեսիլը "մեծերի աշխարհ է"` իր բազում խնդիրներով, ինտրիգներով, նյարդերի խանգարմամբ, բայց, միևնույն ժամանակ, մասշտաբային աշխատանքով, որն ավարտին հասցնելով, զգում ես, որ էլի աճեցիր, էլի հասունացար, էլի հմտացար…էլի ու էլի…

Ինչպե՞ս են անցնում Եվրատեսիլի նախապատրաստական աշխատանքները, ինչո՞վ այն կտարբերվի այս տարի: Մի փոքր այս պրոցեսի մասին:

Մենք փնտրում ենք լավագույն երգը: Հայտարարել ենք բաց մրցույթ և աշխարհի տարբեր ծայրերից ընդունում ենք երգեր մինչև նոյեմբերի 13-ը:  Պետք է ցավով նշեմ, որ հայ երգահաններից շատ քիչ ենք երգերի առաջարկներ ստանում: Սա շատ տխուր փաստ է, որովհետև երգի ընտրությունն այդքան քննադատող հայը պասիվ է երգ առաջարկելուց: Երևում է նրանք ստեղծագործական ներուժը ուղղել են միայն կոմերցիոն ուղությամբ` առանց  գիտակցելու, որ որպես հեղինակներ` կարող են եռակի-քառակի ավելի գումար վաստակել Եվրատեսիլին իրենց երգը ներկայացնելով: Էլ չասեմ միջազգային հեղինակություն ձեռք բերելու և հետագայում բազում պատվերներ ստանալու մասին:

Եվ վերջում մի ավանդական հարց, որը գրեթե միշտ ակտուալ է. Ձեր տպավորությամբ Եվրատեսիլն ավելի շատ քաղաքականություն է, թե՞, զուտ երգի մրցույթ:

Եվրատեսիլն երգի մրցույթ է, բայց հազվադեպ լինում են տարիներ, երբ  քաղաքական ակտուալ հարցերն ակամա ազդեցություն են ունենում քվեարկող մարդկանց վրա:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:30 Նոյեմբեր 06, 2015

Ամենաընթերցված նյութեր