ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆ. 'Կենդանի պատի' որոշ անդամներ փորձում են "փիառվել"

Բաղրամյան պողոտայում արդեն հինգերորդ օրն է քաղաքական գործիչների, շոուբիզի ներկայացուցիչների և հոգևորականների մասնակցությամբ ցուցարարների և ոստիկանների միջև կազմվել է այսպես կոչված "կենդանի պատ": ԲԱՐՈՄԵՏՐԸ շարունակում է բլից երկխոսությունների շարքը այդ գաղափարին արձագանքած հայտնիների հետ:

Շատերը խոսում են այն մասին, որ նման դրական էներգետիկայով բողոքի ակցիաներ Հայաստանում երբեք չեն եղել: Ինչպիսին են Ձեր տպավորությունները:

Համաձայն չեմ, նման դրական լիցքերով բողոքի ակցիաներ Հայաստանում շատ են եղել, սկսած 88թ.-ից վերջացրած տրանսպորտի թանկացման հետ կապված բողոքի ակցիայով: Այս ակցիան տարբերվում է նրանով, որ ամբողջ բնակչությունը` ներառյալ ազգաբանկչության 99 տոկոսը դեմ է հոսանքի թանկացմանը, դրա համար Բաղրամյանում կարելի է հանդիպել բոլոր տարիքի, բոլոր սեռերի, բոլոր պաշտոնների և կարգավիճակների տեր մարդկանց: Այսինքն, սա այն հարցն է, որ համախմբել է ամբողջ ազգաբնակչությանը: Աննախադեպ է, որ ակցիան վատաբանող հայկական որևէ մեդիա չկա, կամ քիչ են լուսաբանում կամ միշտ դրական երանգներով:

"Կենդանի պատ" ցուցարաների և ոստիկանության միջև գաղափարը տեղի և արտերկրի փորձագետները համարում են Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիաների խիստ արդյունավետ "նոու հաուն": Ինչպես եք Ձեզ զգում այդ "պատի" հիմնարար "աղյուսի" դերում:

"Նու հաու" չի, դա օգտագործվել է տարբեր երկրներում, տարբեր առիթներով, երբ մարդիկ, ովքեր հարգանք են վայելում` փորձում են կանգնել ցուցարարների ու ոստիկանության միջև: Հայաստանում սա առաջին անգամ էր կիրառվում: Ցավոք, ցուցարարներից ոմանք այդպես էլ չհասկացան դրա իմաստը և չհանդուրժեցին, որ տարբեր հայացքների մարդիկ կարող են այդտեղ կանգնել իրար կողքի: Դա էր պրոբլեմային, իսկ գաղափարը վատը չէր, ապահովագրության համար էր սա: Իհարկե, "կենդանի պատի" որոշ անդամներ փորձում են նաև "փիառվել": Հենց դա չընդունվեց, երևաց և նրանք շատ շուտ հեռացան, իսկ ովքեր իսկապես մտահոգված էին, մնացին մինչև վերջ:

Հնարավոր ի՞նչ հանգուցալուծում եք պատկերացնում ստեղծված իրավիճակում:

Միակ հանգուցալուծումը, որ պատկերացնում եմ` կասեցումն է, այլ տարբերակ չկա: Ուժայինը անիմաստ է դառնում: Պահանջը մեկն է ու հստակ` որոշումը պետք է լինի կասեցումը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

23:23 Հունիս 27, 2015

Ամենաընթերցված նյութեր