Արմեն Վարդանյան. Տա Աստված՝ ոչ դրսից, ոչ ներսից չխառնվեն այս անաղարտ շարժմանը և չվերածեն այն "մայդան-ողբերգության"

Բաղրամյան պողոտայում արդեն երրորդ օրն է քաղաքական գործիչների, շոուբիզի ներկայացուցիչների և հոգևորականների մասնակցությամբ ցուցարարների և ոստիկանների միջև կազմվել է այսպես կոչված "կենդանի պատ": Բարոմետրը սկսում է բլից երկխոսությունների շարք այդ գաղափարին արձագանքած հայտնիների հետ:

Շատերը խոսում են այն մասին, որ նման դրական էներգետիկայով բողոքի ակցիաներ Հայաստանում երբեք չեն եղել: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:

Ինքս մի քանի օր է՝ մասնակցում եմ այս ակցիային, տպավորություններս իսկապես դրական են, հատկապես՝ երիտասարդներից, որոնցից, փաստորեն, շատ սովորելու բաներ ունենք: Մթնոլորտն իսկապես դրական է, մարդիկ գիտեն՝ ինչի համար են հավաքվել: Միգուցե, դրական է նաև նրանով, որ այս պահանջն ինչ-որ մեկի շահը չէ, կամ որևէ մեկը անձնական դիվիդենտներ չի հավաքելու և հետագայում այն օգտագործի քաղաքական կամ այլ նպատակներով: Տա Աստված՝ ոչ դրսից, ոչ ներսից չխառնվեն այս մաքուր, անաղարտ շարժմանը և չվերածեն այն "մայդան-ողբերգության":Հավաքվել է հայ ժողովուրդը, նրանք Բաղրամյանում շատ են, իսկ պահանջը մեկն է:

"Կենդանի պատ" ցուցարաների և ոստիկանության միջև" գաղափարը տեղի և արտերկրի փորձագետները համարում են Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիաների խիստ արդյունավետ "նոու հաուն": Ինչպե՞ս եք գնահատում "կենդանի պատ" կազմելու գաղափարը:

Մտահղացումն իսկապես հետաքրքիր է, երբ մի շարքի վրա են եկեղեցու ներկայացուցիչը, քաղաքական գործիչը, սպորտսմենը և շոու-բիզնեսի ներկայացուցիչը: Ուղղակի որպես մեր երկրի քաղաքացի, ուզում եմ դիմել որոշ քննադատների՝ հարգելիներս, բոլոր հայտնիները չէ, որ գնում են այնտեղ իրենց ռեյտինգը բարձրացնելու համար: Եթե նրանք այնտեղ են ու առաջին գծում են` դա արդեն ինչ-որ բան ասում է: Իմ անունից կարող եմ ասել, որ ես մի քանի օր է այնտեղ եմ, որպես ՀՀ քաղաքացի ու ոչ մի սելֆի չունեմ արած (չնայած, անողներին էլ չեմ քննադատում) և հարցազրույցներից էլ, հնարավորինս խուսափում եմ:

Հնարավոր ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում ստեղծված իրավիճակում:

Մի տեսակ տարօրինակ կերպով վստահ լավատեսություն ունեմ, որից նույնիսկ իմ ներսում անհանգստություն է առաջանում… Տա Աստված, որ այս անգամ ժողովրդի կամքով լինի:

Ֆոտոնկարը` news.am-ի:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:36 Հունիս 26, 2015

Ամենաընթերցված նյութեր