ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Երբ երգիչը երաժշտությունն անցկացնում է հոգու միջով, այն ֆիլտրվում և մաքրվում է

Մարդու մասին մանրուքներն ասում են ավելին, այսպես ասած, մարդ մանրուքների վրա է "բռնվում": Լրագրողի հետ հեռախոսով շփման ձևը կարող է ասել ավելին, քան կենսագրական հարուստ տվյալները: Թույլ տվեք ասել, որ Դուք շատ քաղաքավարի եք: Հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը քաղաքավարության վնասների մասին խոսել է դեռ 1882թ.-ին: Ըստ Ձեզ, քաղաքավարության մասին պատկերացումները որքանո՞վ են փոխվել:

Համեստությունը, քաղաքավարությունը դաստիարակությունից է գալիս: 21-րդ դարում զարգացած մարդու համար դա օրինաչափ պետք է լինի:  Ես այդպիսին եմ ամենուր` թե խանութ մտնելուց, և թե բենզին լցնելուց: Շատ հաճախ Երևանում կարելի է հանդիպել անծանոթ մարդկանց, որոնք միմյանց դիմում են «ախպերս», «քուրս» բառերով: Ինձ համար դա խորթ է:  Ցանկացած մարդու հետ, ամենատարբեր բնագավառների ներկայացուցիչների` ես «Դուք»- ով եմ խոսում: Բայց սա ունի նաև իր վատ կողմերը` շատ մարդիկ դա ընդունում են որպես թուլության նշան կամ իրենց թվում է, որ քո հետ կարող են խոսել ինչպես իրենց է հարմար, և երբ դու անցնում ես իրենց ժարգոնին, հասկանում են, որ իրենց պատկերացումները սխալ են:  Ընդհանրապես, մեր երկրում շատերն իրենց սանձարձակ են պահում, բայց այդ նույն մարդիկ գնում են այլ երկիր, շատ խելոք հարմարվում են այդ երկրի օրենքներին:

Քանի որ  ծննունդով Թբիլիսիից եք, այնտեղ եք ապրել մինչև Երևան տեղափոխվելը, ինչպիսի՞ն են մարդկային հարաբերություններն այնտեղ:

Երիտասարդների վարքի առումով մեզ մոտ ավելի լավ վիճակ է, այնտեղ իրենց շատ լկտի կարող են պահել` հաշվի չառնելով, որ կողքին կարող է կին լինել: Մեզ մոտ շատ ավելի զուսպ են` թե տղաները, և թե աղջիկները:  Վրաստանում այդ կուլտուրան չկա: Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ վրացի երիտասարդներն աշխատել չեն սիրում, ծույլ են, ես այդպես չեմ կարծում, ինչ է Երևանում այդպիսիք չկա՞ն: Եթե մարդը կարող է հավաքարար  կամ պիցցայի առաքիչ աշխատել, պարտադիր չէ դրա համար Միացյալ Նահանգներ հասնել, նույն աշխատանքը կարելի է էստեղ անել, բայց իրենց վայել չէ. հայերը շատ են մտահոգված, թե հարևաններն ինչ կասեն, ինչ կմտածեն:

Կյանքը ոմանց "երես է տալիս", ոմանք անցնում են կայացման դժվար ճանապարհ… Հայաստանը փոքր երկիր է, որտեղ բոլորը գիտեն, թե ով` ինչպես է կայանում: Ինքնուրույն մարդկանց հիմնականում չեն սիրում, բայց հարգում են: Կայացման ճանապարհը առանց կապերի հնարավո՞ր է:

Ես Երևանում ոչ մեկ չեմ ունեցել, ոչ մի կապ չի եղել: Հին, ճշմարիտ խոսք կա` "տաշած քարը գետնին չի մնում": Սկզբում շատ դժվար էր: Հիշում եմ` մի անգամ պետք է հրապարկում համեգի մասնակցեի, այն ժամանակ դա մեծ իրադարձություն էր, գնացի, ինձ ասացին` "Ձեզ կրճատել ենք, դուք չեք երգելու": Ցավոտ պահեր եղել են, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն է ընկնում` հիմա նույն հրապարակի կամ մեկ այլ համերգի ես եմ ընտրում գնալ, թե ոչ:  Ոմանք սովորում են, ավարտում ու սպասում, որ իրենց պետք է աշխատանքի հրավիրեն: Պետք է պրպտել, փորձել, թող չստացվի մի քանի անգամ, բայց մի դուռ հաստատ կբացվի:

Ձեր բնագավառում կան մարդիկ, որոնք մեծ ջանքեր են գործադրում ճանաչում ձեռքբերելու համար` նպատակաուղղված գործի դնելով PR-ի բոլոր միջոցները: Նրանց պայմանական կարելի է անվանել <<անհանգիստ աստղեր>>` հատկապես սոցիալական ցանցերում վերջինները գերակտիվ են, երկրորդը` իրենք իրենց հետ խաղաղ  <<աստղեր>>, որոնք դանդաղ, բայց հստակ քայլերով առաջ են շարժվում, երրորդը`ավելի մեծ աստղերի շողքի տակ աչքի ընկնող <<աստղեր>>…Դուք ո՞ր ճանապարհն եք ընտրել:

Այսօրվա "գլամուր" միջոցառումներին ներկա լինել, եթե անկեղծ, չեմ սիրում, մասնակցում եմ, եթե իմ ընկերներն են հրավիրում կամ իմ ներկայությամբ օգտակար կարող եմ լինել որևէ մեկին: Երգիչը պետք է հետաքրքիր լինի իր երգերով և ոչ թե սելֆիներով: Շատ կայքեր դրանց վրա են ֆիքսված կամ պարզապես էժանագին միջոցներով` անիմաստ վերնագրերով փորձում են վանկանիշ ապահովել: Ընդ որում, տեղեկատվության մեծ մասը սուտ է լինում, անհիմն քննադատություններ, էժան սենսացիա…. Երգի կամ տեսահոլովակի տակ մեկնաբանություններին ես աշխատում եմ ուշադրություն չդարձնել: Անհիմն բաներ են գրում, օրինակ, տեսահոլովակի աղջկան կարող է մի աղջիկ վիրավորի գրելով` "ինչ գեշ աղջիկ է, ավելի սիրուն աղջիկ չկար": Մտնում ես այդ աղջկա էջը, նայում նկարները, հասկանում ես, որ նրան ոչ մի բան չի փրկի, բայց ինքը խոսում է գեշ լինելուց: Միշտ հեշտ է վատաբանելը, անուն դնելը, ամենաանթերի գործի մեջ էլ մի թերություն կգտնվի, նայած թե դու ինչ ես ուզում տեսնել: Եթե քեզ դուր չի գալիս, ինչո՞ւ ես, առհասարակ,  հետևում այդ մարդուն: Ռաբիզ երգիչներին քննդատում են, բայց պարում են չէ՞ այդ երգերի տակ: Ով է ասել, որ նրանց մեջ չկան լավերը, որոնք հենց այդ տեսակի մեջ են ընկալվում և ես հաճույքով նրանց երգերի տակ պարում եմ: Չեմ ընդունում պահանջարկի, մոդայի  հետևից վազող երգիչներին, ոմանք հասկացան, որ 6/8 երաժշտությունը գումար է բերում, սկսեցին այդ ոճի երգեր երգել, հիմա այդ մարդիկ երգում են ակումբային ժանրի երգեր, որովհետև դա է ակտուալ: Կամ, օրինակ, տարվա մեջ տասը տեսահոլովակ նկարահանելուն դեմ եմ: Հանդիսատեսին չպետք է զզվացնել, նա պետք է քեզ սպասի ու հաճույքով լսի: Մի երգը չմարսած մյուսն են մատուցում:

Ձեր անունը թարգմանաբար նշանակում է ղեկավար, առաջնորդ…Ասում են` անվան նշանակությունը ազդեցություն է ունենում մարդու կյանքի վրա: Ձեզ լիդեր համարո՞ւմ եք:

Ես էլ կարդացել եմ, որ նշանակում է բարեգործ: Ձեր ասածն էլ վատ չէ: Այո, ես տեսակով լիդեր եմ, գուցե, դա է պատճառը, որ հաստատուն եմ իմ ընտրած ոճի մեջ: Մարդ պետք է հոգով հասկանա, թե որն է իրենը, այլ ոչ թե ուղեղով: Վերջինի դեպքում մարդ սկսում է հաշվարկել: Երբ երգիչը երաժշտությունը անցկացնում է հոգու միջով, այն ֆիլտրվում ու մաքրվում է:

Ձեզ զգացմունքային, ռոմանտիկ անձնավորություն համարո՞ւմ եք:

Այո, երբեմն զգացմունքներս շատ-շատ են լինում, փորձում եմ ավելի զուսպ պահել ինձ:

Գաղտնիք չէ, որ Առնո Բաբաջանյանի <<Քո հետքերը>> երգը շատ բարդ է և ոչ բոլորը կհամարձակվեն այն կատարել: Դուք Նոր ալիք 2011 մրցույթում հենց այս երգով հանդես եկաք: Շատ զգացմունքային կատարում էր, երբ դիտում ես այն` թվում է, թե ինչ-որ մեկին է այն ուղղված: Առհասարակ, ինչպե՞ս եք կարողանում այդչափ երգի մեջ "մտնել":

Այդ երգը դարձավ իմ ուղեկիցը, ինձ հետ քայլում է տարիներ շարունակ: Նոր ալիք մրցույթից հինգ տարի հետո, այս տարի իմ ձայնասկավառակը հենց այդ անունով կոչեցի` «Քո հետքերը»: Այդ երգը իր արդիականությունը չի կորցնում: Եթե Առնո Բաբաջանյանը կենդանի լիներ, ես կխնդրեի ու միգուցե այդ երգը ինձ նվիրեր: Ասեմ, որ այն կատարել եմ նախքան մրցույթը, և մրցույթին էլ  ինձ հաջողություն բերեց:

Ինչո՞վ էիք զբաղված վերջին մեկ ամսում: Առաջիկա ծրագրերի մասին` նոր տեսահոլովակ, երգ…

Գարնան վերջին լույս ընծայվեց իմ նոր ձայնասկավառակը, այնուհետև համերգներով Միացյալ Նահանգներում էի,  Ռուսատանում, Բեյրութում: Հիմա զբաղվում եմ կարևոր գոևծով, որը կոչվում է մենահամերգ: Մանրամասների մասին չեմ խոսի, պատրաստվում եմ, այն ինձ համար շատ սպասված է:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

17:32 Օգոստոս 04, 2015

Ամենաընթերցված նյութեր