ՆԱՐԻՆԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ. Այսօր շատ են միմյանց նմանակում

Նարինե, եթե չեմ սխալվում, քեզ ճանաչում բերեց "Beautiful Sunday" երգը, որի երաժշտության հեղինակը դու ես:  Ինչո՞ւ հենց այս երգով հանրությունը քեզ ընդունեց,  ի՞նչ կար այս ստեղծագործության մեջ, որը չկար մյուսներում:

Շատ երգեր ունեի գրած, բայց սա առաջինն էր, որը ներկայացրել եմ հանդիսատեսին տեսահոլովակի տեսքով: Այդ երգի մեղեդին գրել եմ Առնո Բաբաջանյանի "Անուրջներ" ստեղծագործության հիման վրա: Երգել եմ այն մեղեդին, որը հենց առաջին անգամ մտքիս եկել է` "Նա նա նա»"-ով: Տեսահոլովակն էլ շատ հապճեպ ստացվեց:  Հավաքվեցինք, գրիմ էր պետք, մազերս հարդարել, ըստ էության, էդպես հատուկ ոչինչ չարեցինք: Բայց ամեն ինչ շատ բնական ստացվեց:  Տեղադրեցինք համացանցում, նկատեցին, սկսեցին տարբեր հաղորդումներից հրավիրել: Էդպես, այդ ստեղծագործությունն իր ճանապարհը գտավ ու  սիրվեց:

Հայկական շոու բիզնեսում, մի տեսակ բոլորը` մեկը մյուսին նմանակում են: Ինքնատիպության պակաս կա և, միգուցե,  հենց այդ բացն էր, որը լրացրեցիր դու: Բայց, մարդիկ, առհասարակ, չեն սիրում նրանց, ովքեր իրենց նման չեն: Չընդունված լինելու վախ ունեցե՞լ ես,  "սպիտակ ագռավի" կարգավիճակի դրական ու բացասական կողմերի մասին  ի՞նչ կասես:

Շնորհակալ եմ: Չեմ էլ մտածել ընդունվել-չընդունվելու մասին: Արել եմ այն, ինչ հոգուց է եկել: Երբեմն մարդիկ անկեղծությունը խաղ են անվանում, դրա տակ ինչ-որ բան փորձում գտնել, իրենք չեն պատկերացնում, որ ես այդքան անկեղծ կարող եմ լինել: Շատերն երբ մի լավ բան են տեսնում, պետք է այդ լավի մեջ անպայման մի վատ բան գտնեն: Կառչեն խոսքերից, ենթատքստեր փնտրեն, միշտ մտածեն, որ իրենց խաբում ես: Տեղին խոսք կա` մենք այն ենք, ինչ մտածում ենք: Հաջողակ, սիրված մարդկանց մեծամասնությունը չի կարողանում հանդուրժել: Ես չեմ մեղադրում այդ մարդկանց, նրանք պարզապես երջանիկ չեն, երջանիկ մարդը միշտ լավն է տեսնում: Այսպիսի մի խոսք կա` երջանկության մասին մի խոսիր նրա հետ, ով քեզանից պակաս երջանիկ է: Նախանձ մարդիկ առաջինը իրենց են վնասում: Դա շատ ծանր հոգեվիճակի մեջ է դնում իրենց: Ես տեսել եմ էդպիսի մարդկանց, թե ինչպես են տառապում: Առաջին հերթին, իրենք իրենց են վնասում: Եթե դու մտածում ես` այս մեկը քեզանից լավ է ապրում, ավելի հաջողակ է, ներսից քեզ ուտում ես, նյարդայնանում, դրանից տարբեր հիվանդություններ են առաջանում:  Ֆիզիկական գրեթե բոլոր հիվանդությունները հոգեբանական խնդիրներից են առաջանում: Մեծ չարը մարդու մեջ է ու իրեն վնասում է: Այո, այսօր շատ են նմանակում միմյանց: Ամեն մարդ յուրահատուկ է, երբ մարդ անի, այն, ինչ իրենն է, նման չի լինի մյուսին, որովհետև բոլորս ծնվում ենք տարբեր:

Ավարտել ես Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Ինչո՞ւ ընտրեցիր ջազը: Արդյո՞ք Հայաստանում ջազ երգելը շահավետ է: Քանի՞ տոկոսն է ջազ լսում:

Ոմանք ասում են` մեծահարուստի աղջկա տպավորություն եմ թողնում, որ անում եմ այն, ինչ ուզում եմ, զբաղվում եմ այն աշխատանքով, որն ինձ դուր է գալիս: Սովորական ընտանիքից եմ, բարեբախտաբար, ընտանիքս այն վիճակում է, որ կարող էի նաև չաշխատել:  Բայց սովոր եմ աշխատել ու ինքս հոգալ իմ բոլոր կարիքները: 17-18 տարեկանից աշխատում եմ: Բնականաբար, ջազը Հայաստանում այնքան գումար չի բերում, որ բոլոր երազանքներս իրականացնեմ: Բայց կյանքում ամեն ինչ չէ, որ գումարի մեջ է: Շատ կարևոր է սեփական անձի աճը: Իսկ ջազի մեջ սկսեցի գտնել ինձ, երբ սկսեցի լսել Սինատրա, Ֆիտջերալդ, Հոլիդեյ, ժամանակակիցներից` Սթալդինգ, Ջարեթ, Բարթոն և այլ մեծ կատարողներին: Ժամանակի ընթացքում երաժշտական ճաշակս ընդլայնվեց`  հաուս, փոփ, ֆանկ: Լսարանի մասին ավելի լավ է չխոսեմ: Հասկացողները շատ քիչ են: Ջազ համերգների ժամանակ, դահլիճը կարող է լեփ լեցուն լինել, բայց շատերը չգիտեն` ինչի համար են եկել, որովհետև իրենք առօրյա կյանքում, առհասարակ,  ջազ չեն լսում: Գալիս են` չգիտեն, այդ մարդը երգում է, նվագում  է: Իրենք եկել են, որովհետև "պրիստիժ" է: Եթե մի բան դու չես սիրում, չես հասկանում, ամոթ չէ, ես, օրինակ քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում:  

Ի՞նչ է նշանակում "ջազ չհասկանալ":

Ուղղակի ջազը չզգալ, երբ զգացմունքներ չի առաջացնում: Օրինակ, ջազ բալադը, ինձ կարող է տարբեր հոգեվիճակների մեջ գցել: Հատկապես ջազի մեջ կարևորը  իմպրովիզացիան է, երգեցողության քո տարբերակը:  Իմպրովիզացիան է հիմքը, իհարկե,  ձայնային տվյալների հետ զուգորդված: 15-16 տարեկանից եմ սկսել լսել ջազ, ցավոք, ոչ ավելի շուտ: Քանի որ գյուղում եմ ծնվել, էնտեղ ջազ չէին լսում:

Գիտեմ, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում եք ծնվել ու ինը տարեկանից տեղափոխվել Երևան: Տարիներ առաջ հասկանալի պատճառներով` չկար ինտերնետ, մարդկանց երաժշտական ճաշակը սահմանափակվում էր հեռուստատեսությամբ ստացված կամ ռադիոյով հնչող երգերով: Կապ կա՞ գյուղի հետ: Ջազն, առհասարակ, մեր մարզերում ավելի մասսայական դարձնելու ծրագրեր չունե՞ս:

Այո, ճիշտ եք: Վերջերս մեր մարզում ելույթ ունեցա: Արձագանքները շատ դրական էին: Համերգի վերջում, երբ նկարվում էինք հանդիսատեսի հետ, շատերը չգիտեին, որ ես էլ Վայոց Ձորի մարզից եմ, իրենց բարբառով սկսեցին խոսել, իրենց թվում էր` չեմ հասկանում, ասացին, որ նկարը լավ չի ստացվել, պտտվեցի պատասխանեցի. "Կուզես էս մէ խադ էլ նկարվես": Երեխեքը չէին սպասում, զարմացան: Մարզերում ունենում եմ համերգներ, ինչը շատ կարևոր է և ուրախ եմ դրա համար: Ջազի սիրահարներ կան մարզերում, հատկապես` նոր սերնդի մեջ:

Մեր օրերում ամեն ինչ չափվում է "ռեիտինգով",  իսկ ռեյտինգ հաճախ բերում է այն ամենը, ինչը, այսպես ասած, պարզունակ է և դեգրադացնող: Միգուցե, դու այլ կերպ կմեկնաբանեիր: Ընդհանրապես առաջարկ-պահանջարկի մասին ի՞նչ կասեն:

Ես երբեք դեմ չեմ եղել որևէ մեկի աշխատանքին, բայց ես կողմ չեմ, որ այդ ամենը այսքան ընդլայնվի: Խոսքը վերաբերում է ռաբիզին, որը ներխուժել հեռուստատեսություն, համացանց և ներգործում անչափահասների վրա: Ասում են` պետք է մարդուն բարձրացնել, որ արվեստը հասկանա, ոչ թե արվեստն իջեցնել: Հիմա, ցավոք հենց էդպես էլ արվում է, արվեստն իջեցում են: Եթե արվեստը մի որոշ ժամանակ բարձրության վրա մնա` մարդիկ կձգվեն դրան, բայց քանի որ արվեստը իջել է, էլ ուր ձգվեն, այն արդեն իրենց մոտ է: Վատը սկսել է տարածվել ու այն մարդիկ, որոնք լավ բան էին փորձում անել, կոտրվում են:  Ամեն ինչը գումարի հետ է կապված, այո, բոլոր ժամանակներում մարդիկ վազել են փողի, շահի հետևից: Բայց պետք չէ մոռանալ մարդ մնալու մասին: Եթե պարզապես ապրենք այսօրով, այսօրը կանցնի: Կարևոր է նոր բան ստեղծել: Մեկ-մեկ ինձ թվում է` ես արդեն մի կյանք ապրած ու նորից ծնված եմ: Ես կուզեի` շատ բաներ ավելի ուշ հասկանալ, որպեսզի ինձ չխանգարեր:

Ինչն է նպաստել` դժվարություննե՞րը:

Ոչ միայն: Մարդու ներսից է գալիս: Կարդացած գրքերից, բայց, հիմնականում,  բնությունից է:

 Լավ կրթությունը իր հերթին, բայց առանց համարձակության որևէ ոլորտում մարդ չի կարող մեծ հաջողությունների հասնել: Այդ համարձակությունը ոմանք միայն հասկանում եք կարճ կիսաշրջազգեսի տեսքով, ոմանք ապավինում ինտելեկտին, իսկ ավելի ճկունները, միգուցե, միախառնում այդ երկուսը: Ո՞րն է քո համարձակության գաղտնիքը:

 Ես կուզեի ավելի համարձակ լինել: Երկար ժամանակ չէի համարձակվում սեփական երգերս ներկայացնել: Այնինչ, պետք է հավատաս քո ուժերին, չվախենաս ու ներակայացնես քոնը: Ճկունությունը, այո, շատ կարևոր է: Բայց ես ունեմ սկզբունքներ, որոնք, եթե անգամ շատ ուզեմ, չեմ կարող խախտել: Դրանք երկարացնում են ճանապարհը, բայց այդ ժամանակը կարելի է արդյունավետ օգտագործել ու աշխատել քեզ վրա:

Ինչի՞ վրա ես աշխատում հիմա:

Ավելի քիչ ինքնաքննդատ լինելու: Ինձ մոտ դա չափազանց է ու խանգարում է: Հարազատներս, ընկերներս ասում են` սահմանը անցնում եմ: Իմ կարծիքով, մեծ բարձունքների հասնելու համար մարդ պետք է լինի աշխատասեր, համառ, բայց ոչ աներես ու անվստահ:

Պարապ մարդիկ, որոնք "սնվում" են բամբասանքներով և որոնց հոբբին աբսուրդ տեղեկություններ տարածելն է, սիրում են հատկապես քննարկել "աստղերին", հաշվել նրանց գումարները: Օրինակ, "իքս" երգչուհին հաճախ տեսահոլովակներ է նկարահանում ու շատ երևում էկրաններին` ո՞ր օլիգարխի սիրուհին է նա, կամ ո՞ւմ աղջիկն է, ո՞վ է նրա պրյոդուսերը:  Այս ոլորտում, իրականությանը մոտ ու անիրական ստերի մասին: Եվ ո՞րն քո մասին երբևէ լսած ամենաաբսուրդ լուրը:

Մի բան կա, որ խոսում են` առանց ծուխ, կրակ չի լինում: Սա, իհարկե, հին ու ճիշտ ասույթ է: Բայց կա և հակառակը, շատ անգամ խոսակցություններն անհիմն են: Բամբասում են այն մարդիկ, որոնք իրենց կյանքից դժգոհ են, կայացած չեն:  Ասում են, որ քիթս վիրահատած է, նույնիսկ ֆեյսբուքով պլաստիկ վիրաբույժներ են գրել: Մենք յոթ երեխա ենք, յոթիս քիթն էլ փոքր է, ուրեմն վիրահատե՞լ ենք: Մի ժամանակ նյարդայնանում էի, փորձում ապացուցել, հիմա անտարբեր եմ: Չեմ կարող բոլորին բացատրել, որ, օրինակ, ես դեռ չեմ ամուսնացել, որ բաժանվեմ:

2007-ին մասնակցել ես« "Հայսուպերսթար" նախագծին: Շատ  տաղանդավոր երիտասարադներ աչքի ընկան, բայց հետագայում նրանք, ում հետ հանրությունը մեծ հույսեր էր կապում, մնացին ստվերում և, հակառակը, ճանաչում ձեռք բերեցին ոչ այնքան տաղանդավորները: Ըստ քեզ, ինչի՞ հետևանք է այս ամենը:

Մարդ կարող է տաղանդավոր լինել, բայց չսիրվել և` հակառակը: Սուպերսթարը տվեց ճանաչում ու փորձ, մրցույթների սկիզբ եղավ ինձ համար, նաև` հեռուստատեսային ճանապարհի, ֆիլմերի սկիզբ:

Նարինե, քո ֆեյսբուքյան էջի նկարներից նկատեցի, որ զբաղվում ես սպորտով, հաճախում մարզասրահ և բավականին ծանր վարժություններ կատարում: Վաղուց ե՞ս սպորտով զբաղվում, ի՞նչ է այն քեզ տալիս:

Երկու տարի  է զբաղվում եմ սպորտով, ֆիթնես, պար: Ապրելակերպս փոխվեց, նվիրվեցի առողջ կենսակերպին:  Հետևում եմ սննդակարգիս, որովհետև դա շատ ավելի կարևոր է, եթե ճիշտ չսնվես, պարապմունքները արդյունք չեն տա: Սնունդը 70-80 տոկոսն է կազմում սպորտում:  Ծանր քաշերը ստատիկ պրեսում, ոտքերի վարժություններն ամենադժվարն են, բայց շատ եմ սիրում, դրանից հետո ինձ հաղթանակած եմ զգում: Երբ սկսեցի, շատ "թույլիկ" էի, ամենաթեթև վարժությունները չէի կարողանում կատարել: Առաջին ամիսը դժվար էր, բայց երբ սկսում ես նկատել դրական աճ, այլևս չես կարողանում կանգնել: Մի քանի տարի առաջ, գիշերն արթանանում էի, եղբորս քնից հանում էի, գնում էինք սուպերմարկետ, քաղցր բաներ առնում: Հիմա էլ ուշ ժամի շոկոլադ չեմ ուտում:  

Գրականության մասին: Ո՞ր գրքերն են ազդեցություն թողել քո ներաշխարհի վրա կամ ձևավորել այն:

Կենսագրական ու ինքնակենսագրական գրքերը` Չապլինի, Ազնավուրի, Սարոյանի, Կոմիտասի, Համո Բեկնազարյանի և այլն: Շատ կարևոր է գիրք կարդալը, բայց ավելի կարևոր է` ինչ գիրք ես կարդում:  Կարող է մի քանի հազար գիրք կարդաս, բայց այդքանից հինգը քոնը լինեն, որոնցից կվերցնես այն, ինչ քեզ պետք է:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:58 Հոկտեմբեր 15, 2015

Ամենաընթերցված նյութեր