Սեփական ազգի ճակատագրի որոշման հարցում պետք է լինել ինքնուրույն

Ինչո՞վ նշանավորվեց 1-ին Հանրապետությունը:

Հայաստանի առաջին հանրապետությունը վեցդարյա ընդմիջումից հետո հայ ժողովրդի անկախ պետակության առաջին առարկայական ձեռքբերումն է: Որպես ազգի գոյատևման հիմնական գրավական, անկախ պետականություն ունենալը՝ իր պետական կառուցվածքով, պետության գոյությունը ապահովող ռազմական ուժով, միջազգային հարաբերություններում որպես հիմնական սուբյեկտ հանդես գալու հանրաճանաչ և երաշխավորված ձև է:

Առաջին հանրապետության կազմավորումը ըստ էության հաստատեց, որ հետայդու հայ ժողովուրդը պետք է ունենա իր պետականությունը: Նաև հետագայում Հայաստանի խորհրդայնացումը չկարողացավ թուլացնել կամ վերացնել պետականությանը բնորոշ բազմաթիվ բնութագրիչները, այդ թվում մայրենի լեզուն, մշակույթը և ի վերջո ազգային ինքնությունը՝ ինչին ի դեպ ձգտում էր խորհրդային ինտերնացիոնալ գաղափարախոսությունը:

Արդյոք մայիսի 28-ի տոնը բավականաչափ գիտակցված և արժևորվա՞ծ է մեր իրականության մեջ:

Կարծում եմ լիարժեք կերպով գիտակցված չէ, ոչ միայն այն պատճառով, որ խորհրդային պատմագիտությունը նենգափոխել էր առաջին հանրապետության պատմությունը (ի դեպ այդ նենգափոխման արդյունք է նաև ներկայում առաջին հանրապետթյունը կերտողների նկատմամբ կեղծ և քննադատությանը չդիմացող մեղադրանքների հնչեցումը՝ այս դեպքում արդեն ոչ թե խորհրդային պրոպագանդայի կողմից, այլ սեփական անճարակությունը ուրիշների կարողականության վրա բարդող քաղաքական կեղծ գաղափարախոսների միջոցով), այլ նաև այն հիմնական առումով, որ դեռևս չի ամբողջացվել հայոց ազգային գաղափարխոսության շուրջ հիմնական բանաձևումը: Իսկ վերջինս միակ միջոցն է, որը կարող է հստակ չափորոշիչ դառնալ յուրաքանչյուր քաղաքացու և հայի համար՝ գնահատելու և արժևորելու անկախ պետականության կարևորությունը սեփական և սերունդների գոյության ու զարգացման համար: Այս հիմնական բացթողման պատճառով հանրության մոտ հաճախ ձևավորվում են բազմաթիվ բացասական մտորումներ՝ առօրյա խնդիրներն ու հոգսերը անկախ պետականության ձևավորման անհնարինության բարդյութից սկսած, ավարտված Հայաստանի ապագայի նկատմամբ չարագույժ կանխատեսնումներով:

Խորապես վստահ եմ, որ եթե հավուր պատշաճի ներկայացվեն առաջին հանրապետության ձևավորման հիմնական արժեքները և դրանք հիմք ընդունելով մշակվեն և կենսագործվեն հայոց ազգային գաղափարախոսության ամբողջական հիմնադրույթները, Հայաստանը կտրուկ զարգացում կապրի ոչ միայն բնակչության կենսամակարդակի աճի, տնտեսության զարգացման, ժողովրդավարական համակարգերի կատարելագործման տեսքով, այլ նաև բնական ու իրական կդառնա անհարժեշտ կենսատարածքով տարածաշրջանում հզոր պետություն կազմավորելու նպատակը:

Որո՞նք են առաջին Հանրապետության հիմնական "դասերը":

Չնայած շատ է խոսվել առաջին հանրապետության դասերի մասին, սակայն ես կանդրադառնամ դրանցից միայն մեկին: Առաջին հանրապետությունը հաջորդեց աշխարհի քաղաքական քարտեզը վերաձևավորած առաջին համաշխարհային պատերազմին և հայոց ցեղասպանությանը: Այն ցույց տվեց, որ երբ մենք մեր ապագան կապում ենք մեզ հետ, մեր հույսը կապում ենք մեր բազկի ուժի հետ, եվ որպես միասնական ուժ չենք թելադրվում արտաքին ուժերի կողմից, ի վիճակի ենք ստեղծել անկախ պետականություն և ունենալ ազգային ձեռքբերումներ:

Սա վերահստատվեց Հայաստանի ներկա հանրապետության անկախության ձեռքբերման և Արցախի ազատագրման ժամանակ նույնպես:

Մինչդեռ աշխարհի նոր վերաձևավորման ընթացքում՝ երկրորդ համաշխարհային պատերազմում և դրանից հետո, մենք իբրև ժողովուրդ թվաքանակով շատ ավելին էինք, անվտանգ և բարեկեցությամբ ավելի բարձր, բայց չկարողացանք ունենալ ազգային նոր ձեռքբերումներ: Թեև մեր անմիջական մասնակցությունը փոքր չի եղել այս պատերազմում՝ հաղթանակը իբրև խորհրդային պետության մի մաս, ռազմական գործում մեր հայրենակիցների հերոսացումները խորհրդային միության հերոսից սկսյալ մինչև մարշալներ, միևնույն է, մենք բավականաչափ ինքնուրույն չէինք այսքան կարողականության պայմաններում ապահովել Հայաստանի տարածքների ազատագրումը: Ահա թե ինչու կարծում եմ, որ այս դասը ներկայում հիմնական է դառնում՝ սեփական ազգի ճակատագրի որոշման հարցում լինել ինքնուրույն, ձևավորել ազգային գաղափարախոսություն, ապահովել այն կրող և կյանքի կոչող պետական մտածողության կադրային համակարգ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:30 Մայիս 29, 2015

Ամենաընթերցված նյութեր