Գերասիմ Բարսեղյան. Իշխանությունները պետք է հստակ բացատրեն` ինչ ասել է փոխհատուցում, աուդիտ կամ հնարավոր ազգայնացում

Վերջին օրերին "Ոչ թալանին" քաղաքացիական շարժման կողմից Բաղրամյան պողոտայում նախաձեռնված բողոքի ակցիաները ներկայում տրանսֆորմացիայի   փուլում են և քաղաքական վերլուծաբաններն արդեն խոսում են հնարավոր քաղաքական սցենարների մասին: Որքանո՞վ եք հավանական համարում  այս սոցիալական շարժման քաղաքականացումը և որոշ ուժերի կողմից` այսպես կոչված  "ժամանակակից" հեղափոխական տեխնոլոգիաների կիրառումը:

Այն, ինչ այս պահին տեղի է ունենում Բաղրամյան պողոտայում, անշուշտ, ոչինչ չի ասում հեղափոխական տեխնոլոգիաների բացահայտ կիրառման և, առհասարակ, նման իրավիճակի մասին: Սակայն որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ կտրուկ լարումներ չեն լինի: Գիտեք, քանի դեռ հարթակում դրության տերը "Ոչ թալանին" շարժման երիտասարդներն էին, ամեն ինչ շատ ավելի հստակ էր` և պահանջներն էին հասկանալի, և հավաքի էներգետիկան էր շատ պոզիտիվ: Այսինքն երիտասարդները հասարակության կողմից ստացել էին բացառապես սոցիալական պատվեր, որը փորձում էին կյանքի կոչել: Բայց այն, ինչ տեղի է ունենում վերջին մի քանի օրերի ընթացքում, ըստ էության, զգալի չափով փոխեց պատկերացումներն այդ շարժման մասին: "Ոչ թալանին" նախաձեռնությունն իջավ Ազատության հրապարակ, իսկ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիաները շարունակվեցին արդեն նոր կազմակերպիչներով` ավելի հախուռն և անկազմակերպ, բայց միաժամանակ որոշ շահագրգիռ խմբերի համար բավականին ընդունելի և կառավարելի սցենարներով: Այն, ինչ փորձում են անել այդ խմբերը, ըստ էության, ժամանակ շահելն է: Նրանք շատ լավ հասկանում են, որ եթե հենց այս պահին բացահայտեն իրենց իրական նպատակները, Բաղրամյան պողոտայում` լավագույն դեպքում մինչև 500 ցուցարար կմնա: Դրա համար տվյալ փուլում փորձում են չշեղվել "Ոչ թալանին" նախաձեռնության մարտավարությունից` "տաք պահել" խնդիրը և հարմար պահի` գրոհել:

Իսկ այդ "գրոհի" համար կա՞ն նախադրյալներ:

Մեծ հաշվով` բացահայտ երևացող նախադրյալներ չկան: Նախ ցուցարարներից շատերի համար լեգիտիմ են պայմանական ասած`  "Վաղինակն ու ընկերները" և եթե այսօր նրանք չկան հարթակում, ապա դա շատ հստակ մեսիջ է մյուսների համար: Երկրորդ` այս շարժումը, որն իր էությամբ սոցիալական է` քաղաքականացնելու յուրաքանչյուր փորձ միանշանակ հակադարձ էֆֆեկտ կարող է ունենալ: Եվ վերջապես, կա իշխանությունների կողմից որոշակի լոյալություն, որն ինքնին զգալի չափով թուլացնում է ներքին լարվածությունը: Թերևս, հենց այս գործոններով է պայմանավորված, որ օր-օրի նոսրանում են ցուցարարների շարքերը:

Բայց, այնուամենայնիվ, դատելով Բաղրամյանում նոր նախաձեռնող խմբի կազմից, ակնհայտ է դառնում, որ քաղաքական ուղորդումն առկա է:

Ռուսական ասույթն ասում է "սուրբ տեղը դատարկ չի մնում", որը բնութագարական է այն գործընթացների համար, որոնք վերջին շրջանում ունենք Բաղրամյանում: Ես չգիտեմ, որքանով են ճշգրիտ շարժման նոր նախաձեռնող խմբի հաշվարկները, կամ առհասարակ որոշակի հաշվարկներ կա՞ն, թե ոչ, սակայն եթե նախաձեռնությունը վերցրել են, պարզ է, որ ինչ-ինչ մարտավարական "տնային պատրաստություններ" ունեն: Ինչ խոսք, չպետք է բացառել նաև, որ գնում է նաև նոր հարթակային ընդդիմության ձևավորման գործընթաց, որին այդ դաշտի հիմնական քաղաքական դերակատարները, կարծես, մասնակցություն չեն ունենում:

 

Բայց դատելով նրանց քայլերից, չի կարելի ասել, որ "մի կողմ են քաշված": Այս կամ այն կերպ այդ քաղաքական միավորները նույնպես մասնակցում են բողոքի ակցիաներին:"Կենդանի պատ" են կազմում, գիշերները մնում Բաղրամյան պողոտայում, պերմանենտ կոչերով հանդես գալիս և այլն: Մի՞թե սա ակտիվ մասնակցություն չէ:

Մենք խոսում ենք շարժումը ուղորդելու, "ներսից", "դրսից" աջակցելու մասին: Նրանք, ըստ էության, միայն բուֆերի դեր են ստանձնել, ինչը շարժման փիլիսոփայության տեսանկյունից միանգամայն ճիշտ որոշում է: Իսկ ինչ վերաբերում է "կենդանի պատ" կազմելուն` միանշանակ է, որ այն աշխատող գաղափար էր և զգալիորեն նպաստեց ոստիկանության և ցուցարարների միջև լարվածության թուլացմանը: Ճիշտ է ոստիկանությանը այդ "պատը" կարծես, այդքան էլ չոգևորեց, սակայն կասկածից վեր է,  որ Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի և Թևան Պողոսյան ջանքերով ներդրված այդ մեխանիզմը բավականաչափ արդյունավետ էր: 

 Անդրադառնալով այսպես կոչված հեղափոխական տեխնոլոգիաներին կամ "մայդանային" սցենարներին, պետք է նշել, որ թեկուզ ոչ ընդգծված, սակայն որոշ գործիքներ կիրառելու փորձեր, այդուհանդերձ նշմարվեցին. զորօրինակ` ցուցարարների կողմից այսպես կոչված "հեղափոխական" դիմակներ օգտագործելը, աղբարկղերով բարիկադներ կառուցելը,  երթևեկելի և բանուկ հատվածում վրաններ տեղադրելու փորձը, կազմակերպված "համացանցային" քարոզարշավը, հանրապետության տարբեր քաղաքներից ակցիային միանալու կոչերն ու մինի-հանրհավաքների կազմակերպումը և այլն: Արդյոք, դրանք չեն վկայում նման տեխնոլոգիաների նպատակային կիրառման մասին:

Այո, այդ բազմազան միջոցները կիրառվում են հեղափոխական սցենարներում, բայց դրանք միաժամանակ կարող են տեղ գտնել նաև այլ բնույթի զանգվածային բողոքի ակցիաներում: Իմ տպավորությամբ դրանք ավելի շատ "շոուն" ազդեցիկ դարձնելու շարքից են: Եվ հետո, ակցիայի մասնակիցների կորիզը կազմում են սոցիալապես ակտիվ, կիրթ երիտասարդները, ովքեր լավ պատկերացում ունեն նման իրավիճակի առանձնահատկությունների և ակցիայի արդյունավետությունն ապահովող քայլերի վերաբերյալ: Եվ տվյալ դեպքում նրանք ավելի շուտ կիրառում են ակցիայի "դրամատիզացիան" ապահովող  PR տեխնոլոգիան, քան ինչ-որ հեղափոխական սցենարների իմիտացիաներ անում:

Մենք խոսեցինք, ցուցարարների մասին, իսկ ինչպես են իրենց պահում իշխանությունները, կարո՞ղ ենք ասել, որ նրանք ադեկվատ են արձագանքում ստեղծված իրավիճակին:

Կարծում եմ տվյալ հարցադրումը պետք է քննվի երկու հարթության վրա` ոստիկանության  և իշխանության ոչ ուժային հատվածի գործողությունների: Ոստիկանության պահվածքը բացառությամբ հունիսի 23-ի վաղ առավոտյան նստացույցը ցրելու գործողությունների, որոնք առաջացրեցին մեր հասարակության մեծ մասի արդարացի վրդովմունքը, մյուս դեպքերում կարելի է ասել` հասարակական կարգի պահապանները հիմնականում գործել են իրավիճակին ադեկվատ և գտնվել են իրենց բարձրության վրա: Իշխանության ոչ ուժային հատվածի արձագանքի առումով, թերևս, հարկ է կանգ առնել ՀՀ նախագահի առաջարկի վրա, որն, ըստ էության էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման կասեցման որոշակի հույս է պարունակում: Շատ կարևոր էր նաև ՀԷՑ-ի ազգայնացման հնարավորության կոնկրետ ակնարկը:  "Ոչ թալանին" ակցիայի կազմակերպիչները, սկզբում հենվեցին Նախագահի հայտարարության, այսպես կոչված, "պարտադիր" կողմի վրա` որ չի չեղարկվելու սակագնի վերանայման որոշումը, դրան երկրորդելով մյուս ուղերձը, որից հետո այնուամենայնիվ որոշում ընդունեցին չսրել իրավիճակը, արձանագրելով որ այս փուլում շարժումը հասավ որոշակի հաջողության: Ինչևէ, արդեն Բաղրամյանում բոլորովին այլ գործընթաց է, և դժվար է ակնկալել, որ ներկայացված առաջարկին համապատասխան արձագանքներ կլինեն:

 

Ստեղծված իրավիճակում ո՞րն է լուծումը. բոլորս հասկանում ենք, որ Բաղրամյանը չի կարող անվերջ փակ մնալ, բայց մյուս կողմից ցուցարարները, կարծես, չեն ընդունում Նախագահի առաջարկները:

Անշուշտ, բարդ իրավիճակ է, բայց լուծումներ կան: Նախևառաջ` պետք է առողջ երկխոսություն լինի քաղաքացիական հասարակության և իշխանությունների միջև: Այս առումով կարևոր նախապայման է, որ Բաղրամյանում գտնվող քաղաքացիական տարբեր խմբերը չքաղաքականացվեն և չշեղվեն իրենց հիմնական պահանջներից  Սա պետք է առանձնահատուկ շեշտել, քանի որ այնտեղ արդեն քիչ չեն քաղաքական ուժերը, որոնք փորձում են գործընթացները այլ` իրենց համար շահեկան ուղղությամբ տանել: Իշխանությունները պետք է փորձեն շատ հստակ և հանրամատչելի բացատրել` ինչ ասել է փոխհատուցում, աուդիտ, հնարավոր ազգայնացում և այլն: Չնայած օրերս ՀՀ վարչապետը նշեց, որ սուբսիդավորումը կատարվելու է ոչ բյուջեի միջոցների հաշվին, իսկ փոխվարչապետը` աուդիտի անցկացման կարգի և ժամկետների վերաբերյալ որոշակի հստակություններ մտցրեց, սակայն միևնույն է պարզ չէ, թե ինչ աղբյուրներից պետք է իրականացվի սուբսիդավորումը, որքան կարող է տևել աուդիտը, ինչ հարցի կամ հարցերի պետք է հստակ պատասխանի այն և այլն:

Այս խնդրի լուծման մյուս տարբերակները պետք է սկզբունքորեն բացառել: Խոսքը վերաբերում է ինչպես ոստիկանության կողմից բողոքի ակցիան ուժով ցրելուն, այնպես էլ շարժումը քաղաքականացնելու և "կեղտոտ ջրում ձուկ որսալու" փորձերին:  

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

17:07 Հուլիս 02, 2015

Ամենաընթերցված նյութեր