ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. Այս ակցիան պատմության մեջ կընդգրկվի

Բաղրամյան պողոտայում արդեն երրորդ օրն է քաղաքական գործիչների, շոուբիզի ներկայացուցիչների և հոգևորականների մասնակցությամբ ցուցարարների և ոստիկանների միջև կազմվել է այսպես կոչված "կենդանի պատ": Բարոմետրը սկսում է բլից երկխոսությունների շարք այդ գաղափարին արձագանքած հայտնիների հետ:


Շատերը խոսում են այն մասին, որ նման դրական էներգետիկայով բողոքի ակցիաներ Հայաստանում երբեք չեն եղել: Ինչպիսին են Ձեր տպավորությունները:

Պետք է ասեմ, որ իսկապես այս բողոքի ակցիան ունի յուրահատկություն: Էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը կանխելը բխում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու շահերից: Այս շարժումը մարդկանց սրտից է խոսում և, բնականաբար, դրական աուրան կա և մեր երիտասարդներն էլ շատ հստակ արտահայտում են իրենց պահանջատիրությունը: Նրանք կամք ունեն, ամեն ինչ անում են ճիշտ և տեղին: Երիտասարդները պետք է հասնեն հաջողության այդ դրական լիցքերով: Այդ դեպքում այս ակցիան պատմության մեջ կընդգրկվի իր բացառիկությամբ:

"Կենդանի պատ" ցուցարաների և ոստիկանության միջև գաղափարը տեղի և արտերկրի փորձագետները համարում են Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիաների խիստ արդյունավետ "նոու հաու": Ինչպես եք Ձեզ զգում այդ "պատի" հիմնարար "աղյուսի" դերում:

Նոու հաուի խնդիր չէ, ես կանվանեի նոր մոտեցման խնդիր: Սա գյուտ չէ, որ այսպիսի "կենդանի պատ" է կազմվել: Բոլոր ժամանակներում պայքարի նմատանտիպ օրինակներ եղել են, և պատգամավորներ են մասնակցել և շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Միակ նոր մոտեցումը այն է, որ մենք պայմանավորվել ենք, որ չենք խառնվում բուն գործընթացին, մենք ունենք մեկ ֆունկցիա` թույլ չտալու, որ բռնի գործողություններ կամ անհամաչափ ուժ կիրառվի: Դրա հետ մեկտեղ մենք գիտակցում ենք, որ եթե եղավ հրաման ուժ կիրառելու` որևէ մեկը չի նայելու իր առջև կանգնած է պատգամավոր, թե՞ շոու բիզնեսի ներկայացուցիչ:

Հնարավոր ի՞նչ հանգուցալուծում եք պատկերացնում ստեղծված իրավիճակում:

Ինձ թվում է լավագույն և կարճ հանգուցալուծումը` առոչինչ հայտարարվի հանրային ծառայությունների հանձնաժողովի որոշումը և խնդիրը տեղափոխվի բանակցությունների դաշտ` ամբողջ համակարգի բարելավման իմաստով, որովհետև խնդիրը միայն սակագնի բարձրացումը չէ, այլ համակարգում առկա խնդիրների վերացումը: Պետք է ուսումնասիրել, հասկանալ, որտեղ են եղել այդ 250 մլն դոլար պարտքի արմատները, այդ ինչ են արել, որ այդքան պարտք է կուտակվել, գտնել մեղավորներին և պատժել, ինչպես նաև նոր մենջմենթի խնդիր դնել, որ ապագայում թույլ չտրվի նման իրավիճակների կրկնությունը: Մեղավորները պետք է պատժվեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

00:24 Հունիս 27, 2015

Ամենաընթերցված նյութեր