ԷԴՈՒԱՐԴ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ. Բարսելոնա, թե՞ Ռեալ. ես ինձ վաղուց երկրպագու չեմ համարում

ֆուտբոլային մեկնաբան, որպես կանոն, դառնում են որևէ ֆուտբոլիստով ոգեշնչվելով կամ ֆուտբոլը շատ սիրելու արդյունքում: Ձեր ընտրության հարցում ի՞նչն է էական դեր խաղացել:

Սիրած ֆուտբոլիստներ շատ եմ ունեցել, բայց որևէ մեկով ոգեշնչված չեմ այս ուղին ընտրել: Ի սկզբանե սիրել եմ սպորտը, և ինձ համարում եմ ոչ թե կոնկրետ ֆուտբոլի, այլ, ընդհանրապես, մարզական մեկնաբան: Առիթ ունեցել եմ և հուսով եմ դեռ կունենամ տարբեր մարզաձևեր մեկնաբանելու հնարավորություն: Երբ բանակից վերադարձա, աշխատանք էի փնտրում, երբևէ մտքովս չէր անցնի, որ մուտք կգործեմ հեռուստատեսության ոլորտ: Հարազատներս և ընկերներս ասում էին, որ վատ չեմ հասկանում սպրոտից, և խորհուրդ էին տալիս փորձել ուժերս մեկնաբանի կարգավիճակում: Առաջին աշխատավայրս Հանրային հեռուստաընկերությունն է եղել` կամ ինչպես ընդունված է ասել` Հ1-ը: Սկզբում բոլորի մոտ էլ դժվար է լինում` թե հաստիք չի լինում թե երկար տանում-բերում են, մի պահ հիասթափվեցի, բայց, փառք Աստծո, դիմացա և անցա այդ ճանապարհը:

<<Նորեկներին>> ավագ գործընկերները հիմնականում հակված են չվստահել: Ինչպե՞ս էր Ձեր պարագայում:

Իմ պարագայում ասել, որ ճնշում էին ավելի փորձառուները, իհարկե սխալ կլինի: Չնայած ես գիտեի, որ հեռուստատեսության բնագավառում և, ոչ միայն, նման «ավանդույթ» կա, նորեկները «ծանր» կյանք են ունենում (ժպտում է): Բայց իմ պարագայում ամեն ինչ շատ սահուն անցավ, ինձ հանդիպեցին մարդիկ, որոնք նման տարանջատում չդրեցին: Սկզբից էլ ընկերական մթնոլոտում եմ աշխատել  Սլավա Սարգսյանի ու Կարեն Գիլոյանի հետ: Մինչև այսօր ընկերական շատ լավ հարաբերությունների մեջ ենք անկախ նրանից, որ արդեն  տարբեր հեռուստաընեկրություններում ենք աշխատում:

Փոքր ժամանակ ֆուտբոլային հանդիպումներ մեկնաբանե՞լ եք: Ինչո՞ւ ենք այս հարցը տալիս, քանի որ ֆուտբոլասեր տղաների մեծ մասը այս հակումը ունեցել է:

Ոչ, բայց մեկնաբաններին միշտ շատ ուշադիր լսել եմ և փորձել սխալները գտնել: Այն, ինչ եթերից ճիշտ չէր հնչում, անմիջապես ականջս ծակում էր: Հետագայում դա ինձ օգնեց այդ նույն սխալները չկրկնելու հարցում:

Մեր համոզմամբ կան ֆուտբոլային մեկնաբանների երեք պայմանական տիպեր: Առաջինը` այսպես կոչված վիճակագիրներն են, որոնք հանգիստ վերլուծում են խաղը, արձագանքում են խաղադաշտում տեղի ունեցող իրադարձություններին, բայց ոչ էմոցիոնալ. երկրորդը` այսպես կոչված «գոռոզ» ֆուտբոլային գիտակներն են, որոնք 70-80 տոկոսը խոսում են ֆուտբոլային այլ թեմաներց, և միայն 20 տոկոսով անդրադառնում բուն խաղին` օրինակ ՆՏՎ-ի մակնաբան  Վասիլի Ուտկինը և վերջապես երրորդ տիպը` այսպես կոչված գերէմոցիոնալ մեկնաբաններն են, որոնք կապ չունի ինչ խաղ են վարում` սկզբից մինչև վերջ  խաղի մեջ են, հավելյալ տեղեկատվություն  քիչ  են տալիս: Դուք  Ձեզ ո՞ ր տիպին կդասեիք:

Հետաքրքիր տարանջատում էր: Միանշանակ գերէմոցիոնալ չեմ, այդպիսին լինում եմ միայն Ազգային հավաքականի խաղերի ժամանակ, բայց դա արդեն հասկանալի պատճառներով. Մեկնաբանը մեկն է այն հայերից, որոնք դիտում և երկրպագում են իրենց ամենահարազատ թիմին: Իմաստ էլ չկա թաքցնել, որովհետև դու էլ ես ուզում երկրպագել,  աջակցել և շատ ավելի հետաքրքիր է ստացվում:  Մյուս դեպքերում, պետք է կարողանալ զսպել էմոցիաները կամ եթե նույնիսկ ցուցադրում ես` հաշվի առնես, որ քեզ դիտում են երկու թիմերի երկրպագուներն ու մատնանշես  թիմերի և դրական, և բացասական կողմերը` հավասարաչափ: Վիճակագրությունն իմ համոզմամբ չափի մեջ պետք է լինի: Ձեր թվարկած բոլոր տիպերն էլ իրենց առարկայական դրսևորումներ ունեն իմ մասնագիտական "ես"-ի մեջ, իսկ թե որը` ինչ չափով է արտացոլվում` կգնահատեն հեռուստադիտողները:  Կարծում եմ` իմ ոճը գտել եմ, ինչու ոչ, փորձում եմ իմ ոճով առանձնանալ:

Խաղը մեկնաբանելուց առաջ նախապես պատրաստվելու գործընթացի և իմպրովիզացիայի մասին ի՞նչ կասեք:

Նախապես պատրաստվել, իհարկե, պետք է: Հակառակ դեպքում հեռուստադիտողը դա  անմիջապես կզգա: Որքան էլ լավ տիրապետես ֆուտբոլին, ճանաչես ֆուտբոլիստներին, միևնույն է բացերը կտեսնեն: Մեկնաբանը խաղի մասին այդ պահին առկա բոլոր նորություններին պետք է տեղյակ լինի, իմանա, թե ինչու, ինչ պատճառով է այս կամ այն ֆուտբոլիստը բացակայում, և այլն:

Ասում են, որքան էլ ֆուտբոլային մեկնաբանը եթերից անկողմնակալ ներկայանա, միևնույն է, իսկակական ֆուտբոլասերները կարծես բացահայտում են, թե որ ֆուտբոլիստին կամ թիմին է երկրպագում նա:  Էդուարդ Քալանթարյանի երկրպագած թիմն ու ֆուբոլիստը:

Քանի որ վերջին տարիներին Իսպանիայի առաջնություն էի մեկնաբանում, հիմնական հարցը բոլորի համար դա էր` Բարսելոնային եմ երկրպագում, թե՞ Ռեալին: Զանգահարում ասում են` բավական է երկրպագեք Մադրիդի Ռեալին կամ` ակնհայտ երևում է, որ դուք Բարսելոնայի երկրպագու եք: Ես ինձ վաղուց երկրպագու չեմ համարում, որովհետև այդ բջիջները մահացել են իմ մեջ, դա խանագարում է աշխատանքին: Իսկ պատանեկության տարիներին Բասելոնային եմ երկրպագել:  Ինչ վերաբերում է ֆուտբոլիստին,  մի փորձեք կռահել` ես Մեսիին եմ սիրում թե Ռոնալդուին, Հայաստանից կամ հայերից դուրս ոչ մեկի չեմ առաձնացնի: Իմ սիրած ֆուտբոլիստը, չնայած կարիերան ավարտել է, եղել և մնում է Արմեն Շահգելդյանը:

Վերը նշեցիք, որ ֆուտբոլից բացի այլ սպորտաձևեր էլ էք վարե՞լ:

Շատ եմ մեկնաբանել: Հույս ունեմ, որ դարձյալ կմեկնաբանեմ, որովհետև շատ մարզաձևեր կան, որոնք սիրում եմ: Ինքս թենիսիստ եմ, երազում եմ թենիսի խոշոր մրցաշար ցուցադրենք, և ես մեկնաբանեմ: Հանդբոլ եմ սիրում, բասկետբոլ, վոլեյբոլ, հոկեյ, շատ մարզաձևեր կան: Հետևում եմ և հաճույքով կմեկնաբանեմ:

Ձեր աղջիկը որպես սպորտաձև լողն է ընտրել: Ո՞վ է այս հարցում ուղղորդել իրեն: 

Կնոջս հետ որոշեցինք, որ լողով զբաղվի, քանի որ լողը մարզաձև է, որը բոլոր առումներով առողջարար է և հիմա երկու քարի արանքում ենք հայտնվել, որովհետև այնքան լավ է իր մոտ ստացվում, որ մարզիչները լուրջ ծրագրեր են իր հետ կապում:  Ես դեմ եմ: Եթե տղա լիներ, գուցե դեմ չլինեի, բայց աղջկա պարագայում դժվար է: Կարող է մի օր հրաժարվի զբաղվել և 7-8 տարվա աշխատանքը պարզապես ջուրը ընկնի և բացի այդ կառուցվածքի վրա է ազդում: Ինչևէ, ժամանակը ցույց կտա, եթե նրա ճակատագիրը դա է` այդպես էլ կլինի:

Վստահ եմ, որ սպորտից բացի այլ հետաքրքրություններ նույնպես ունեք: Ինչո՞վ եք զվաղվում ազատ ժամանակ: 

Սիրում եմ ժամանակը անցկացնել ընտանիքիս հետ:

Ինչպես եք նախատեսում այս ամառ արձակուրդը վայելել: Երկրում եք լինելո՞ւ, թե՞ ոչ:

Երկրոդ բալիկին ենք սպասում, այդ պատճառով ուղղակի չենք կարող բացակայել երկրից: Շաբաթ-կիրակի օրերն ենք փորձում արդյունավետ օգտագործել:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:39 Հուլիս 15, 2015

Ամենաընթերցված նյութեր