ՏԱԹԵՎ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. "Ես ապրում եմ երաժշտության հետ մի հարթության և տարածության վրա"

Տաթև, ասում են ինքնաճանաչումը մարդու հաջողության կարևոր գրավականներից է: Երբ մարդն իրեն ճանաչում է գիտե իր ուժեղ ու թույլ կողմերը, բնականաբար, ավելի լավ է ինքնադրսևորվում: Մեկ նախադասությամբ կբնորոշե՞ս քեզ

Պարզ, անկեղծ և լավ իմաստով` տարօրինակ, ավելի շուտ խենթ…

Ի՞նչ նախասիրություններ ունես, ինչն է քեզ գրավում:

Նախ ասեմ, որ ես երաժշտական բազային կրթություն չունեմ, սակայն իմ ընկերների և հարազատների վկայությամբ վատ չեմ տիրապետում մի շարք գործիքների՝ շվի, զուռնա, դուդուկ, կիթառ: Նվագելու, երգելու ձիրքը ժառանգել եմ իմ հայրիկից, ինչպես ասում են` "պտուղը ծառից հեռու չի ընկնում": Երաժշտությունն էլ գեներով փոխանցվելու հատկություն ունի: Դեռ փոքր տարիքում նվագել եմ շվի, իսկ հետո երաժշտության նկատմամբ իմ սերն անչափ մեծացավ: Հիմա կարելի է ասել տարված եմ երաժշտական բոլոր գործիքներով:

Տաթև, դեղագործ ես և աշխատում ես քո մասնագիտությամբ. հավատա, որ մեր օրերում քչերին է հաջողվում հենց իր մասնագիտությամբ աշխատել: Արդյոք, չես զղջում, որ չես մասնագիտացել երաժշտական ասպարեզում:

Անկեղծ ասած ինձ համար ամեն ինչ այնքան արագ ու տարերային ստացվեց, որ նույնիսկ չհասցրեցի ընկալել ինչպես հայտնվեցի բժշկական քոլեջում: Բայց այժմ գոհ եմ, քանզի սիրում եմ և՛ իմ մասնագիտությունը, և՛ դեղատան հաճախորդներին, և՛ դեղատունը, որտեղ աշխատում եմ: Այսօր կարելի է ասել` չեմ զղջում, որ ընտրել եմ դեղագործի մասնագիտությունը:

Փաստորեն, սիրողական մակարդակով է քո շփումը երաժշտության հետ, բայց պետք է նկատել, որ քո իմպրովիզացիաները և օրգինալ կատարումները բավականին հաջողված են. առհասարակ, որքա՞ն ժամանակ է, ինչ նվագում և երգում ես:

Ես չեմ ընտրել ժամանակահատված, ես ապրում եմ երաժշտությամբ, երաժշտության հետ մի հարթության ու տարածության վրա: Սահմանված ոչինչ չկա, չկա կարգ, չկա ուսուցիչ, կանք ես ու երաժշտությունը: Ես և իմ ընկերուհին՝ Մարիամը, ով նույնպես նվագում է, կարելի ասել մեր "բամբասանքը", մեր հույզերը արտահայտում ենք երգի լեզվով, լինի դա տանը, թե դրսում: Շաբաթը երկու անգամ մինչև ուշ գիշեր նվագում և երգում ենք հարևանների և հարազատների միջավայրում: Մի քանի շաբաթ առաջ էլ խարույկի շուրջ հավաքված նվագեցի զինվորի երգը և բոլորս մի տեսակ հուզվել էինք, այդ պահն անընդհատ հիշում ենք: Ես երգում եմ ամենուր՝ երգն իմ մեջ է, ես երգի...

Վերջերս համացանցում հայտվել էր քո կատարումը, որը շատ արագ տարածվեց և պետք է խոստովանենք, որ ԲԱՐՈՄԵՏՐԻ ստեղծագործական թիմին նույնպես գրավեց այն: Մեզ այնքան դուր եկավ կատարումը, որ դարձանք առաջին տարածողներից: Դատելով բազմաթիվ արձագաքներից պետք է փաստել, որ այն շատ սիրվեց ինտերնետ-հանրության կողմից: Սպասո՞ւմ էիր նման բուռն արձագանք և այսքան շատ դիտումներ:

Ես իմ ընկերուհիներին ընդամենը ասեցի, որ շատ լավ երգ եմ կատարելու ու նրանց համար երգեցի, բայց անկեղծ ասած նման արձագանքի չէի սպասում: Նույնիսկ մի պահ մտածեցի ջնջել վիդեոն, բայց քանի որ աշխատանքի էի` ընկերուհուս խնդրեցի դա անել: Դե նա էլ միտումնավոր թողեց այն:

Հետաքրքիր է հեղինակային երգեր, կատարումներ, ունե՞ս, արդյոք բավարարվելո՞ւ ես ձեռքբերածով, թե շարունակելու ես "համացանցային" հաղթարշավը:

Ոչ, հեղինակային երգեր չունեմ: Բայց շուտով, մի նոր գործ կներկայացնեմ հանրության դատին, որն անչափ շատ եմ սիրում: Խոսքը Արմեն Պողոսյանի "Պատիվ ունեմ" հրաշք ստեղծագործության մասին է:

Տաթև դու նաև մասնակցել ես էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին, եղել ես Բաղրամյան պողոտայում, ի՞նչն էր քեզ այնտեղ բերում:

Այո՛, մասնակցում էի, լինում էին դեպքեր, երբ մենակ էի գալիս, բայց այնտեղ ինձ երբեք միայնակ չեմ զգացել: Ինչն էր ինձ բերում այնտեղ` գուցե, պայքարի բովը. Ես ինձ մարտական ոգու տեր մարդ եմ համարում, մի քիչ էլ խենթ եմ, բայց ոչ երբեք` արկածախնդիր:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:18 Օգոստոս 18, 2015

Ամենաընթերցված նյութեր