ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ. Իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ

Բաղրամյան պողոտայում արդեն 4-րդ օրն է քաղաքական գործիչների, շոուբիզի ներկայացուցիչների և հոգևորականների մասնակցությամբ ցուցարարների և ոստիկանների միջև կազմվում է այսպես կոչված "կենդանի պատ": Բարոմետրը շարունակում է բլից երկխոսությունների շարքն այդ գաղափարին արձագանքած հայտնիների հետ:

Շատերը խոսում են այն մասին, որ նման դրական էներգետիկայով բողոքի ակցիաներ Հայաստանում երբեք չեն եղել: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:

Շատ տպավորվեցի, երբ մի տարեց մարդու հարցրեցի, թե ինչպես է իրեն զգում, ասաց` ես լույսի մեջ եմ կանգնած, ինչպես պետք է ինձ զգամ: Այո, մարդիկ, ովքեր այնտեղ կանգնած են, իրոք, լույսի մեջ են:

"Կենդանի պատ" ցուցարաների և ոստիկանության միջև գաղափարը տեղի և արտերկրի փորձագետները համարում են Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիաների խիստ արդյունավետ "նոու հաուն": Ինչպես եք Ձեզ զգում այդ "պատի" հիմնարար "աղյուսի" դերում:

Ես ինձ հիմնարար դերում չեմ համարում: Նիկոլ Փաշինյանի գաղափարն է եղել դա: Նա է կազմակերպել, ես օգնել եմ կապ հաստատել մասնակիցների հետ թե որպես գործընկեր թե որպես ընկեր: Շատ ուրախ եմ, որ դրական արձագանքի արժանացավ գաղափարը և շահարկումներ չեղան: Երեկ ես տեսա, որ ռուսական ԶԼՄ-ներն այս իրադարձությունների մասին խոսելիս դրական գնահատական էին տալիս "կենդանի պատին": Այն ստացված էր, իր դերը կատարեց: Երեկ, հատկապես, երբ սաղավարտներով ոստիկանները կուտակվեցին և լարվածություն սկսվեց, թիրախում էր, եթե չեմ սխալվում, Էդմոն Մարուքյանը և այն զսպիչ դեր ունեցավ: Որևէ մեկը չի ժխտի, որ այն, ինչ տեղի է ունենում` մեծ քաղաքացիական գիտակցության ալիք է, այսպիսի մասսայականություն որևէ ցույցի ժամանակ չի եղել: Առաջին անգամ է, որ բռնությունից հետո ժողովուրդն էլ ավելի շատ համախմբվեց, էլ ավելի մեծ դիմադրություն ու համառություն է ցուցաբերեց: Զգում ենք, որ մեր երկրում ինչ-որ բան է փոխվում: Հին սովետական մոտեցումները սկսում են իրենց տեղը զիջել, վստահ եմ, որ ամեն օր մենք ավելի լավ Հայաստանում ենք ապրելու` գիատակից լինելու առումով:

Հնարավոր ի՞նչ հանգուցալուծում եք պատկերացնում ստեղծված իրավիճակում:

Նախ ասեմ, որ այդ հանգուցալուծումը պետք է մաքսիմալ արագացնել,որովհետև իրավիճակն արդեն, իրոք, կարող է վերահսկողությունից դուրս գալ: Պահի տակ մի հատ "կայծ" կարող է անդառնալի հետևանքների բերել, և իշխանությունը պետք է մտածի այդ մասին, որ իրավիճակը քաոսի չվերածվի, հակառակ դեպքում ինքն էլ է տուժելու: Ես չեմ պատկերացնում որևիցե այլ որոշում, պետք է կասեցնեն: Պահանջը հստակ է, սոցիալական է, այստեղ քաղաքականություն չկա` ինչպես Պերմյակովի ու Հրաչյա Հարությունյանի պարագայում: Երեկ ես տեսել եմ, թե ինչ կատարվեց Պրոսպեկտ-Սայաթ Նովա խաչմերուկում, ուղղակի անհասականալի մի վիճակ էր` մեծ քանակությամբ մարդիկ լքում էին Բաղրամյան պողոտան և ուղղակի խցանում առաջացավ, ոստիականները մոտեցան, դրան զուգահեռ ցուցարարները` հասկանալու, թե ինչ է կատարվում և ամեն ինչ քաոսի վերածվեց: Դա այն դեպքում, երբ ցուցարարները փողոց փակելու մտադրություն չեն ունեցել: Ես որպես ընդդիմադիր գործիչ չեմ ուզում մեր երկրում քաոսով, անարխիայով ինչ-որ բան փոխվի, դա երբեք լավ բանի չի բերում: Վստահ եմ` այս իրավիճակը իշխանություններին էլ ձեռնտու չէ, բայց մեղքը իրենցն է: Իրավիճակը, եթե վերահսկողությունից դուրս եկավ, ջնջելու է ամեն ինչ` չի նայելու ով ում մարդն է, ով ում թիմից է: Այսօր փողոց են դուրս եկել 10 000 Հայաստանի քաղաքացի, որոնք շատ վատ սոցիալ-տնտեսական վիճակում են, իրենց պահանջը էլեկտրաէներգիայի սակագնի կասեցման դեմ մի քայլ է, որ կարող է վերածվել քաղաքական պահանջների, իսկ այս դեպքում ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ նոր "մարտի 1" չի լինի: Այս ֆոնին ռուսական լրատվամիջոցները ճշմարտությանը չհամապատասխանող լուրեր տարածեցին, իրենք առիթ տվեցին, որ բացասական վերաբերմունք առաջանա իրենց նկատմամբ: Ռուսաստանյան հիմնական լրատվական ալիքը, երբ հայտարարում է, որ ցուցարանները եղել են զինված, 11 ոստիկան է տուժել, այն դեպքում, երբ ոչ մի տուժած ոստիկան չի եղել, երբ հայտարարում են, որ հանդիպում է եղել նախագահի հետ, նմանեցնում են մայդանին, արդեն շատ դժվար է ինչ-որ բան հասկանալ` հարգելիներս, գնացեք զբաղվեք ձեր երկրի խնդիրներով, մեզ հանգիստ թողեք:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:15 Հունիս 27, 2015

Ամենաընթերցված նյութեր